«Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի շնորհանդեսը

«Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի շնորհանդեսը
Արմինե Անդայի «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպը 2011թվականին արժանացել է Orange գրքի մրցանակի: Հեղինակը գիրքը գրել է 6 ամսում, բայց հետագա տարիներին աշխատել է, կատարել մի շարք փոփոխություններ: Գիրքը տպագրվել է «Փրինթինֆո» հրատարակչության կողմից:



 



Գիրքը ներկայացնող ֆեյսբուքյան էջում գրված է. ««Անկիմյուրի բնակիչները» մի երեւակայական աշխարհի մասին է, որտեղ ապրում են ոչ միայն մարդիկ, այլեւ ամենատարբեր ԱՐԱՐԱԾՆԵՐ. նիմբլյումներ, տանոտնուկներ, պերիսետներ»:



 



Ընդհանրապես մեզ մոտ ֆենթըզի ժանրում գրված ստեղծագործությունների պակասը զգացվում է, իսկ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական մյուս երկրներում այն ամենապահանջվածն է, եւ «Անկիմյուրի բնակիչները» վեպը, իմ կարծիքով, առաջին լուրջ քայլն է ժանրի զարգացման համար: Արմինե Անդան վեպը գրել է ոչ միայն երեխաների համար, այլեւ մեծահասակների, ովքեր դեռեւս երեւակայական աշխարհներում լինելու մեծ պահանջ են զգում: «Հոբիթի», «Հարրի Փոթերի» նման ստեղծագործությունները, կարելի է ասել, ներխուժեցին համաշխարհային գրականության պատմություն ու իրենց հաստատուն տեղը գտան` նույնքան սիրվելով մեծահասակների կողմից:



 



Երեկ «Նարեկացի արվեստի կենտրոնում» հատուկ երեխաների համար տեղի ունեցավ «Անկիմյուրի բնակիչների» շնորհանդեսը, որին մասնակցում էին Սիամանթոյի անվան  162 դպրոցի սաները, նրանց ուսուցիչները: Արմինեն երեխաներին պատմեց գրքի մասին, ներկայացրեց Անկիմյուրների աշխարհը, որտեղ ապրում են հեքիաթային հերոսներ, որոնց իրականությունը, տեսքը, ապրելաձեւը, գաղափարները, տրամաբանությունը տարբերվում են ճանաչելի աշխարհից, ընթերցեց հատվածներ: Արմինեն հիշեցրեց, որ շուտով «Նարեկացի կենտրոնում» պատրաստվում է անցկացնել դասընթացներ` հատուկ հեքիաթասացների համար, որտեղ ցանկացողները հնարավորություն կունենան հորինել իրենց իրականությունը, կիսվել տպավորություններով:



 



Գիրքը վաճառվում է Երեւան քաղաքի փոքրաթիվ գրախանութներում: