«Ժաննան և ձայները» սպասում են հայ հանդիսատեսին

«Ժաննան և ձայները» սպասում են հայ հանդիսատեսին
Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն ունեցել է 7 միջազգային պրեմիերա և Հայաստանում ցուցադրվել միայն ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնում, կունենա եռօրյա կինոթատրոնային ցուցադրություն:Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները»  լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել 2011 թվականի հոկտեմբերին` Հարավային Կորեայում` Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական միջազգային մրցույթում: 2012-ին ֆիլմը պատիվ ունեցավ հրավիրվելու` ունենալու իր եվրոպական պրեմիերան Շվեդիայում` հեղինակային կինոյի ամենահայտնի կինոփառատոներից մեկում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում, մի փառատոն, որի պատվավոր նախագահը մինչ իր մահվան օրը եղել է Ինգմար Բերգմանը: Իսկ Ամերիկյան պրեմիերայի համար` այն բացարձակ հեղինակային մի ֆիլմ, ընտրվեց Ամերիկայի ամենամեծ հանդիսատես ունեցող փառատոնի` Սիեթլի կինոփառատոնի կողմից: Ֆիլմն ունեցել է նաև այլ միջազգային պերմիրաներ, իսկ Հայաստանում ցուցադրվել միայն ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնում:



Ֆիլմն արտադրված է ՀՈՇԿԻ ՖԻԼՄ կինոընկերության կողմից, որին աջակցել են Մշակույթի Նախարարությունը, Ազգային կինոկենտրոնն ու ՈՍԿԵ ԾԻՐԱՆ հիմնադրամը: «Ժաննան և ձայները» ռեժիսորի և ֆիլմի հիմնակազմի 90 տոկոսի` սցենարիստների, պրոդյուսերի և բեմադրող օպերատորի, առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ժաննայի դերում հանդես է գալիս Արմինե Անդան:



Հունիսի 7,8,9-ին, ժ.19.00-ին «Ժաննան և ձայները» կունենա եռօրյա կինոթատրոնային ցուցադրություն` Նաիրի կինոթատրոնում: Ֆիլմի անձնակազմը սպասում է հայ հանդիսատեսի հետ իր երկար սպասված հանդիպմանը...