Պռոշյանցիները պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի

Պռոշյանցիները պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի
Մայիսի 27-ին Պռոշյանում հրավիրվել էր ժողով՝ քննարկելու համայնքի դպրոցի հետ կապված մի շարք խնդիրներ: Արդեն յոթ ամիս է, ինչ թափուր է դպրոցի տնօրենի աթոռը: Շուրջ վեց տասնամյակ առաջ կառուցված դպրոցական շենքը փլուզման եզրին է: Քայքայված է շենքի տանիքը, որի պատճառով ձնհալի եւ անձրեւաջրերը ներս են լցվում: Չի գործում կոյուղին, որի պատճառով չեն գործում նաեւ զուգարանները:



 



Կա ընդամենը մեկ կիսատ-պռատ զուգարան՝ պարզապես անունով: Աշակերտները կարիքները հոգալու համար գնում են տուն: Խցանված կոյուղու պատճառով կեղտաջուրը լցվում է դպրոցի բակ: Այս իրավիճակի մասին բազմիցս ահազանգել են կրթության եւ գիտության նախարարություն, Կոտայքի մարզպետարան: Մարզպետարանից ստացվել է մի զավեշտալի ու տարօրինակ պատասխան. դիմումը քննարկվել է, եւ առաջարկվում է, որ ուսուցչական կոլեկտիվն իր միջոցներով վերանորոգի զուգարանն ու կոյուղին: Ըստ նախնական հաշվարկների՝ վերանորոգման ծախսերը կկազմեն 15-16 միլիոն դրամ:



 



Այս խնդիրները շատ պռոշյանցիների ստիպել է իրենց երեխաներին տեղափոխել մայրաքաղաքի դպրոցներ: Այնուհանդերձ, Պռոշյանի դպրոցում այժմ սովորում է 780 աշակերտ: Իսկ շենքը նախատեսված է ընդամենը 300 աշակերտի համար: Ստիպված անցել են եռահերթ ուսուցման: Պռոշյանցիների բողոքին Կոտայքի մարզպետարանից պատասխանել են, որ դպրոցը վերանորոգման հեռանկարային ծրագրի մեջ է ընդգրկված 2015 թվականից հետո: Այսինքն՝ դպրոցական շենքի վերջնականապես քայքայումից, ուսուցիչների եւ աշակերտների վերջնական բարոյալքումից հետո: Մինչդեռ նախկինում դպրոցը տվել է բազմաթիվ սաներ, որոնցով առայսօր պարծենում են պռոշյանցիները: Դպրոցը յուրատեսակ հայրենասիրության օրրան է եղել, վկան Արցախյան ազատամարտում բազում պռոշյանցիների կամավոր մասնակցությունն է, մարտի դաշտում սխրանքներ կատարելը, հերոսանալը: Եվ հերոսներից մեկի՝ Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) անունն է այսօր կրում Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ավագ դպրոցը:



 



Այս իրավիճակը ժողովականներն առաջին հերթին կապեցին դպրոցի տնօրենի բացակայության հետ, իսկ դա՝ Կոտայքի մարզպետարանի եւ ԿԳ նախարարության հանցավոր անտարբերության հետ: Ինչպես նշեց ուսուցիչներից Արմեն Խաչատրյանը, երկու անգամ տնօրենի մրցույթ է հայտարարվել (վերջինը՝ մայիսի 21-ին), սակայն այն չի կայացել խորհրդի անդամների բացակայության պատճառով:  Երկու անգամ էլ չեն ներկայացել ԿԳ նախարարության մեկ եւ Կոտայքի մարզպետարանի կողմից նշանակված երկու ներկայացուցիչներ: Հաջորդ մրցույթը հայտարարված է հունիսի 8-ին: Զարմանալի է, որ ժողովին Կոտայքի մարզպետարանից ներկայացուցիչ չկար: Սակայն ներկա էր եւ ելույթ ունեցավ Նաիրիի ոստիկանության բաժնի նորանշանակ պետ Սեյրան Մարտիրոսյանը: Նա իր ներկայությունը հիմնավորեց՝ իբր նորանշանակ է եւ եկել է ծանոթանալու պռոշյանցիների խնդիրներին: Փաստորեն ստացվում է, որ որտեղ չի հասնում իշխանության ձեռքը, հասնում է Վովա Գասպարյանի բազմաֆունկցիոնալ նախարարության ձեռքը: Եվ ի՞նչ, դպրոցի հարցը միլպե՞տն է լուծելու:



 



Ժողովը վարող Աղվան Սահակյանն ասաց, որ նույն խրամատում են կռվել Սերժ Սարգսյանը եւ Պետրոս Ղեւոնդյանը, եւ ինքը համոզված է, որ Սերժ Սարգսյանն անտեղյակ է ստեղծված իրավիճակից, այլապես հարցն այսքան չէր ձգձգվի: Պռոշյանցիները համոզված են, որ հունիսի 8-ի մրցույթն էլ է ձախողվելու է, ուստի դիմելու են կառավարությանը, Ազգային ժողովին եւ հանրապետության նախագահին: Նրանք պատրաստ են գյուղովի ոտքով հասնել Երեւան՝ կառավարության, ԱԺ շենք եւ նախագահի նստավայր:



 



Ինչպես տեղեկացանք, յոթ ամիս առաջ ազատված տնօրենին դեմ է եղել մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Տնօրենը, լինելով Պետրոս Ղեւոնդյանի հայրենակիցը եւ համադասարանցին, համայնքապետի ընտրությունների ժամանակ բացահայտ պաշտպանել է հանգուցյալ դաշնակցական Հրաչ Մուրադյանի թեկնածությունը, ինչի պատճառով ստուգումների շարան է անցկացվել դպրոցում: Պռոշյանցիները շեշտում են, որ քաղաքական ենթատեքստ չեն ուզում փնտրել առաջացած խնդիրներում, սակայն, ըստ լուրերի, Կովալն այստեղ տնօրենի հարմար թեկնածու չի գտնում եւ իր մարդկանց հրահանգում է չներկայանալ մրցույթին եւ ձախողել ընտրությունները: Այնուհանդերձ, ինչպես նշեցին ժողովականները, Պռոշյանը ոչ թե թուրքական, այլ հայկական համայնք է, եւ նրանք չարամիտ իշխանություններին կստիպեն լրջորեն մոտենալ համայնքի, դպրոցի, առավել եւս լավագույն ավանդույթներ ունեցող եւ հերոսներ կրթած դպրոցի խնդիրներին:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ