«Դիալոգներ» Դիանա Կարդումյանից

«Դիալոգներ» Դիանա Կարդումյանից
Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ երիտասարդ կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Գլխավոր դերերում ներգրավված են դերասաններ Արմեն Մարգարյանն ու Նարինե Գրիգորյանը: Ֆիլմը տրամադրող է, այն առաջին հերթին հանդիսատեսին գրավում է հենց իր գունային տրամադրությամբ, կադրերի գեղեցկությամբ, էկրանից եկող բարձր էսթետիկայով, որն ընդհանուր առմամբ կարելի է արդեն ռեժիսոր Դիանա Կարդումյանի ձեռագիրն անվանել, ինչը տեսնում ենք նաեւ նրա նախորդ կարճամետրաժներում` «Գալաթայում», «Աշնան արեւում»:



Ռեժիսորի վերջին` երեսուն րոպե տեւողությամբ այս ֆիլմը երկուսի դիալոգն է, նրանց սիրո երկխոսությունը` երբեմն առանց բառերի, լուռ, որ տասը տարի առաջ սկսվել ու մինչեւ հիմա դեռ շարունակվում է: Դրան վկա են գիշերային Երեւանը, սիրած սրճարանը, պահակը, փողոցները: Դրվագ առ դրվագ մեր առաջ բացվում է նրանց սիրո պատմությունը: Սա այն դիալոգներից է, որ ի շնորհիվ դերասանական զգայուն ու արտահայտիչ խաղի, կարիք չի զգում շատախոս բառերի, կադրերն ասում են ավելին` սերը եղել է, կա ու կլինի, թեկուզ առջեւում կա բաժանում, անդառնալիության զգացում, բայց միեւնույն է, այն չի մարի, պարզապես հետո կշարունակի ապրել սիրած տղամարդու օծանելիքի բույրի մեջ, սիրած աղջկա ձեռքերի լուսանկարում: Ֆիլմում դիալոգներին զուգահեռ, կարծես կադրից դուրս, իրենց սիրո մասին հերոսները խոսում են նաեւ առանց գրիմ, առանց ենթաշերտերի: Կնոջ համար, երեսունից հետո, երջանկությունն առանց ընտանիք արդեն անհնար է թվում, ինչքան էլ որ լինես հաջողակ քո գործում ու կարիերայում: Տղամարդու համար ամուսնությունը կաշկանդում է սերը, նա միշտ էլ վախեցել է դրանից, որովհետեւ ամուսնությունից հետո կան ավելի շատ պարտականություններ, քան սեր: Ու երեւի հենց դրա համար է, որ նա միշտ վերադառնում է դեպի այդ տարօրինակ աղջիկը, ով նրան չի կաշկանդել երբեք, այլ տվել է սեր` կենցաղի դիմաց, ազատություն` պարտականությունների դիմաց: Ֆիլմը դիալոգ է ոչ միայն երկու սիրող մարդկանց միջեւ, այլ նաեւ սիրած քաղաքի հետ: Այդ սերը տեսանելի է ֆիլմի յուրաքանչյուր կադրում, գիշերային Երեւանի սահող ու ջերմ պատկերներում: Երեւանը ֆիլմի օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի կադրերում տաք է, ջերմ, գրկող, թվում է` Փարիզից էլ առավել սիրո պատմություններ կան այս քաղաքում, որ սպասում են իրենց պատմվելուն: