Զարուհուն դատի տալով ի՞նչ կշահի նախագահը

Զարուհուն դատի տալով ի՞նչ կշահի նախագահը

 



Հիմա էլ նախագահի նազիր-վեզիրները հերթով ծնգլահան կանեն: Ուշադրություն դարձրեք. մի այնպիսի բան կասեն, որ ժողովուրդը հայիլ-մայիլ կկտրի, կասի՝ էդ ո՜նց ա մեր սրտից ջուր խմում: Չգայթակղվե՜ք, նազիր-վեզիրների քաղաքականությունն այն է լինելու, որ ԵԽԽՎ Վեհաժողովում կատարվածը տաքացնեն, չեղած կրակի վրա յուղ լցնեն: «Էս ժողովուրդը ոնց որ ափ շպրտված ձուկ լինի,- այսպես են նրանք մտածում,- ջրի մեջ էլ ենք գցում, մի երկու աշխուժացման շարժում են անում, հետո էլի լռվում»: Տեսեք, թե ինչ է ասում նախագահի նազիրներից Արամ Սարգսյանը, մյուս Արամի հետ շփոթեք էլ՝ բան չկա, երկուսն էլ նազիր են, բայց խոսքս ՀԴԿ նախագահի մասին է: Ասում է՝ Սերժը պիտի Զարուհուն դատի տա: Թեման տաքացնում է, թեյնիկը եռացնում: Այնպես շուտ է ամեն ինչ սառում: Նախագահի կողմնակիցներն  ուրախանում են: Եթե նրանք մի րոպե կասկածեին դատարանի հրաշք որոշմանը, այդպիսի բան կառաջարկվե՞ր: Մտածում են՝ մեր փառապանծ դատարանները Զարուհուն իր տեղը  ցույց կտան:



 



Հետո Արամն ավելի է թափովանում՝ ՀՀԿ-ն պիտի դատի տա: Նույն բանը չի՞, Արամ Առաջին: Ինչո՞ւ ես ավելորդ անգամ անխոհեմորեն նույնացնում իշխանությունն ու կուսակցությունը: Զարմանալին գիտե՞ք որն է, որ Արամն ուզում է նախագահին թասիբի գցել. «Պետք է մի օր պատասխան տա՞ն իրենց հայտարարությունների համար, թե՞ ոչ։ Թե չէ ստացվում է՝ ցեխաջուր են շպրտում մարդու երեսին, իսկ մարդուն մնում է միայն լցվելը։ Սա ահավոր պրովինցիալիզմ է»:  Թեւքերդ քշտիր, գնա ցեխաջուրը մաքրիր՝ մարդկայնորեն ուզում ես առաջարկել Արամին, բայց հետո, երբ փորձում ես հարցին լուրջ մոտենալ, չես հասկանում՝ այդ մարդը ոտքերո՞վ է մտածում, թե՞ գլխով, ինքզինքն ինչո՞ւ է կոտորում: Զարուհուն դատի տալով ի՞նչ կշահի նախագահը: Հազիվ ԵԽԽՎ Վեհաժողովը համոզվում է, որ այս երեւույթը ոչ թե պրովինցիալիզմ է, այլ դեմոկրատիզմ, ինքը գործը փչացնել է ուզում: Նախագահը, որ իր նազիր-վեզիրների խելքով ընկնի, երկու օրում աթոռից կզրկվի: Բայց սա առաջին հայացքի տպավորություն է: Պարզ է, որ նազիր-վեզիրները չեն ուզի, որ նախագահն աթոռից ընկնի, այդ դեպքում ինչո՞ւ են այդքան մակերեսային հայտարարություններ անում: Պարզապես Զարուհու թեման ուզում են վերակենդանացնել, աշխույժ խաղի մեջ ներքաշել ընդդիմությանը: Դեմոկրատիզմը մինչեւ վերջ պիտի երեւա, եվրոպացիների ողորկ ճակատներին կարկուտի պես խփի, որ մանրիկ աչքերը ճպճպացնելով ասեն՝ ի՜նչ եվրոպական, դեմոկրատ մտածողություն ունի ՀՀ նախագահը:



 



Հասմիկ  Բաբաջանյան