Ռայմոնդ Պաուլսը կգա Երևան

Ռայմոնդ Պաուլսը կգա Երևան
Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  ջազմեն Լևոն Մալխասյանի և Երևանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանի հետ միասին, Ռայմոնդ Պաուլսի հրավերով հյուրընկալվել են լատվիացի հայտնի երգահանին:  Ողջունելով քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին՝ Ռայմոնդ Պաուլսը նախ շնորհավորել է հյուրերին Երևանի և Ռիգայի միջև եղբայրացման համաձայնագիր կնքելու կապակցությամբ:



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ Ռիգայի հետ փոխշահավետ համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի, այդ թվում նաև մշակույթի ոլորտում: Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին հրավիրել է աշնանը մասնակցելու <<Էրեբունի-Երևան 2795>> տոնակատարություններին:



Հայտնի երգահանը սիրով ընդունել է Տարոն Մարգարյանի հրավերն ու խոստացել անպայման այցելել Երևան և երևանցիների հետ միասին տոնել քաղաքի օրը: