Դա միայն թվում է, թե բալալայկան անլուրջ գործիք է

Դա միայն թվում է, թե բալալայկան անլուրջ գործիք է
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում  տեղի ունեցավ «Ազգային Պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Իններորդ փառատոնի շրջանակներում Ռուսաստանից հրավիրված վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովի եւ դաշնակահարուհի Նատալյա Շատոխինայի մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին նաեւ Փառատոնի հիմնադիրներ` «Արվեստների Պատկերասրահ» Մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը եւ հիմնադրամի տնօրեն Գարիկ Նազարյանը: Գորբաչովը նշեց, որ բալալայկան երիտասարդ գործիք է եւ ունի ընդամենը 120 տարվա պատմություն: Երաժշտի կարծիքով չնայած բալալայկան ոչ լուրջ գործիքի տպավորություն է թողնում եւ շատ հաճախ այն ասոցացնում են միայն ֆոլկլորի հետ, բայց այսօր այդ գործիքով նաեւ դասական գործեր են նվագում, դրա վկայությունն այն է, որ այսօր 10-նյակ կոնցերտներ եւ ստեղծագործություններ են գրվում բալալայկայի համար: Բալալայկահարը խոստացավ վաղը ներկայացնել այդ գործիքի ուրիշ կողմը, նշելով, որ պատրաստվում է վաղվա համերգին բալալայկայով նվագել Բիզեի «Կարմենը», Պագանինիի «Կապրիզը»: Բացի այդ վաղը կայանալիք  համերգի ընթացքում հանրահայտ երաժիշտները հանդես կգան ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների՝ բալալայկայի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների, մշակումների և փոխադրումների կատարմամբ: Ի դեպ ասուլիսի վերջում երաժիշտները հատուկ լրագրողների համար հանդես եկան հատուկ համարով: