«Hollywood Non-Stop» համերգային ծրագիր

«Hollywood Non-Stop» համերգային ծրագիր
Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի համատեղ ասուլիս, որին մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:



 



Բանախոսները տեղեկացրին, որ մայիսի 15-ին եւ 16-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաեւ «Hollywood Non-Stop» համերգային նախագիծը։ «Hollywood Non-Stop»-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ «Hollywood Non-Stop»-ն ամերիկյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիների ներկայացում է։ Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունների կատարման թույլտվությունը հատուկ ձեռք է բերվել ֆիլմերի արտադրողներից:



 



«Hollywood Non-Stop» ծրագիրն արդեն վայելում է հանդիսատեսի սերը։ Այն մեկնարկել է 2012 թվականին եւ ներկայացվել երեւանյան ութ բուհում, որտեղ ավելի քան 6 հազար ուսանող է ունկնդրել հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։



 



2013 թվականին «Hollywood Non-Stop»-ը ներկայացվել է նաեւ հանրապետության մարզերում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս բոլոր քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Երիտասարդական նվագախմբի ջանքերը։



 



Այս համատեղ ծրագրի նպատակն է մատչելի եւ հասանելի երաժշտությամբ երիտասարդներին ուղղորդել դեպի դասական երաժշտություն:



 



Այսուհետեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: