Հ1-ի եվրատեսիլյան լռությունը կամ ոչ մի լուր «Դորիանսի» մասին

Հ1-ի եվրատեսիլյան լռությունը կամ ոչ մի լուր «Դորիանսի» մասին
Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2013-ի» եզրափակչում է: Ու չնայած տարբեր կայքերի հարցումներին, թե խումբն առանձնապես ֆավորիտ չի համարվում իր ենթախմբում, որտեղ նրան տարբեր բուքմեյքերները տվել էին նախավերջին տեղը, այնուամենայնիվ, խումբը հրաշալի ելույթ ունեցավ կիսաեզրափակչում եւ անցավ եզրափակիչ:



 



Ավելին` «Եվրատեսիլի» ողջ պատմության մեջ մեր երկրից ամենաանթերի, ինքնավստահ ելույթը հենց «Դորիանսինն» էր, անթերի ոչ միայն վոկալի, երաժշտական առումով, այլ նաեւ բեմական համարի մասով: Թերեւս բեմական համարի մինիմալիզմը մեծ հաշվով կախված էր նաեւ ֆինանսի բացակայությունից: «Դորիանսի» վրա առավել, քան «Եվրատեսիլի» նախորդ հայաստանյան մասնակիցների վրա, շատ քիչ գումար էր ծախսվել, ինչը երեւում էր անգամ բեմական համարից,  պրոմո տուրերի սակավությունից, փոքր պատվիրակությունից, որպես այդպիսին երկրպագուների խմբի, խմբի մասին պատմող հոլովակների ու գովազդային վահանակների բացակայությունից, ինչպես նաեւ Հ1-ի արտասովոր լռությունից: Հանրայինի կայքում «Եվրատեսիլի» մասին ամենավերջին ինֆորմացիան վերաբերում է մարտի 2-ին, երբ «Եվրատեսիլ» մեկնելու համար ուղիղ եթերում ընտրվեց «Դորիանս» խումբը:



 



Դրանից հետո անցել է 2 ամիս, խումբը հասել է «Եվրատեսիլ», ունեցել հանդիպումներ, մամլո ասուլիսներ, շրջագայություններ եւ, վերջապես, կիսաեզրափակչից անցել եզրափակիչ, բայց այդ ամենի մասին ոչ մի բան գրված չէ Հանրայինի կայք-էջում: Կարելի է կարծել, որ Հանրայինը կամ չի սատարում իր կողմից ընտրված մասնակցին, կամ էլ հատուկ լուրջ ֆինանսավորում է պահանջվում մի լուր կամ մի լուսանկար կայքում տեղադրելու համար: Անգամ երգի համահեղինակ, լեգենդար ռոք երաժիշտ Թոնի Այոմին էր իր էջում տեսաուղերձ տեղադրել եւ կոչ արել բոլորին քվեարկել «Դորիանսի» օգտին, բայց Հանրայինը քար լռություն է պահպանում: Ինչն առնվազն տարօրինակ է ու անհասկանալի, ու դա նաեւ այն դեպքում, որ «Դորիանսն» այն միակ մասնակիցն էր, ում «Եվրատեսիլ» մեկնելուն արդեն մի քանի տարի է՝ բոլորն էին սպասում: Ու չնայած երգի ոչ հաջող ընտրությանը, խմբին սատարում ու նրա համար ցավում էին բոլորը:



 



Ինչեւէ, ինչպես տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայք-էջից եւ ոչ Հանրայինի կայքից,  խումբն այսօր ելույթ կունենա 12-րդ համարի տակ: «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթի եզրափակչում ելույթ է ունենալու 26 կատարող, հետեւյալ երկրներից.  Ֆրանսիա, Լիտվա, Մոլդովա, Ֆինլանդիա, Իսպանիա, Բելգիա, Էստոնիա, Բելառուս, Մալթա, Ռուսաստան, Գերմանիա, Հայաստան, Նիդեռլանդներ, Ռումինիա, Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Հունգարիա, Դանիա, Իսլանդիա, Ադրբեջան, Հունաստան, Ուկրաինա, Իտալիա, Նորվեգիա, Վրաստան, Իռլանդիա: Հաջողություն մաղթենք մեր տղաներին: