Տոնն սկսված է

Տոնն սկսված է
Ուղիղ մեկ շաբաթ մեր քաղաքի բնակիչները կարող են վայելել ոսկեգույն ծիրանն ու դիտել հեղինակային կինոյի լավագույն ստեղծագործություններից:



 



Երեւանում տոն է:



 



Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը, որին սպասում ենք դեռ գարնան սկզբից: Ոչ հարուստ քաղաքային կյանքը եւ, կարելի է ասել, ընդամենը մեկ կինոթատրոն ունեցող Երեւանը հնարավորություն ունի մասնակից լինելու արվեստի եւ մասնավորապես կինոաշխարհում տեղի ունեցող նոր գործընթացներին, ժամանակավորապես ինտեգրվելու ու կապվելու դրանց հետ:



 



«Ոսկե ծիրանը» 10 տարեկան է:



 



10 տարին կարծես մի կրակոցի պես անցավ: Սկզբում նրա կայացմանը թերահավատորեն էին վերաբերվում, հետո համոզվեցին ու սպասեցին: Հիմա նույնիսկ կարելի է հուշեր գրել, դրվագներ այս տասնամյա պատմությունից:



 



Ինչեր ասես, որ չի տեսել փառատոնը՝ հիասթափություններ, երջանկության ճիչեր, ներխուժումներ առանց տոմսի, նոր սանրվածքների ու հագուստների ցուցադրումներ, շոգեհարված մարմիններ, լայնաբերան ժպիտներ ու սպասասրահի նույն նստարանին նույն համակարգիչը գրկած դեմքեր, ջղային քննադատներ, ինքնակոչ կինոգետներ, մարդկանց, որոնք կյանքում առաջին անգամ են մտնում կինոդահլիճ, բարուրի երեխաներ, դեկորատիվ շներ: «Ոսկե ծիրանն» ամառային տապից արթնացող կյանքի իսկական շքերթ է, որ հարստանում է ու ավելի հետաքրքրանում քաղաքի յուրաքանչյուր բնակչի մասնակցությամբ:



 



«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են այցելել կինոաշխարհի մեծ վարպետներ Վիմ Վենդերսը, Թեո Անգելոպուլոսը, Աբաս Քյարոսթամին, Զանուսին, Սոկուրովը, Սոլովյովը եւ ուրիշներ: Այս տարի փառատոնը եւս հարուստ է անվանի անուններով՝ Շառլ Ազնավուր, Արտավազդ Փելեշյան, Յոս Ստելինեգ, Իշտվան Սաբո: Կինոփառատոնը կպահպանի ավանդույթ դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այս տարի կներկայացվեն նաեւ «Վրացական կինո», «Քույր փառատոններ», «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» հատուկ ծրագրերը: Կլինեն վարպետության դասեր: Մի խոսքով, «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը, հավատարիմ մնալով իր լավագույն ավանդույթներին, խոստանում է ուշագրավ օրեր եւ բարձրակարգ ֆիլմերի ներկայացում: Տոնն սկսված է: