Անանյանի խոսքերը մարգարեություն են դառնում

Անանյանի խոսքերը մարգարեություն են դառնում

Երեկ ՀԳՄ նիստերի դահլիճում անհասկանալի քննարկում էր. հավաքվել էին ինչպես մշակութային, այնպես էլ ոչ մշակութային դեմքեր: Քննարկման բանախոսն էր գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով իր խոսքը հենց հրապարակախոսական նոտայով էլ սկսեց. «Ամեն կողմից ասում են՝ ո՞ւր է մեր մտավորականությունը», ապա, հարցը համարելով այդ դահլիճում գոնե մասամբ լուծված, անցավ մեր երկրի 25 տարվա բարոյական անկումին, վաուչերների հողի վրա հարստացած օլիգարխիական իշխանությանը, որից հետո ընթերցեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կոչը, որտեղ եվրոպահայությունը հորդորում էր Հայաստանի իշխանություններին՝ ենթարկվել քաղաքացիական հասարակությանը: Դրանից հետո Կարապետյանն առաջարկեց քննարկել քաղաքական վերնախավի սերնդափոխության խնդիրների հարցը եւ «Ամեն հայի տուն փոքրիկ Հայաստան» ծրագիրը:



Ասաց, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Հայաստանում, ԼՂՀ-ում, Սփյուռքում ընտանիքները դարձնեն հայկական՝ դրանով ակամայից քար գցելով սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի վրա: Կարապետյանը խոսեց նաեւ հայախոսությունից, ձուլման վտանգից, 1.5 մլն անմեղ զոհերից, ԼՂՀ ճանապարհներից, սահմանամերձ գյուղերից, գյուղմթերքներից, արդյունաբերական ներդրումներից, աշխատանքային խմբեր ստեղծելուց ու գյուղեր գործուղելուց: Ներկաները լրիվ խճճվեցին քննարկման բավիղներում, եւ այդ վիճակը երկար կշարունակվեր, եթե լրագրողներից մեկը հարցի իրավունք չխնդրեր ու չբարձրաձայներ ստեղծագործական միությունների շուրջ ստեղծված անվստահության մթնոլորտի հարցը: Այստեղ քննարկման մասնակիցներն աշխուժացան. Թաթուլ Մանասերյանն առաջարկեց սահմանափակել լրատվամիջոցների լուսաբանումը, որպեսզի «չդառնան խոցելի»՝ իբր չի սիրում աշխատել շոուի պայմաններում: Բայց հետո հիշեցին, որ, օրենքով, ԶԼՄ-ների աշխատանքը ոչ ոք չի կարող սահմանափակել, ու դրա վրա էլ կանգ առան: 



«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն էլ հակադարձեց, որ իմաստ չի տեսնում հավաքվել փակ տեղերում, հետո ինչ-որ նամակ գրել: Ապա, օգտվելով ընձեռված հնարավորությունից, նշեց, որ միակ լուծումն իշխանափոխությունն է, ուրիշ ճանապարհ չկա. «Եթե ակադեմիայի պրեզիդենտը ՀՀԿ-ի ցուցակում Քարերի Նովոյից հետո 52-րդ համարն ա՝ վերջ, գոնե հարգեին գիտությունը, ես ուզում եմ, որ մտավորականը, գիտնականը չդառնա ընտանի կենդանի, էս իշխանությունն ինչ որ անում է, անում է, որ հայաթափի»: Բայց ներկա մտավորականներին դա դուր չեկավ, եւ Հարությունյանին հակադարձեցին, որ սա իր  համար նախընտրական քարոզչություն չէ, եւ թող սպասի ու մեկ էլ 4 տարի հետո խոսի: Քննարկումը մի պահ այնքան բազմաձայն դարձավ, որ ներկաներից մի քանիսը լքեցին դահլիճը, ոմանք էլ դուրս եկան միջանցք՝ ծխելու, բայց նիկոտինը ներկաներից մեկի վրա ոչ մի ազդեցություն չէր թողել, եւ նա վրդովված իր խոսքն ուղղեց Բակուր Կարապետյանին, նշելով որ նրա ասածներն իրեն չհուզեցին, ավելին՝ ընկալելի էլ չդարձան ու թե՝ «սկսում եք ԼՂՀ երկաթգծերից, մայրուղիներից… մեր հարցերի հարցը դա՞ էր….  ձեւականությունների հետեւից չընկնենք, Հայաստանի հարցերը լուծենք՝ նոր հասնենք ԼՂՀ-ին»: Օգտվելով առիթից, ներկաներից յուրաքանչյուրը տեղից սկսեց շփոթված Բակուր Կարապետյանին մի խորհուրդ, ուղղություն, ելք առաջարկել, թե ինչպես անել, որ «ամեն հայի տունը փոքրիկ Հայաստան» դառնա:



Դահլիճում միայն մի մարդ էր ժպտում՝ պատով մեկ կանգնեցված Լեւոն Անանյանի լուսանկարը: Փաստորեն, Անանյանի՝ «ինձանից հետո ՀԳՄ-ում սոդոմ-գոմոր կլինի» խոսքերը կամաց-կամաց մարգարեություն են դառնում:   



 



Սոնա Ադամյան