Ավագ քեռու փոխարեն` ես կամ անձամբ շփվելու կուլտուրայի պակասը

Ավագ քեռու փոխարեն` ես կամ անձամբ շփվելու կուլտուրայի պակասը

Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ կարեւոր հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:



 



Այդպիսի հայտարարություններ ով ասես չի արել, բայց մեր հաստատ համոզմամբ, այդ կարգի հայտարարությունների մեջ կարեւորվում են միայն Սերժ Սարգսյանին հավասար մարդկանց հայտարարությունները: Ամեն պատահական անցորդ մի բան կարող է ասել, բայց հո չի կարելի ամեն ասված բան կարեւորել:



 



Թույլ տվեք եւս մեկ անգամ ասել` Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ կարեւոր հայտարարություն է արել Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին: Այդ մասին են խոսում նաեւ արձագանքները, որոնք վկայում են, թե ինչպիսի իրարանցում է սկսվել գործող նախագահի թիմում: Կարող եք չկասկածել` նույնը տեղի էր ունենալու, եթե նման հայտարարություն աներ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե Սերժ Սարգսյանի հրաժարականը բարձր մակարդակով պահանջեին ԵՄ-ից կամ Ռուսաստանից, անկարելի է բառերով նկարագրել:



Այս պահին մեզ ավելի շատ զարմացնում է այն, որ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե Տեր-Պետրոսյանի հայտարարությունն անհիմն է: Ախր ինչպե՞ս կարող է նման բան լինել: Ո՞վ է տեսել, որ նախագահ մարդիկ (նախկին կամ ներկա) անհիմն բաներ խոսեն:



 



Նրանք էլ հո լրագրող չե՞ն, որ ասեն ու գրեն` ինչ պատահի: Չե՞ք տեսնում, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ինչպես է ուզում մի բան ասել ՄՄ մտնելու մասին ու չի կարողանում: Ամեն անգամ հայտարարում են` Ռոբերտ Քոչարյանը շուտով կխոսի: Ո՞ւր է: Բայց սա արատ չէ: Մարդը մտածում է` գիտակցելով, որ չի կարող հընթացս հայտարարություն անել, որովհետեւ իր հայտարարությունը կարեւոր է:



Բոլորը հիմա զգում են, որ օդում Սերժ Սարգսյանի խոսքի պակասը կա: Այդ նա պետք է հակադարձի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ոչ թե Արտաշես Գեղամյանի կալիբրի գործիչները, ովքեր, անտարակույս, կխեղդվեն Տեր-Պետրոսյանի բարձրացրած մեկ փոշեհատիկի մեջ:



 



Իսկ նման պահանջ կա, որովհետեւ կա նաեւ երեք նախագահների երկխոսության պահանջ: Մենք չենք կարծում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նման հոդված կգրեր, կամ Ռոբերտ Քոչարյանը կխոսեր հանուն թագավորի ամեն ինչ զոհաբերելու անթույլատրելիության մասին, եթե մեր նախագահների միջեւ նորմալ երկխոսություն լիներ:



Թող տպավորություն չստեղծվի, թե երկրորդում ենք Գառնիկ Իսագուլյանին` պահանջելով երեք նախագահների ցուցադրական հանդիպում: Խոսքը դրա մասին չէ, այլ այն արատավոր պրակտիկայի, որ մեր նախագահների ամեն խոսք փորձ է արվում արժեզրկել: Այո, Տեր-Պետրոսյանի խոսքն արժեզրկվում է, երբ դրան պատասխանում են, ներողություն, Էդուարդ Շարմազանովը կամ Գալուստ Սահակյանը, Տեր-Պետրոսյանի խոսքն արժեզրկվում է, երբ սկսում է, օրինակ` Արամ Մանուկյանը, կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկունքին:



Խոսքն ավելի շատ մեր նախագահների միջեւ բանավեճի բացակայության մասին է: Բանավեճի հրապարակը դատարան չէ, որ քո ներկայացուցչին կամ փաստաբանին ուղարկես: Բանավեճի ժամանակ սխալ է, որ քո ուղեղի փոխարեն ներկայացուցչիդ ուղեղն աշխատի, քո բառապաշարի փոխարեն նրա բառապաշարը գործադրվի: Մանավանդ, եթե օպոնենտդ քեզ հավասար մեկն է, դու պետք է կանգնես ու ապացուցես, որ ճիշտը դու ես:



Իսկ ինչո՞ւ մեր նախագահների միջեւ չի ձեւավորվում երկխոսության ու բանավեճի հարթակ: 4 տարի է անցել, բայց Սերժ Սարգսյանը չի պատասխանել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը` Ես Գյուլին չէի հրավիրի Հայաստան:



 



Երեք տարի է անցել այն օրից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դադարեցրեց հանրահավաքները, որպեսզի չխանգարի Գյուլին` իրեն լավ զգալ Երեւանում: Փաստորեն` Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսնում էին նույն պատուհանից, իսկ Ռոբերտ Քոչարյանը` բոլորովին այլ: Իսկ ո՞ւր է բանավեճը: Մի՞թե մեզ այդ հարցում պակասում էին Արտաշես Գեղամյանի հեկտարանոց հոդվածները հայ-թուրքական ֆուտբոլ-շախմատի մասին, մի՞թե մեզ ավելի օգտակար եղան Հայաստանում թուրքական ապրանք սաղացնողների քննարկումները եւ կամ Վազգեն Մանուկյանի առնվազն տարօրինակ հայտարարությունը, որ դեռեւս 1965-ին էինք մենք պահանջում հայ-թուրքական սահմանի բացում:



 



Կարծում եք ճի՞շտ էր մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության ԱԺ հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Սամվել Նիկոյա՞նը պետք է որոշեր` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն էր մեղավոր, որ ընդհարում եղավ: Տպավորություն է, որ նախագահները դատարան են բերվել, ու նրանց դատապաշտպանները, իրար հերթ չտալով, մեղադրում են մյուս կողմերին, միայն թե արդարացնեն իրենց պաշտպանյալին: Ստացվում է լեզվակռիվ: Մինչդեռ բոլորովին այլ բան կստացվեր, եթե երկխոսության կամ բանավեճի արդյունքում նախագահները գային եզրակացության, որ իրենցից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի այդ ամենի մեջ, որ դա սիստեմի արատն էր, ու պետք է ամեն ինչ անել` հետագայում նման բաներից խուսափելու համար:



 



Իսկ կա՞ն խանգարիչ հանգամանքներ, որ թույլ չեն տալիս մեր նախագահներին ուղիղ խոսել միմյանց հետ, բացահայտ, առանց միջնորդների, առանց կողմնակի ակնարկների: Մենք չենք էլ ուզում մտածել, որ կան այդպիսի հանգամանքներ: Եվ ընդհանրապես` նրանց միմյանց կապող մեկ բան կա միայն` Հայաստանի Հանրապետությունը: Մնացածը` մարդկային որակներ, չկիսված բաներ, գաղափարական տարաձայնություններ, դեռ բավարար կռվաններ չեն, որոնցով հնարավոր լինի բացատրել, թե ինչու նախագահները չեն կարողանում երկխոսել ու բանավիճել անձամբ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ