Թե ինչպես Սեյրան Օհանյանն օգնեց Տարոն Մարգարյանին արդարանալ բանակում չծառայելու համար

Թե ինչպես Սեյրան Օհանյանն օգնեց Տարոն Մարգարյանին արդարանալ բանակում չծառայելու համար

 



Երեկ կառավարության նիստերի տան Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող դահլիճը փոքրիկ Ղարաբաղ էր հիշեցնում. հավաքվել էին ղարաբաղցիներ եւ այս շրջանակներին մոտ մարդիկ՝ Զորի Բալայան, Ժողինստիտուտի նախկին ռեկտոր Յուրի Սուվարյան, Ռադիկ Մարտիրոսյան եւ այլք: «Արցախ» հայրենակցական միության հերթական համագումարն էր, որի ժամանակ նախատեսված էր նոր նախագահ ընտրել: Նախկին նախագահը՝ Համլետ Հարությունյանը, էստաֆետը հանձնեց նոր նախագահին՝ Վարուժան Գրիգորյանին, ով «Փեթակի» սեփականատերն է եւ տարիներ շարունակ ֆինանսավորել է հարազատ հայրենակցական միության գործունեությունը ու հիմա որոշել է դե-ֆակտո ստանձնել նախագահի պաշտոնը: Նա 90-ականների սկզբներին է տեղափոխվել Հայաստան, ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչն է, ավելի վաղ՝ կառավարչի տեղակալը:



 



Մեր ընթերցողներին չձանձրացնելու համար չենք ներկայացնի սովետական ժողովների պաթոսով եւ ոճով կազմակերպված, ճռճռան ու ծանր ելույթներով հագեցած միջոցառումը եւ տաղտկալի ելույթները, որից անգամ ներկաների քունը տարավ եւ առաջինը նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ առաջին շարքում նստած Լեւոն Սարգսյանինը: Կազմակերպության նախագահն էլ, բնականաբար, ընդունվեց առանց «դեմերի»՝ ոմն Վարուժան Գրիգորյան: Ուշագրավ էր, որ միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ յուր աներձագ Ռոբերտ Սահակյանի հետ միասին: Մինչ միջոցառումը կսկսվեր, Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես էր բանակում չծառայած քաղաքապետն իրեն զգում երեկ, երբ կառավարության հատուկ նիստ էին անում կամուֆլյաժները հագած: Իսկ նիստից հետո էլ «ռազմաճակատ»՝ «Արձագանք 2013» միջոցառմանը մասնակցելու: Նա հպարտորեն պատասխանեց. «Շատ լավ, հպարտ էի ինձ զգում»: Պարզվում է՝ բանակում չծառայելու փաստը որեւէ կաշկանդվածություն չի առաջացնում երիտասարդ քաղաքապետի մոտ, նա չի ափսոսում, որ չի ծառայել, ավելին՝ ծառայությունից խուսափած երիտասարդի համար նույնիսկ համազգեստ հագնելն է ծառայել նշանակում:



 



 «Ծառայելու տարիներին ես կրթություն եմ ստացել, հետո ամուսնացել եմ, արդեն հինգ երեխա ունեի, դրա համար էլ չեմ ծառայել: Բայց այսօրվա դրությամբ եւ վերջին 15 տարին ծառայում եմ մեր պետությանը եւ սենց առիթների դեպքում էլ, այո, պետք է համազգեստ կրեմ եւ ծառայեմ»,- վարժ շարադրեց Տարոն Մարգարյանը: Երիտասարդի դրության մեջ մարդասիրաբար մտնելով՝ խոսակցությանը միջամտեց Սեյրան Օհանյանը եւ փորձեց փրկել Անդրանիկ Մարգարյանի որդուն. «Բացի դրանից, Տարոն Անդրանիկի Մարգարյանն իր ծնողների հետ կանգնած է եղել մեր շարժման ակունքներում եւ այդ ամեն ինչն իր մաշկի վրա է զգացել, տեսել»: Իսկ արդյո՞ք դա արդարացնում է բանակում չծառայելու փաստը: «Դե իհարկե, եթե իրավիճակից եւ ինչ-որ հանգամանքներից ելնելով ծառայության հիմնական, ժամկետային չի եղել, ապա մասնակցությունը, աջակցությունը, բացի դրանից մասնակցել է նաեւ մեր երկրի կառուցմանը եւ ինչ-որ տեղ արդարացնում է նաեւ»: Փորձեցինք «մաշկի վրա զգալու» ավելի վառ օրինակներ հիշեցնել՝ սահմանամերձ գյուղերի երիտասարդներն այսօր էլ իրենց մաշկի վրա զգում են պատերազմի շունչը, բայց դա նրանց չի ազատում ծառայությունից:



 



«Ես համամիտ եմ ձեր հետ, որ սահմանամերձ համայնքներում ապրող մեր քաղաքացիներն իրենց վրա են զգում այդ ամբողջ վտանգը, դժվարությունները, եւ նրանց համար շատ դժվար է թողնել հարազատ բնակավայրը եւ մեկնել այլ տեղ սովորելու: Համաձայն եմ դրա հետ, եւ այդ առումով նրանք ավելի վառ են գիտակցում այդ ամեն ինչը՝ սահման, ինչ է նշանակում հերթապահություն, սահմանի պաշտպանություն, եւ այդ վտանգի ներքո նաեւ ապրել, կենցաղ վարել, գյուղատնտեսությամբ զբաղվել»,- ասաց Սեյրան Օհանյանը: Եվ քանի որ բանակում չծառայածները մեծ թիվ են կազմում պետապարատում, կնշանակի՝ պետությունն ինքն է խրախուսում չծառայածներին, մի բան էլ դեռ արդարացնում ինչ-որ այլ ծառայություններով: Վերջերս նույնիսկ Սեյրան Օհանյանն իրեն խորհրդական կարգեց Դավիթ Ջամալյանին, ով նույնպես բանակում չծառայածների շարքերում է: «Չեմ կարծում, որ կոնկրետ դեպքը խրախուսանք է, եւ դա օրենքից դուրս է, գոյություն ունեցող օրենքների շրջանակներում, այ, նոր հնչեց, որ երկու երեխայի դեպքում ազատվում են բանակից, որովհետեւ պետք է նաեւ ընտանիքը պահել, կամ նախկինում եղել է, որ ուսումը շարունակել են, զբաղվել են գիտությամբ, ապա ազատվել են, նրանք նաեւ այսօր մեր զորահավաքային ռեսուրսի մեջ են գտնվում, դրա համար այսօր պարոն Ջամալյանը տպավորությունները՝  որպես սոցիալ-հոգեբան, օգտագործում է որպես բանակի համապատասխան ուղղությամբ զարգացում: Տեղեկացնեմ ձեզ, որ պարոն Ջամալյանը նաեւ ռազմական ուղղությամբ ուսում է ստացել բարձրագույն հաստատությունում, որովհետեւ նրանք պետք  է դառնային սոցիալական հոգեբաններ: Ինչ-ինչ պատճառներով 2000-ական  թվականներին այդ բանը չստացվեց, դրա համար նա չի ծառայել, բայց այսօր նա անմիջական  մասնակցություն է ունենում, առաջին գծում է, զինվորների կողքին»:



 



ՀԳ - Արդյոք «Արցախ» հայրենակցական  միությունն ապագայում կդառնա նաեւ կուսակցություն, կփորձենք պարզել առաջիկայում, այժմ հայտարարում են, որ իրենց ուժերը «նպատակաուղղելու եւ օժանդակելու են Արցախի Հանրապետությանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության ամրապնդմանը եւ հզորացմանը»:



 



Լուսինե  Շահվերդյան



[email protected]