Աշխարհը մեր մեջ է

Աշխարհը մեր մեջ է
Երկու մարդ, կանգնած փողոցում, զրուցում են: Նրանց կողքով անցնում է հարբեցողը եւ մտածում. «Ահա, այս մարդիկ երեւի որոշում են գնալ պանդոկ ու մի լավ կոնծել»: Եվ հարբեցողը մոռանում է իր գործերի մասին ու քայլերն ուղղում  դեպի պանդոկ:



 



Զրուցակիցների կողքով մի անառակաբարո տղամարդ է անցնում եւ մտածում. «Չեն էլ ամաչում այս մարդիկ, օրը ցերեկով կանգնել ու որոշում են գնալ հասարակաց տուն», եւ, փոխելով իր ճանապարհը, շտապում է հասարակաց տուն: Զրուցակիցների մոտով մի բարի մարդ է անցնում ու մտածում. «Այս ինչ մարդիկ են, ժամանակ են գտել զրուցելու իրենց կարդացած գրքերից, փիլիսոփայելու բարի եւ չար բաներից: Իսկ ես, ահա, երրորդ օրն է՝ չեմ կարողանում տեսության գնալ իմ հիվանդ հարեւանին»: Եվ, փոխելով ճանապարհը, շտապում է տեսնելու ընկերոջը:



 



ՀԳ - Մենք այդպես էլ չենք իմանա, թե ինչի մասին էին զրուցում այդ մարդիկ, բայց մի բան պարզ է՝ աշխարհի օբյեկտիվ պատկեր գոյություն չունի: Մեր աշխարհը մենք ենք կառուցում մեր մտքերում, մեր աշխարհայացքով: Արդյունքում տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել: