Դահլիճը դատարկվում էր, երբ Ազնավուրը չէր էլ հեռացել

Դահլիճը դատարկվում էր, երբ Ազնավուրը չէր էլ հեռացել
Չնայած «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի թվում են այնպիսի աշխարհահռչակ կինոանուններ, ինչպիսիք են Արտավազդ Փելեշյանը, Իշտվան Սաբոն, Քշիշտով Զանուսին, Ատոմ Էգոյանը, Ռոման Բալայանը եւ էլի շատ ու շատ աշխարհահռչակ կինոռեժիսորներ, այնուամենայնիվ, «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր իրադարձությունը, միանշանակ, կարելի է համարել Շառլ Ազնավուրի ներկայությունը:



 



Նախ, մինչեւ փառատոնի բացումը «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում, հենց շանսոնիեի անմիջական մասնակցությամբ, տեղի ունեցավ նրա անվան աստղի բացումը, որից հետո Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սկսվեց փառատոնի պաշտոնական բացումը: Չնայած հանրապետության նախագահը ներկա չէր բացմանը, բայց կարեւորը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հուզմունքով կարդաց նրա ողջույնի խոսքը, այնքան հուզմունքով, որ 4 անգամ սայթաքեց «հանրապետության նախագահ» բառերն արտասանելիս: Փոխարենը միջոցառմանը ներկա էին նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը. վերջիններիս էլ բախտ էր վիճակվել Ազնավուրի հետ կիսել նույն օթյակը: Նույն բախտը, սակայն, չէր վիճակվել աշխարհահռչակ ռեժիսոր, մեծն վավերագրող Արտավազդ Փելեշյանին, ում անունը լսելիս հանդիսատեսը ծափողջույններով ոտքի կանգնեց ու նրա ներկայությունն էր փնտրում օթյակում` Ազնավուրի կողքին: Բայց վարպետը համեստորեն իր տեղն էր զբաղեցրել օթյակից դուրս` պարտերում: Այնուամենայնիվ, պաշտոնական մասը հիանալի էր կազմակերպված` պարզ, ճաշակով, հումորով, ազգային եւ դասական երաժշտության համադրությամբ: Փառատոնի պատվավոր հյուրին` Ազնավուրին, մեծարման խոսքեր ասացին գրեթե բոլորը, ով բեմ բարձրացավ:



 



Ցուցադրվեց Ազնավուրի՝ Երեւան կատարած այցելության մասին պատմող կարճ վավերագրական ֆիլմ, կատարվեց «Քեզ համար, Հայաստան» երգը, հնչեցին անթիվ ծափեր, մեծարման խոսքեր, բայց մի քանի րոպե անց նույն հոտնկայս դահլիճը կամաց-կամաց սկսեց ցրվել, երբ պաշտոնական մասին հաջորդեց Ազնավուրի դերակատարմամբ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրումը: Էկրանին դեռ նոր-նոր էին ֆիլմի տիտրերը գրվում, ու Ազնավուրն էլ դեռ օթյակում նստած էր, երբ սովորական կինոմանից մինչեւ սիրված կինոդեմքեր մեկ առ մեկ, հետո զույգ-զույգ, ապա շարքերով կուզեկուզ շարժվեցին դեպի դռները` նման բարձր մակարդակով հարգելով ու մեծարելով մեծն հայի ներկայությունը: Այդքանով հարգանքի տուրքն ավարտվեց Ազնավուրի նկատմամբ: Փաստորեն, այսպես ենք հարգում նաեւ ինքներս մեզ: Ինչ խոսք, 1960 թ. նկարահանված ֆիլմն այսօր շատ հեշտորեն կարելի է ինտերնետում գտնել եւ նայել, ու դրա համար բնավ կարիք չկար 80 րոպե նստել Օպերայում, բայց այդ դեպքում գուցե ընդհանրապես կարիք չկար ամբողջ օրը վազել Ազնավուրի հետեւից, նրա անվան աստղի վրա ոտատակ լինել, հետո գալ նրա հետ հանդիպման, մեծարման ու հարգանքի խոսքեր ասել, ոտքի կանգնել, ծափահարել ու դրանով համարել հարգանքի տուրքն ավարտված: Չէ՞ որ մարդուն հարգում են ոչ միայն իր ներկայությամբ, այլեւ բացակայությամբ:



 



Բայց մենք, որ ավելի շատ սիրում ենք մեր մեծերի բացակա ներկայությունը, նրանց մեծարում ու հարգում ենք առիթից առիթ, իսկ նրանց ներկայությամբ բլբուլ ենք կտրում. ո՞վ ավելի բարձր կարտասանի Ազնավուրի անունը, ո՞վ ավելի շատ կցուցադրի Ազնավուրի հանդեպ իր սերը, ո՞վ ավելի ուժեղ կծափահարի Ազնավուրին` իր իսկ ներկայությամբ…. Իսկ ո՞վ է պատրաստ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմը դիտել կիսադատարկ դահլիճում….: