«Դորիանսի» ելույթին սպասելիս

«Դորիանսի» ելույթին սպասելիս
Նախօրեին Շվեդիայի Մալմյո քաղաքում  տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2013» միջազգային երգի մրցույթի պաշտոնական բացումը, որին այս տարի մասնակցում են 39 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 16-ին, եզրափակիչը՝ 18-ին:



 



Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին, 11 համարի տակ: Եթե մի քանի ամիս առաջ բուքմեյքերները «Դորիանսին» առաջին տասնյակում 7-8-րդ տեղն էին տալիս, ապա հիմա, ինչպես տեղեկացնում է Bookmakersrating կայքը, նրանք «Դորիանսին» չեն տեսնում լավագույն տասնյակում: Կատարողների լավագույն տասնյակում են Դանիայի, Գերմանիայի, Վրաստանի, Սան Մարինոյի, Նորվեգիայի, Շվեդիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության ներկայացուցիչները: Փոխարենը Գոռ Սուջյանը, ըստ [email protected]ի, ընդգրկվել է «Եվրատեսիլ-2013»-ի ամենաարտասովոր տղամարդկանց թոփ տասնյակում՝ որպես գոթական արտաքինով տղամարդ: EuroVisionary.com կայքի մեկնաբանն էլ Գոռ Սուջյանի փորձը դիտելուց հետո բավական քննադատական եզրակացություն է արել՝ «Սա կարող է «Եվրատեսիլի» արդեն երկրորդ անընդմեջ եզրափակիչը լինել առանց Հայաստանի ներկայացուցչի...»: Բայց մյուս կողմից էլ Շվեդիայից Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակությունն այլ բան է հաղորդում, մասնավորպես պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ խմբի առաջին փորձից գոհ են մնացել անգամ «Եվրատեսիլի» կազմակերպիչները, հաճոյախոսություններն էլ Գոռ Սուջյանի ձայնային տվյալների մասին չեն դադարում, իսկ լրագրողների հետ նախատեսված 40 րոպեանոց հանդիպումը տեւել է մոտ երկու ժամ:



 



Բայց եթե «Դորիանսին» աջակցում է լեգենդար ռոք երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, ով տեսաուղերձով կոչ է արել իր եվրոպացի երկրպագուներին մայիսի 16-ին կայանալիք «Եվրատեսիլի» կիսաեզրափակչում քվեարկել «Դորիանսի» օգտին, ապա ռուսական շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներից Ֆիլիպ Կիրկորովն էլ աջակցում է «Եվրատեսիլի» ադրբեջանցի մասնակցին: Մասնավորապես, Կիրկորովը մասնակցում է ադրբեջանցի երգիչ Ֆարիդ Մամադովի համարի նախապատրաստությանը: Երգիչն ադրբեջանական խմբին իր կոլեկտիվից տրամադրել է լավագույն պարողին: Մինչդեռ կես տարի առաջ Բաքվում Ֆիլիպ Կիրկորովի համերգը չեղյալ հայտարարվեց հենց միայն այն պատճառով, որ երգչի հայրը` Բեդրոս Կիրկորովը, մրցույթներից մեկի ժամանակ աջակցում էր հայաստանցի երիտասարդ մի երգչի: Երեկ մամուլում հայտնվեց նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կոչը, ուղղված սփյուռքի մեր հայրենակիցներին՝ «Եվրատեսիլ-2013»-ին  քվեարկելու Գոռ Սուջյանի օգտին:



 



Նախարարը, գործի դնելով իր խոսքի ճարտասանությունը, այսպես էր դիմել սփյուռքահայերին. «Ես դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին լի է հայկականությամբ, ով պատրաստ է իր ներդրումն ունենալու «Հայաստան» անունը միջազգային մրցույթում բարձր պահելու գործում: Յուրաքանչյուր հաղթանակով պայմանավորվում է ազգի հավաքականությունը, հավատն ու միասնականությունը: Վստահ եմ, որ Հայրենիքի եւ Սփյուռքի մեր հայրենակիցների տիեզերական էներգետիկան, աղոթքը փոխանցվում է մեր մասնակցին, ուժ, դրական լիցքեր հաղորդում նրան»: Մնում է սպասել ու տեսնել, թե համընդհանուր աղոթքն ու տիեզերական էներգետիկան ինչ արդյունք կտան նախ կիսաեզրափակչում, իսկ հետո էլ արդեն մրցույթի եզրափակչում: