Տվեք ինձ միֆ այն մասին, թե ինչ Հայաստան ենք մենք կառուցում

Տվեք ինձ միֆ այն մասին, թե ինչ Հայաստան ենք մենք կառուցում

 Հարցազրույց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ



 



-Էդգար, ինչպե՞ս ես քեզ զգում մի երկրում, որտեղ, այսպես կոչված, մտավորականությունը դեռեւս խորհրդային շրջանի ավանդույթներով բաց նամակներ է հղում «ռուսաց թագավորին»…



- Ինձ ստիպելով՝ փորձեցի մինչեւ վերջ կարդալ այդ հիմար նամակը, «սովետի հոտ» փչեց այդ ամենից: Կլասիկ սովետական նամակ է: Փորձենք հասկանալ, թե որն էր այդ նամակի իրական իմաստը` դա պետականության կորուստն է, իսկ մենք այսօր դե ֆակտո կորցնում ենք մեր պետականությունը:



 



- Ի՞նչ կատարվեց մեզ հետ անկախության այս 21 տարիների ընթացքում:



- Իրականում մենք ցույց տվեցինք, որ պետականություն չենք կարողանում կառուցել: Դրա հիմնական պատճառը մեր գենետիկ կոդն է, որի մեջ լիքը դրական բաների հետ միասին կան նաեւ շատ բացասական գեներ: Անձնական շահը միշտ գերիշխել է մեզանում, անձնական շահից հայ մարդը չի կարողանում վեր կանգնել` նախագահից սկսած մինչեւ ռամիկ: Իսկ դա ի՞նչ է նշանակում. որ յուրաքանչյուր գործառույթ չի դիմանում մեր անձնական շահերի փորձությանը, պետություն չենք կարող կառուցել, այսինքն` հանրային շահ գոյություն չունի:  Խոսելուց, դոշ պատռելուց բոլորը լավ են, բայց գործ անող չկա: Իշխանությունը ցույց է տալիս, որ իշխանություն ունենալն ամենալավ բիզնեսն է: Անգամ իշխանության ամենացածր օղակները «զնաչոկը» խփում են դոշներին, ու ճոխ կյանքն ապահովված է: Մնացածը մարդ չեն իրենց համար: Ես թշնամի եմ: Ես մարդ եմ, որն ուզում է ուժեղ պետություն ունենալ, բարձր արվեստ, աշխարհով մեկ թնդա մեր երկրի անունը, բայց ես թշնամի եմ:  Ի՞նչ պետություն, այսօր ռուսական արջը մռնչաց մեր վրա, վաղն ամերիկյան «սկունսը» կմռնչա ու կասի` ո՞վ ես դու:



 



- Շատերի կարծիքով, մեր «փրկությունը» դեպի Եվրոպա գնալը կլիներ



- Ի՞նչ է նշանակում գնալ Եվրոպա, կբացատրե՞ք ինձ: Փեշերը հավաքենք գնանք, Լյուքսեմբուրգին ասենք՝ կներես, դուրս արի ստեղից, որովհետեւ ես ուզում եմ Բելգիան իմ հարեւանը լինի, ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջա՞նը: Ո՞նց եք մտածում Եվրոպա գնալ, եթե դուք եվրոպացի չեք, այլ ասիացի եք ձեր մտածողությամբ: Կան 15-20 տոկոս եվրոպական մտածողությամբ մարդիկ, բայց հասարակության հիմնական մասն ասիացի է, ասիական արժեհամակարգի մեջ է ապրում՝ թե մշակութային, թե քաղաքական, թե սոցիալական… օլիգարխին, դեպուտատին թագավոր են ասում… դուք որեւէ եվրոպական երկրում տեսե՞լ եք, որ մարդիկ դեպուտատին կամ այլանդակ հարստացած մեկին թագավոր ասեն:



 



- Անկախություն կամ պետականություն մեկ օրում չեն կորցնում, իմ կարծիքովարդյոք 21 տարիների ընթացքում անկախ պետականության գաղափարը կարեւորվե՞ց մեզանում



- Իսկ ի՞նչ կապ ունի՝ մեկ օրո՞ւմ, թե՞ հինգ տարում: Ես ռուսական կրթություն ունեցող մարդ եմ, դա ինձ հնարավորություն է տվել խորհրդային շրջանում կարդալ ահռելի գրականություն, տիրապետել ահռելի ինֆորմացիայի, եւ ես խորհրդային փակ հասարակարգում ազատ մարդ էի: Այսօր ինչ է կատարվում. անկախ Հայաստանում, ինտերնետի եւ հսկա ինֆորմացիոն դաշտի առկայության դեպքում մարդիկ վերածվել են կենդանակերպ, ինչ-որ սուղ դատողությամբ սպառողական հասարակարգի: 20 տարի առաջ թող ինձ ասեին, որ սպառողական հասարակարգ են ստեղծելու, ես միանգամից փախնեի: Մեր կայքերը «ռեյտինգի» համար կգրեն, թե ով ինչ գույնի ներքնազգեստ է հագել: Երբ սկսում են վարկանիշները ղեկավարել ամեն տեղ՝ թե քաղաքական դաշտում, թե մշակույթի… դու դառնում ես վարկանիշի գերի: Այսօր ատում են այն քաղաքացուն, ով Հանրապետականի նշան չունի դոշին, կամ էդ շարֆիկները, այսինքն` ծաղրածու չի, էլի:



 



- Հասարակության մեջ երկխոսության եւ սիրո մթնոլորտ էլ չկա կարծես:



-  Դեկլարատիվ կամ կեղծ մեդիա սիրո մթնոլորտ` ինչքան ուզես: Մեր քաղտեխնոլոգները մտածում են, որ մի հատ «Բազե» կանենք, մի երկու փոփ երգիչների հայրենասիրական երգ կպատվիրենք ու վերջ: Հարցը լուծված է: Ինչպե՞ս կարելի է սեփական ժողովրդի հետ վարվել որպես վերջին անգրագետի եւ պրիմիտիվի հետ: Այդ հիմարները մտածում են, որ այս սարսափելի եւ կործանարար իրականությունը կարելի է մեդիա շղարշո՞վ քողարկել: Մարդիկ աչք ու ականջ ունեն: Նայեք ձեր շուրջը, բոլորն ամեն ինչ գիտեն: Նայեք ձեր հոգեւոր առաջնորդներին՝ բոլորը բիզնեսմեններ են… Ամեն ինչ կեղծ է… ինչպես սեքս-շոփում:



 



- Պետականություն ստեղծելու առաջին նախապայմանը ո՞րն է, որը մեզ մոտ չստացվեց:



- Պետականության ստեղծումը նշանակում է սեղմել անձնական շահը: Բանակի պրոբլեմը գիտե՞ք որտեղից է գալիս: Գեներալների առանձնատներից:



Իսկ մեր ժողովուրդն ամեն ինչ գիտի, հայ ժողովուրդն ամեն ինչ գիտի, ես ոչ մի տեղ չեմ տեսել այնպիսի մարդիկ, որ հարցնեն. «Էս խանութն ո՞ւմն ա»,… եւ իմանան ումն է:  Ժողովրդի մեծ մասը ծայրահեղ աղքատության մեջ է ու գիտի հարստացողներին անուն առ անուն:



 



- Ինչո՞ւ սոցիալական բունտ չի լինում:



- Որովհետեւ մենք բունտ անող ազգ չենք:



 



- Իսկ ի՞նչ ազգ ենք:



- Մենք թողնող-հեռացող ազգ ենք: Արտագաղթը մեր գենետիկ կոդի մեջ է:



 



- Այնուամենայնիվ, դու ֆիլմեր էիր նկարում, երբ մթնոլորտը նորից լավագույնը չէր ստեղծագործելու համար, սակայն «Արարատից Սիոնը» «Մոսկվա» կինոթատրոնում լեփ-լեցուն դահլիճ հավաքեց:



- Դրա մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ իրենց համար «օրինակ» չի, իրենց կարծիքով՝ պետք է կատակերգություն լինի, որ դահլիճ լցնի: Ոչ մի ժանր չի մնացել կատակերգությունից բացի: Սա եւս տեխնոլոգիա է՝ ամեն կերպ մարդկանց ետ պահել մտածողական պրոցեսներից: Եվ շուտով դրա կարիքը չի լինի, մտածելը կմոռանան իմ կատակերգասեր համերկրացիները: Էլ ի՞նչ հիշեն, որ «Արարատից Սիոնը» ամիսուկես դահլիճ էր լցնում: Ես հասկանում եմ, որ այս արժեհամակարգում ավելորդ եմ: Ես չունեմ իմ տեղը: Այս պետության մեջ իրենց լավ են զգում նրանք, ովքեր սողալ գիտեն, ովքեր թռնել գիտեն՝ լավ զգալ չեն կարող:



 



- Անճաշակությունը միայն կինոյում չէ…



- Քաղաքի գեղցին ամենուր  եվրոռեմոնտ է անում:  Եկեղեցիներն են եվրոռեմոնտ անում, Ծածկած շուկան, ու պատկերացրեք՝  գեղցիները կուբամետրով փող ունեն: Կործանված է էս երկիրը: Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը Լֆիկ Սամոն, կարմիր եւ դեղին գլխարկների պայքարը վերածեց կատակերգության, այսինքն` ինքը մի պոստմոդեռնիստական քայլ արեց (կարմիր գլխարկների մասին է խոսքը), չիմանալով անգամ պոստմոդեռնիզմն ինչ է, ու այս ամենը վերածեց խեղկատակության, վերածեց իդիոտիզմի: Դուք ի՞նչ կինո եք ուզում ունենալ, եթե փողերը նման մարդկանց ձեռքում են:



 



- Ի՞նչն է մեզ համախմբելու:



- Քանի դեռ մեզ համախմբում է միայն ցեղասպանությունը, մենք այսպես էլ շարունակելու ենք ապրել: Ուրիշ համախմբող բան մենք չունենք: Ես չեմ ուզում երեկվա օրը մեզ համախմբի, ես ուզում եմ վաղվա միֆը մեզ համախմբի: Տվեք ինձ միֆ այն մասին, թե ինչ Հայաստան ենք մենք կառուցում, եւ ես պատրաստ եմ հավատալ: Ես գոտիս կձգեմ ու կմնամ երկրում, բայց գոտին պետք է ձգի նաեւ Սերժ Սարգսյանը եւ մյուս բոլոր իշխանավորները: Իսրայել պետությունը, որն այսօր կա, միֆ էր, իրենք այդ միֆը սարքեցին իրականություն: Մենք էլ կարող էինք 21 տարվա մեջ դա անել, մենք չարեցինք… մենք եկանք-թռանք կաթսայի մեջ՝ լափելու:



 



Աշխեն  Քեշիշյան