Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին

Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին
Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Երևանում անցկացվող արդեն տասներորդ՝ հոբելյանական փառատոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ նախաձեռնողներին և իրականացնողներին:Մենք դեռ շատ անելիքներ ունենք համաշխարհային կինոքարտեզի վրա մեր դիրքն ամրապնդելու համար, ուստի առանձնահատուկ կարևորություն ունի «Ոսկե ծիրանի»` տարածաշրջանում առաջնային կինոփառատոն լինելու փաստը: Անցած տասը տարիների ընթացքում համաշխարհային կինոյի բազմաթիվ նշանավոր գործիչներ իրենց համար նորովի բացահայտեցին Հայաստանը՝ դառնալով մեր երկրի հարազատ ու նվիրյալ բարեկամները: Անուրանալի է, որ այսպիսի փառատոնը մեծ պատիվ է ցանկացած երկրի համար և հիանալի առիթ` մշակութային նոր կապեր հաստատելու ուղղությամբ: Դա է վկայում փառատոնի մասնակիցների ընդարձակ աշխարհագրությունը, ինչպես նաև միջազգային լայն լսարան ունեցող մի շարք լրատվամիջոցների հետաքրքրությունը «Ոսկե ծիրանի» և մեր երկրի հանդեպ:



Շատ կարևոր է փառատոնի` ազգային կինոյի զարգացմանը նպաստելու առաքելությունը և «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցի հիմնադրումը: Այսօր արդեն փառատոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերը Հայաստանն են ներկայացնում միջազգային բազում կինոհարթակներում: «Ոսկե ծիրանի» տասնամյա հագեցած պատմությունը գնահատելի և խրախուսելի իրողություն է, որը հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը:



Հարգելի՛ բարեկամներ,



Կրկին ողջունում եմ տասներորդ` հոբելյանական կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին: Հորդորում եմ ձեզ հավատարիմ լինել «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ» նշանաբանին և պահապանել ու խորացնել փառատոնի կարևոր ձեռքբերումներն ու բարձր հեղինակությունը: Կազմակերպիչներին մաղթում եմ ուժ և եռանդ, որպեսզի նույն կորովով շարունակեն տասը տարի առաջ սկսած իրենց ազնիվ գործը: