Պատգամավորներն ու պաշտոնյաները պատվավոր քաղաքացի չեն դառնա

Պատգամավորներն ու պաշտոնյաները պատվավոր քաղաքացի չեն դառնա

Լոռու մարզկենտրոն Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչմանն ու դրա տրամադրման ընթացակարգին: Ավագանին վերանայեց պատվավոր քաղաքացու շնորհման կանոնակարգն ու այն անձանց շրջանակը, ում կարելի էր շնորհել այդ կոչումը: Նշենք, որ քաղաքի պատվավոր քաղաքացի կոչումը քննարկվում, սահմանվում  եւ որոշվում է տվյալ քաղաքի ավագանու անդամների կողմից: Իսկ ավագանու անդամների վերջին ընտրություններից հետո ձեւավորված Վանաձորի նոր ավագանին հիմնականում երիտասարդներից է կազմված:



 



Սա նշանակում է, որ պատվավոր քաղաքացու մասին պատկերացումներն ամբողջությամբ փոխվել են, ու նոր սերնդի պատկերացումները բոլորովին այլ են: Շատ հաճախ այս կոչումը տրվում է մարդկանց, ում քաղաքացիների գերակշռող մասը չի էլ ճանաչում:



Ի վերջո, քննարկումներից հետո նոր կանոնակարգ սահմանվեց, համաձայն որի՝ Վանաձորի պատվավոր քաղաքացի այսուհետ չեն դառնալու Ազգային ժողովի պատգամավորներն ու գործող պետական պաշտոնյաները: Բացի այդ, այս կոչումը տրվելու է տարեկան ընդամենը մեկ անգամ եւ մեկ անձի, բացառիկ դեպքերում միայն այդ թիվը կարող է դառնալ 2: Վանաձորի պատվավոր քաղաքացիների ընդհանուր թիվը չի գերազանցելու 30-ը եւ տրվելու է անձին միայն կենդանության օրոք: Վանաձորն արդեն 20 պատվավոր քաղաքացի ունի:



 



 



Ըստ նախորդ կանոնակարգերի, որոնք, ի դեպ, փոփոխության են ենթարկվում արդեն չորրորդ անգամ, Վանաձորի բնակիչներին չէր տրվում այս կոչումը, իսկ նոր կանոնակարգի համաձայն՝ այդ սահմանափակումն այլեւս չի գործելու: Հավելենք նաեւ, որ, համաձայն տարածված խոսակցությունների, պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու պայմանները փոխվեցին Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանին այդ կոչումը շնորհելու համար միայն: Ի դեպ, այս հարցը եւս եղել է ավագանու հերթական  նիստերից մեկի քննարկման առարկա: Հավելենք, որ Հենրիկ Քոչինյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունեն:



 



Վանաձորի պատվավոր քաղաքացի կոչումը շնորհվելու է փակ, գաղտնի քվեարկության արդյունքների հաստատումից հետո միայն, երբ ավագանու անդամների առնվազն 2/3-ը կողմ կքվեարկի այդ որոշմանը:



 



Շուշաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ



Լոռու մարզ