«Երեք իրիսներ»`Ղարաբաղյան պատերազմի մասին

«Երեք իրիսներ»`Ղարաբաղյան պատերազմի մասին
Մայիսի 28-ից հունիսի 2-ը Երևանում կանցկացվի «ՆՈՖԻ» երրորդ միջազգային, ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնը , որին այս տարի մասնակցում է 45 ֆիլմ՝ 24 երկրից՝ Եվրոպայից, Ամերիկայից և Ասիայից: Փառատոնին մասնակցող ֆիլմերի 30%-ը՝ 17 ֆիլմ, հայկական է։ Փառատոնը կազմակերպում է «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը»: փառատոնի ընթացքում կցուցադրվեն պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ֆիլմեր 5 անվանակարգով` հեղինակային, պրոֆեսիոնալ, ուսանողական, լավագույն ռեժիսոր ու լավագույն օպերատոր: Փառատոնի 5 հաղթողներին որոշելու է ժյուրին: Լավագույն հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 Համաշխարհային անկախ ֆիլմերի փառատոն: Ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի անվանակարգում ներառված է 24 ֆիլմ, որոնք ներկայացվեցին երեկ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Ֆիլմերից մեկն էլ ղարաբաղցի լրագրող Քնար Բաբայանի թվով 2-րդ կարճամետրաժ «Երեք իրիսներ» ֆիլմն է: Ֆիլմը պատմում է ղարաբաղցի մեկ այլ աղջկա` Արմինեի մասին, ով պատերազմում կորցրել է ամենաթանկը` հորն ու փոքրիկ եղբորը, իսկ երեք իրիսների քաղցրությանը, որ ամեն անգամ հայրը բերում էր իր ու երկու եղբայրների համար, ոչինչ չի փոխարինի: Քնարն ասում է, որ իր համար դժվար էր պատմել Ղարաբաղյան պատերազմի մասին այնքանով, որ ինքն էլ հերոսուհու հասակակիցն է, ունի շատ հիշողություններ պատերազմից. «ու ընդհանրապես Ղարաբաղից դուրս երկու տարի ապրելով սկսեցի ավելի զգայուն լինել այդ հիշողությունների նկատմամբ, դա առաջին հերթին հոգեբանական ճնշում է, բայց մարդկանց պատմությունները որ լսում ես, չես կարող անտարբեր լինել»,-ասում է Քնարը ու պատմում, որ այսօր մարդիկ դեռ շարունակում են ապրել այդ վախով եւ միակ ցանկությունը, որ այսօր ունի ղարաբաղցին, որ հանկարծ կռիվ չլինի նորից:



 



(Լուսանկարում ֆիլմի հերոսուհին է` Արմինե Նարինյանը)