Որոշվել է Օձունի եկեղեցին վերականգնել իր սկզբնական տեսքով

Որոշվել է Օձունի եկեղեցին վերականգնել իր սկզբնական տեսքով
Այս տարվա մայիսի 18–ին,  ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարությամբ հրավիրել էր մասնագետներին մասնակցելու Օձունի տաճարի վերականգնման աշխատանքների նախագծային տարբերակների քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են ցանկություն հայտնած մասնագետները, մասնավորապես՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՊՀ), Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ճարտարապետների միության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնի, Հայ-իտալական ծրագրի վերականգնող ճարտարապետները, արվեստաբանները, ինչպես նաև «Հազարաշեն» պատմամշակութային հիմնադրամը:



Մայիսի 22-ին, ժամը 17:00-ին Ճարտարապետության ազգային ինստիտուտ–թանգարանի դահլիճում տեղի է ունեցել բաց մասնագիտական քննարկում ՀՀ Լոռու մարզի Օձունի տաճարի վերականգնման նախագծի վերաբերյալ: Մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները, նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները, վերը նշված կազմակերպությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության ազգային ինստիտուտ–թանգարանի տնօրենը, հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ: Մինչ Ճարտարապետության ազգային ինստիտուտ–թանգարանի դահլիճում տեղի ունեցած բաց մասնագիտական քննարկումը, Օձունի տաճարի վերականգնման նախագիծը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի չորս և երկու արտագնա նիստերում, ընդ որում ներկայացված են եղել քննարկման մի քանի տարբերակներ:



Վերջին, Ճարտարապետության ազգային ինստիտուտ–թանգարանում կայացած բաց քննարկմանը՝ հեղինակի կողմից ներկայացվել է հերթական ցուցադրական նյութ` եկեղեցու վեղարի, ծածկերի (քարե ծածկասալերով և կղմինդրով) և քիվագոտիների իրականացման գիտամեթոդական տարբերակներով:



Քննարկման արդյունքում որոշվել է վերականգնել և ամրակայել հուշարձանը այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ, այսինքն՝ բաց քննարկման որոշումը համապատասխանում է ՀՀ մշակույթի նախարարության վերջին գիտամեթոդական խորհրդի 16.04.2013 թ. կայացած նիստի որոշմանը, այն է`



◆Վերահաստատել եկեղեցու ծածկերի իրականացման քարե ծածկասալերով տարբերակը:



  • ◆Առաջարկել նախագծի ճարտարապետ` Մ. Հակոբյանին հնարավոր սեղմ ժամկետում, կայացած որոշմանը համապատասխան լրամշակել նախագիծը և ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն` համաձայնեցման:


  • ◆Վերականգնել և ամրակայել հուշարձանը այն տեսքով, ինչպես որ հասել է մեզ:


  • ◆Ի հայտ եկած գիտական խնդիրները և նյութը պահպանել, ցուցադրել և հանրահռչակել: