Ֆրիցը

Ֆրիցը

Նա ճզմում է խաղողը: Պարանոցով հյութը ծորում է, իջնում կրծքերը բաժանող կարով: Կաթիլներից մի քանիսը կանգնում են ներքեւի շուրթին, բազուկներին, կարճ շրջազգեստի դարսերին: Մի կաթիլ՝ քերծված ծնկին:



Դեյզիկը պարում է: Ֆրիցի հագոցին կտկտում  են նրա տարօրինակ թփերով ոսկեգույն կոշիկները:



Ֆրիցը շրջապատված է:



Մենք հեռու ենք եւ շատ մոտ: Պախկվել ենք Ֆեդիայի այգու համարյա անանցանելի դալարիքի մեջ ու նայում ենք Դեյզիկի թրթռող մարմնին: Հարբած տղաները ծափ են տալիս, սուլում են: Լավ պարի, ճկուն շարժվի: Մեկը գարեջրի շիշը ջղային թափ է տալիս, գարեջուրը ցփնում Դեյզիկի դեմքին:



Գառը թռնում է շալակս: Տեսա՞ր ով էր: Չէ, բան չեմ տեսնում: Խաբեցի՞ր: Չէ, չտեսա, մեջքս էլ ջարդում ես: Անալգին տվեք, մեռնում եմ: Արամը գրպանից անալգին է հանում, տալիս Գառին: Ձեռքերը դողացնելով, աչքերը փակ, նա հափշտակում է հաբն ու առանց ջրի կուլ տալիս:



Գառն օրական հինգ-վեց անգամ անալգին է խմում: Երբ սաստիկ շոգ է՝ անալգին է խմում, երբ ուրախ է՝ խմում է անալգինը, երբ տխուր է՝ խմում է: Դեյզիկի համար նա խմել է կանգառի դեղատան բոլոր անալգինները, ու հիմա մենք հաբը գնում ենք ներքեւի կանգառի դեղատնից եւ հետո կիջնենք ավելի ներքեւ, կանցնենք հաջորդ կանգառի դեղատուն եւ այդպես շարունակ:



Գարեջրի սպիտակ փրփուրներ Դեյզիկի թարթիչներին:



Դեմքը թաց է:



Երբեք նրա աչքերին արցունքներ չեն հայտնվում: Միշտ արտասվում է դեմքը, եւ մի արեւ թշին ուրախ փայլփլում լույսի շեղբի տակ:



Մագնիտոֆոնը խռխռում է:



Մակարենան փոխարինվում է արաբականով, հետո հնչում է իսպանական ֆլամենկոն: Դեյզիկն ամեն ինչ կիսատ է անում: Նրա հոգու մեջ ամեն ինչ կիսատ է: Դեյզիկը միանգամից չի կարող, բայց շատ է ուզում: Նա միշտ շտապում է: Նրա մի ձեռքի մատներն արաբական են ալիքում, մի ոտքը դոփում՝ իսպանական: Լավ չես պարում,- գոռում են տղերքը,- խաբում ես, սաղ խառնում իրար,- երաժշտությունն ուշադիր լսի: Դեյզիկի մայրը դուրս է գալիս պատշգամբ, հայհոյում է աղջկան, տուն կանչում, սպառնում է, որ ոստիկանություն կզանգի: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բոլորը համոզված են, որ երբեք ոստիկանություն չի զանգելու, որովհետեւ երբեք չի զանգել: Դեյզիկի մայրը փետում է մազերը, թեւերը քամուց թափահարվող լվացքներ: Պոռնիկ: Բղավում է նա: Սատկած պոռնիկ: Մոր ձայնը լսելիս Դեյզիկի մարմնով հուզմունքի ու ցավի լույս է անցնում: Նա սկսում է ավելի կատաղի պարել: Անցնում է իռլանդական թվիստի: Գառն ընկնում է խոտերի մեջ, թավալ գալիս: Անալգին, տղե՛րք, մեռնո՛ւմ եմ, հեսա կսպանե՛մ բոլորին, թողեք գնամ սպանեմ: Ոչ ոք նրան ետ չի պահում: Գառը չի գնում սպանելու: Բոլորը գիտեն, որ չի գնալու: Թաղի մեծ տղաներից նա վախենում է: Արամը նորից ցավազրկող է տալիս տղային: Թողեք գնամ շպանեմ, շրանց, շ պ ա ն ե մ,- հաբը բերանում որոճալով, բղավում է Գառը:



Ֆրիցը ուր որ է փուլ կգա, խելահեղ արագություն է վերցրել: Մեջտեղից կիսելով Բանջարանոցը,  հեռանում է՝ անիվների տակից ծուխուբոց թողնելով: Նրա կցկցված մետաղները հառաչում են: Առանց ապակիների պատուհաններով դուրս են վազում շան քոթոթները, բարդու փափլիկ սերմերն ու ապշահար աչքերով բվեճները: Նրանք սավառնում են Ֆրիցի շուրջ, օղակում աղջկան ու հետո կտրուկ բարձրանում երկինք, անհետանում ամպերի ետեւում: Դեյզիկն ուժասպառ ընկնում է Ֆրիցի հագոցին, տարածում տրոփող մարմինը: Վե՛ր կաց,- գոռում են տղերքը: Մի խաբի մեզ: Դու մենակ ստրիպտիզանոցում ես լավ պարում, որովհետեւ էնտեղ քեզ փող են տալիս, լրբի մեկը: Տեղը- տեղին պարի: Նեղսրտած տղաներից մեկը ճոճվելով մոտենում է, բռնում Դեյզիկի ոտքից, կոպտորեն քաշում է, գցում գետնին:



Գառը դուրս է թռչում այգուց: Մենք՝ ետեւից: Նրա վազքը բախվում է Դեյզիկին գետնող տղայի մարմնին, տապալում նրան: Գառի վտիտ ձեռքերը բարձրանում են ու իջնում հաղթանդամ տղայի գլխին, կաթնատամները պսպղալով մխրճվում պարանոցի մեջ: Բո՛զի տղա: Լսվում է Գառի վախվորիկ մայունը: Մենք էլ փորձում ենք միանալ նրան, օգնել, որ ուզածի պես ծեծի: Հարձակվում ենք, քացիներ տալիս հարբած տղային: Ոտնակոխ անելով նաեւ Գառին: Անալգին տվեք, մեռնում եմ,- խնձորի չափ գլուխը մկանոտ թեւի արանքից սպրդելով՝ գոռում է Գառը: Ժամանակը չի, ծեծի,- լսվում է Արամի ձայնը: Հանկարծ Բանջարանոցը դղրդում է: Հարբած տղան մռնչում է, ոտքի կանգնում ու ուժգին թափ տալիս մարմինը: Մենք թռչում ենք այսուայնկողմ, ելնում ենք, հարձակվում: Բայց արդեն ուշ է: Խառնվում են հարբածի ընկերներն ու բոլորիս շանսատակ անում: Արամի գլուխը ծակվել է, Չելենտի քիթը կոտրվել, աչքերի փոխարեն երկու ցոգոլ, շուրթերի փոխարեն՝ օդապարիկ: Դիմացս սեւ, դոնդողանման վարագույր: Մեջքիս իջած սուր հարվածից շունչս կտրվում է: Գառը դեռ դիմադրում է: Երկու ձեռքով գրկել է թշնամու ոտքը, ատամները խրել մսի մեջ ու անշարժացել: Ոտքից ոչ մի կերպ նրան պոկել չեն կարողանում:



Գուցե Գառը մեռել է:



Ոչ հոգին է ծպտուն հանում, ոչ մարմինն արձագանքում:



 Գուցե Գառը մեռել է, որովհետեւ էլ անալգին չի խնդրում:



Շտապօգնության մեքենայի սիրենաների ձայնն է լսվում: Մեզ տանում են սառնավուն անկողինների ու սագի փետուրով լցված բարձերի մեջ: Եկել են բոլորը: Հայրեր, մայրեր, տատիկներ, պապիկներ, քեռիներ ու հորաքույրներ: Դեյզիկը գլուխը դրել է մոր ուսին, խաղողի չեչը մատներով սեղմել բերանին ու հեկեկում է: Պոռնիկի մեկը,-ասում է մայրն ու համբուրում նրա թշերը, - քեզ ասում էի, չէ՞, ասում էի, տուն արի:



 



***



Մենք վերադարձել ենք:



Մենք միշտ վերադառնում ենք:



Ֆրիցը մեր ՏԵՂՆ է:



Վիրակապերով բարուրված՝ եկել ենք, գրկել մեր շան քոթոթներին, բարդու փափլիկ սերմերին, մեր սպիտակ ապշահար աչքերով բվեճներին, տեղավորվել ենք Ֆրիցի կրծած նստարանների վրա ու ձմերուկ ենք ուտում: Նրա դռները երբեք չեն փակվում, նրա տեղը երբեք չի փոխվում՝ խաղողի անմշակ թարմայի տակ, Դեյզիկենց մուտքին մոտ, միշտ բարի, միշտ գրկաբաց:



Բանջարանոցում մեքենան հայտնվել է 1957 թվականին: Ոչ ոք չգիտի բերողն ով է եղել եւ ինչու է բերել: Ֆրիցին հանձնել են Դեյզիկի լուսահոգի հորն ու հեռացել: Դեյզիկի հայրը մահից առաջ բակում հայտարարել է, թե իր կյանքի լավագույն ակնթարթին իր Ֆրիցին կտակում է կնոջն ու աղջկան, եւ խնդրել է, որ հիշեն նրա իսկական տիրոջ՝ Հիտլերի վարորդի անունը՝ Ավոն Շենս Շլայդերմունտ Զեյդ Դեհերման Լոխնհանս Կայթունսշմերդեն: Այս երկար անունից հիշվել է միայն առաջին երեք տառը: Ա վ ո:



Շատ անգամ մեքենան տեսնելիս բիձեքը մատները տնկում են Ֆրիցի ուղղությամբ ու ցնցում գլուխները.



Սա Ավոյի ավտոն ա էղել:



Ավոն Հիտլերի շոփերն ա էղել:



Անցած տարի մեքենայի բեռնախցում տղերքից մեկը գտավ Հիտլերի մազը, եւ մենք թաղեցինք նրան: Հիտլերի մազը մենք դրեցինք կոնֆետի տուփի մեջ, կողքերը համեմ ու ռեհան փռեցինք ու մեծ թափորով հանձնեցինք հողին՝ առանց ախ քաշելու, առանց հիշատակման:



 



***



Մեր վերքերը դեռ թարմ են, բայց Գառի վերքը զգայուն է: Ողբերգական հայացքով նա կուլ է տալիս անալգինը, ծխախոտ կպցնում, նստում է Ֆրիցի ղեկին ու միացնում շարժիչը:



Մենք գնում ենք Նար-Դոս` Չելենտի պապու համար դագաղ գնելու: Նրա պապը դեռ չի մահացել: Մի շաբաթ է` պառկած է, ձայն չի հանում, չի խոսում, չի ուտում, ուզում է մեռնել ու կմեռնի: Բանջարանոցում ով ուզում է մեռնել՝ մեռնում է: Անցնում ենք խաչմերուկը, իջնում Բաբայան փողոցով: Բաբայանցիք նայում են Ֆրիցի ետեւից ու հոգու խորքում մի փոքր խանդում մեզ, որովհետեւ նրանք ՏԵՂ չունեն:



Մենք կանգնում ենք Սայաթ-Նովայի վրա, Գառի համար անալգին առնում: Նար-Դոսից Չելենտի պապու համար հրաշալի մի դագաղ ենք ընտրում՝ մեղրագույն, ընդարձակ, լավ հղկված: Դագաղը պարանով կապում ենք Ֆրիցի մեջքին ու վերադառնում բակ:



 



***



Երեկոյան թողնում ենք մեքենան, տուն գնում:



Գառը մնում է:



Նա անհանգիստ է:



Լուրեր են պտտվում, որ Դեյզիկը հոգնել է պարելուց ու իրանցի հարուստ փեսացու է ճարել, որ այդ մարդը Մերձավոր Արեւելքում նավթամթերքի գործարան ունի եւ շուտով ամուսնանալու է աղջկա հետ: Ամեն օր Գառը գիշերում է Ֆրիցի մեջ, սպասում լուսադեմին ակումբից վերադարձող Դեյզիկին, ուզում է իր աչքով տեսնել հարուստ փեսացուին, նրանց սերը: Առավոտյան Գառը լվում է մեքենան, համբուրում հագոցին աղջկա կրունկներից մնացած բոլոր փոսերը ու հաց է առնում նրա մոր համար: Կեսօրին հանկարծ պայթում է Գառի ծնողների ձայնը: Ամոթահար, համբերությունը կորցրած հայրն ու մայրն անակնկալ գրոհում են Ֆրիցի վրա, ձերբակալում որդուն, տանում տուն: Երեկոյան տղան նորից մեքենայի մեջ է:



 



***



Մենք բոլորս սիրում ենք Դեյզիկին, բայց չենք համարձակվում խոստովանել: Գառը համարձակվում է, որովհետեւ մեզնից շատ է սիրում:



Մութն ընկնելուն պես քշում ենք Մերգելյան, անհանգիստ պտույտներ տալիս ակումբի շուրջ: Աղջիկը չի երեւում: Գառը օր օրի քամվում է: Դեղատներում ավարտվում են անալգինի վերջին պաշարները: Լինում են օրեր, երբ Դեյզիկին թանկարժեք մեքենայով են տուն բերում, ապակիները խիստ մգեցված, փեսացուն` անթափանցելի:



Գառը խմած պատմում էր, որ մի քանի օր առաջ, լուսադեմին Դեյզիկը հանկարծ հայտնվել է Ֆրիցի դիմաց ու ժպտացել իրեն: Միանգամից, երեք հատ ցավազրկող կուլ տալով, նա դուրս է եկել մեքենայից ու գրկել հարբած ու հոգնած աղջկան: Դեյզիկն առաջարկել է: Կուզե՞ս պարեմ քեզ համար: Շփոթմունքից Գառը մի պահ ուշագնաց է եղել, հետո վերակենդանացել է: Նա մերժել է, գրկել աղջկան, նստեցրել մեքենայի մեջ ու գլուխը քնքշորեն հենել թիկնակին: Քնի, Դեյզիկ, ես կքշեմ մեքենան, դու քնի: Եվ տղան այնքան նուրբ ու փափուկ է քշել մեքենան, եւ մեքենան այնքան նուրբ ու փափուկ է ենթարկվել տղային, որ Դեյզիկը քնել է իր կյանքի ամենախաղաղ քունը:



Մենք սեղմում ենք Գառի ուսը:



 



 



***



Կիրակի է: Բանջարանոցի ողջ զորագունդը շուրջկալել է Դեյզիկենց մուտքը: Նրա հարսանիքը տեսնելու համար նույնիսկ իր մահն է հետաձգել Չելենտի պապը: Պապու մահճակալը դրել են բաց պատշգամբում եւ գլուխը մեծ ջանքերով թեքել բակի կողմ:



Նորապսակներին մենք սպասում ենք Ֆրիցի մեջ նստած: Գառը րոպեն մեկ անալգին է խմում:



Հուզված ենք:



Մեր շան քոթոթները վախից դողում են: Մեր բարդու փափլիկ սերմերը գաղտագողի հեռանում են անապակի պատուհաններով:  Մեր սպիտակ բվեճներն առաջին անգամ փակում են իրենց ապշահար աչքերը:



Ահա, նրանք հանդիսավոր ճեմելով, դուրս են գալիս մուտքից:



Դեյզիկի հարսի շորը` մետաքսանման մի կտոր: Շորի գույնը որոշել անհնար է: Մերթ ճերմակ է, մերթ գունատ, ասես աղջկա փխրուն մարմնի վրա սուրճի կաթիլ է չորացել:



Դեյզիկի շորը գույն չունի: Նրա շորի գույնը հարսն է:



Մոխրի մեջ թաթախված փեսան՝ պարսից խանը, թույլ ժպիտով բարեւում է մարդկանց: Կոստյումի գրպանին կոնաձեւ շքանշան ունի: Գուցե նավթամթերքի համար են պարգեւել:



Դեյզիկի անվեհեր կրունկներով հարսանեկան կոշիկները: Սղլիկ, յուղը վրեն մարմնագույն զուգագուլպան: Թփով պայուսակը: Դեմքի անխնա շպարը, ասես թավ ծեփի տակ թաքցրել է դիմագծերի զգացմունքները:



Մենք գիտենք, որ Դեյզիկն այստեղ է, մեր կողքին: Որ շպարի ետեւից երկու զույգ աչքեր սեւեռուն նայում են Ֆրիցին եւ գուցե ժպտում մեզ:



Նվագողներ չկան, ծափեր, ծաղկաթերթեր ու շնորհավորանքներ չկան:



Բանջարանոցը լուռ է, մռայլ:



Դեյզիկի փքված մայրը պատուհանից ջուր է ցողում եւ  նետում երկու ձու:



Պարսից խանը մոտենում է իր բերած երկար ջիպին, բացում դուռը: Դեյզիկն առանց շրջվելու նստում է մեքենան, նրա կողքին տեղավորվում է փեսացուն: Մեքենան առանց ազդանշաններ տալու պոկվում է տեղից, դանդաղ ընթացքով հեռանում: 



Գառը բռով կուլ է տալիս վերջին անալգինները, միացնում Ֆրիցի շարժիչը, քշում է ջիպի հետեւից: Երբ ջիպը կտրում է Բանջարանոցի փոքր կամուրջն ու թեքվում աջ, սկսում է արագություն հավաքել: Ֆրիցը ետ է մնում: Գառը խելքը թռցրած ոտքը դնում է գազին, ողջ մարմնով ընկնում ղեկի վրա. Ֆրիցը գնում է նույն արագությամբ: Գառը բռունցքներով հարվածում է մեքենային, հայհոյում ամենավերջին բառերով. Ֆրիցը նույն արագությամբ է գնում: Ջիպն անորսալի սլացքով իսպառ կորչում է տեսադաշտից:



Հանկարծ Գառը կտրուկ արգելակում է: Իջեք, տղերք: Բոլորդ իջեք:



Մենք լուռ իջնում ենք մեքենայից: Մեզ հետ իջնում են մեր քոթոթները, բարդու փափլիկ սերմերը, սպիտակ բվեճները: Գառը թեւքով սրբում է արցունքներն ու զրնգուն ծիծաղում:



Հորս ասեք, որ տուն չեմ գալու:



Տղան հռնդյունով միացնում է Ֆրիցի շարժիչն ու քշում:



Ֆրիցը գնում է նույն արագությամբ: Նա գնում է ցավազրկող փնտրելու:



 



Արամ ՊԱՉՅԱՆ