Ինչի էր պետք այդ «կամուֆլյաժներով» թատրոնը

Ինչի էր պետք այդ  «կամուֆլյաժներով» թատրոնը

Երեկ Տիգրան Սարգսյանն իսկական թատրոն էր բեմադրել՝ կամուֆլյաժներով, ռազմահայրենասիրական կեցվածքով: Նման բան մեկ էլ արել էր, երբ նոր էր վարչապետ նշանակվել. այն ժամանակ կառավարության անդամներին հավաքեց-տարավ զորամասեր, բոլորին կամուֆլյաժ հագցրեց՝ փորձելով ցույց տալ, թե ինչքան մարտական է տրամադրված օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարում: Բայց կարծես թե որեւէ օլիգոպոլիա կամ մոնոպոլիա դիրքերն այդպես էլ չզիջեց: Ոմանք կարծում են, թե վարչապետն իր պաշտոնանկության մասին խոսակցությունների ակտիվացմանը զուգընթաց է որոշել կրկին դիմել կամուֆլյաժի օգնությանը: Քանի որ նախօրեին էլ նույն ծրագրի շրջանակներում Սերժ Սարգսյանն էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել եւ լսել ԱԱԽ անդամների «հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված առաջարկները»: Նիստը տարբերվում էր նախորդներից եւ տագնապի տպավորություն էր թողնում այն պատճառով, որ ամիսների ընդմիջումից հետո նիստը պատվել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը, ով վերջին անգամ անցած տարվա փետրվարին էր մասնակցել ԱԱԽ նիստին, երբ ԲՀԿ-ն դեռ կոալիցիայի անդամ էր:



 



ԵՐԵԿՎԱ ԹԱՏՐՈՆԻ ՄԵՍԻՋՆԵՐԸ






Քաղաքագետների կարծիքով, երկօրյա միջոցառումները նույն տագնապային խորագրի ներքո իրականում լուրջ մեսիջներ են պարունակում: Օրինակ, Ռուսաստանի շահերը ներկայացնող հայ քաղաքագետներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել, բոլորովին պատահական չի համարում, որ նման միջոցառումների Սերժ Սարգսյանը լծվեց Եվրոպայից վերադառնալուն պես, որտեղ ԵԽԽՎ բարձր ամբիոնից բավական խրոխտ ելույթ ունեցավ, հավակնոտ հայտարարություններ արեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ու ադրբեջանցիների պորտը տեղը դրեց: «Ակնհայտ է, որ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը պատերազմի սպառնալիքով է հանդես գալու, ադրբեջանական մամուլն արդեն նման խայծեր գցել է: Բացի դրանից, վերջին ժամանակներս հակամարտությամբ զբաղվող եվրոպական կազմակերպությունների տեսակետն է նաեւ այսպիսին, որ ստատուս քվոն պետք է ինչ-որ կերպ փոխվի, այսպես երկար շարունակվել հնարավոր չէ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի վիճակը գնալով վատանում է, քանի որ Մաքսային միությանն անդամակցությունից հետո Եվրոպան կարծես չի պատրաստվում նախկին հանդուրժողականությունը դրսեւորել Հայաստանի եւ նրա իշխանությունների նկատմամբ, ինչ-որ լուծում պետք է գտնել, եւ իշխանություններն այսպիսով փորձում են հասկացնել, որ պատրաստ են խիստ պատասխաններ տալ եւ չնահանջել»:



 



Քաղաքագետի տեղեկություններով, Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ ամբիոնից ուղղված Զարուհի Փոստանջյանի հարցը Եվրոպական ժողովրդավարական կուսակցությունն է պատրաստվել հնչեցնել, իսկ «դա նշանակում է մի բան, որ Եվրոպան Սերժ Սարգսյանի նկատմամբ այլեւս տաբու չունի, ավելին՝ ես լսել եմ, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի հետ կապված անձնական նոր սկանդալներ են հրապարակ նետվելու»: Ուստի մերոնք  «ուզում են մեզ բոլորիս ցույց տալ, որ տանկերով ենք գործելու»: ՌԱՀՀԿ փորձագետ, արեւմտյան կողմնորոշման պաշտպան Էդգար Վարդանյանը գտնում է, որ սա մեսիջ է նախեւառաջ Ադրբեջանին՝ հասկացնելով, թե, չնայած խոսակցություններին, որ Հայաստանում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ձախողումներ են, այդուհանդերձ, Հայաստանի քաղաքական մեծամասնությունն ամուր է եւ պատրաստ է ցանկացած մարտահրավերի: Վարդանյանը, հերքելով Եվրոպայի ճնշումները Հայաստանի նկատմամբ, այդուհանդերձ չհերքեց, որ Ղարաբաղի կարգավորման գործընթացում ապագայում սպասվում է առնվազն նոր փուլ, որը պայմանավորված է վերջին շրջանում  արեւմտյան գործիչների եւ կազմակերպությունների հայտարարությունների հաճախակիացման հետ առ այն, որ վտանգավոր  իրավիճակ է ստեղծվում «այդքան ժամանակ այդ խնդիրն օդից կախված թողնելով, դա սառեցված հակամարտություն չէ, եւ չի կարելի այդպես թողնել, որովհետեւ հատկապես Ադրբեջանը զինվում է, եւ վաղը կոնֆլիկտը հանկարծակի կարող է թեւակոխել ռազմական փուլ: Որպեսզի դա կանխվի, պետք է նոր առաջարկներ անել»:



«Հայաստանի իշխանությունները հավանաբար ցույց են տալիս, որ պատրաստ են այդ փուլին, բայց ոչ թե պարտվողական, այլ հակառակը, որ նրանք ամեն ինչ հաշվարկել են, որ ցանկացած պահի պատրաստ են անգամ պատերազմական ճանապարհով պայքարել: Մյուս կողմից՝ սա նաեւ միտված է նոր փուլին ընդառաջ այն ընդդիմախոսություններին, համաձայն որոնց պետք է ներկայացվի, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հանձնել Ղարաբաղը»,-  ասում է Վարդանյանը, ով կարծում է, որ սա նաեւ ներքին լսարանին է ուղղված, որը երկու տարբերակով կարող է ընկալվել. «Նախ խուճապային տրամադրություններ ստեղծելով կփորձեն մարել օրեցօր աճող բողոքի օջախները, ապա նաեւ հերքելով այն մտայնությունները, որ իշխանությունը ճաքեր է տվել, որ միահամուռ չեն, եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու առումով կա պատրաստվածություն»:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]