Ասել եմ` կոկորդդ փրթելու եմ, արունդ խմեմ

Ասել եմ` կոկորդդ փրթելու եմ, արունդ խմեմ

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության մեկ այլ դեպք:






Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»: Հոկտեմբերի 9-ին Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Սիրանույշ Աղաբեկյանը, որին ամուսինը դանակով մի քանի հարված էր հասցրել ականջի եւ ուսի շրջանում: Բժիշկն ասում է` Սիրանույշի բախտը բերել է: Հարվածի միլիմետրի շեղումը կարող էր կնոջը հաշմանդամ դարձնել: «Վնասված հատվածով արտաքին քնային զարկերակն է բարձրանում, ուղղակի բախտը բերել է, որ զարկերակը չի վնասվել, թքագեղձի ամբողջ հաստությամբ վնասվածքը գնում էր, բախտի հարց է եղել, որ չի դիպչել»,-մեզ հետ զրույցում ասում է Վանաձորի հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Պապյանը, որը Սիրանույշի բուժող բժիշկն է: Դեպքից մեկ շաբաթ հետո տիկին Սիրանույշը հիվանդանոցից դուրս է գրվել, հիմա աշխատում է, բայց առողջությունն ամբողջությամբ դեռ չի վերականգնվել: Թեեւ բժիշկն ասում է՝ Սիրանույշի բախտը բերել է, բայց դժվար է նրան բախտավոր կին համարել. ամուսինը տարիներով «օր ու արեւ» չի տվել թե′ կնոջը, թե′ երեխաներին: «Էնքա՜ն ա եղել կռիշում ենք քնել, սրա-նրա տանը… հոգնել էինք: Համարյա ամեն օր հարբած էր, էնա, որ խմում էր, ձեռքի տակ ընկածը շպրտում էր մեր վրա, տանը բան չի մնացել, սաղ ջարդելա»,-հոր՝ Լեւոն Աղաբեկյնաի մասին պատմում է Սիրանույշի դուստրը՝ Մարինեն: Լեւոնը չէր աշխատում, դստեր պատմելով` անտառից հատապտուղ էր հավաքում մոր հետ միասին, շուկայում վաճառում, բայց ամբողջ գումարը խմիչքի վրա էր ծախսում. «Հարբում էր, իրան կորցնում ու ամենավերջին ուշունցները մեզ տալիս:  Մորս, որ ծեծում էր, մեջ էինք ընկնում, մեզ էլ էր խփում: էս ամեն ինչը մի օր, մի վատ բանով պիտի վերջանար»,-ասում է Մարինեն: Մորը հոկտեմբերի 9-ին դանակով վնասելն առաջին դեպքը չէ: Մարինեն ասում է, որ մոտ 2 տարի առաջ էլ հայրը դանակահարել է մորը, սակայն այդ անգամ վնասը թեթեւ է եղել, քանի որ տիկին Սիանույշի ձմեռային հագուստները նրան փրկել են, բայց փոխարենը մորը նորից ծեծել է:






Մեր հարցին, թե ոստիկանություն դիմել են, Մարինեն ասում է. «Հա բա ինչ ենք արել, գործ չեն հարուցել, ասել են, բան չկա: Մաման անընդհատ տենց վնասվածքներով գնում էր բողոքում էր, ասում էին` լավ չեք բողոքում, լավ բողոքելը ո՞րն ա: Եսիմ, ինչ էին ուզում»: Խմիչքի սիրահար այս տղամարդու ընտանիքը ամեն հերթական ծեծ ու ջարդից հետո թողել հեռացել է. մեկ Ենոքավան գյուղում են բնակություն հաստատել, մեկ` մորաքրոջ կամ հորեղբոր տանը. «Ուր էլ գնում էինք, հետեւներիցս գալիս էր, էլի խմած ու վախեցնում էր, որ մի բան կանի մեզ: Հետո խոստանում էր, որ էլ չի խմի, 2 օր չէր խմում, հետո նորից սկսում»: «Որ մենակ ինձ տանջեր ու ծեծեր, կասեի՝ հա, բայց էրեխեքիս ինձ հավասար տանջում էր, վախում էի, որ մի օր իմ ջահել 18 տարեկան տղես կյանքը բերդում կանցկացնի:






Նա հաստատ էդ ծեծի ժամանակ կարար հորը խփեր, բա աչքի դեմը հերը մորը ծեծում էր, բա ինչ կաներ»,-մեզ հետ զրույցում պատմում է տիկին Սիրանույշը` ցույց տալով դեմքի վիրակապը ու Աստծուն փառք տալով, որ գոնե այդ վնասվածքով դեպքն ավարտվեց ու միայն ինքը տուժեց: Տիկին Սիրանույշի պատմելով, ամուսինը մշտապես գալիս էր իր աշխատանքի վայր ու հայհոյանքներով սպառնալիքներ տեղում կնոջ հասցեին: Դեպքից որոշ ժամանակ առաջ տիկին Սիրանույշը տղայի ու դստեր հետ լքել էր ամուսնուն եւ այլեւս մտադրություն չուներ նրան ներելու ու մի տանիքի տակ ապրելու. քրոջ տանն էին ապրում: «Դանակահարության օրը գործից դուրս եկա, մինչեւ էդ նայել էինք էդ մասերում չէր էրեվացել: Կանգառում էի, ու մեկ էլ ծառի հետեւից դուրս եկավ, վախեցա:






Մեկ էլ ասեց` վերջին օրդա, ասել եմ` կոկորդդ փրթելու եմ, արունդ խմեմ, մոստից քցեմ ձորը: Ասեցի՝ էդ ծրագիրդ որոշել ես, ու մեկ էլ ձեռը տարավ գրպանը ու տենամ մի սեւ բան. դանակ էր: Էլ չհասկացա, ոնց խփեց ու փախավ, ես էլ արնաշաղաղ հազիվ հասա հետ՝ գործի տեղ ու էնա շտապ օգնություն կանչեցին»,-դեպքի մասին է պատմում տիկին Սիրանույշը: Ընտանիքը բազմիցս խնդրել է Լեւոն Աղաբեկյանին դիմել բժշկի, որպեսզի ալկոհոլի կախվածությունից ազատեն, բայց, ինչպես Սիրանույշն ասաց՝ «Լեւոնը հրաժարվում էր ու ասում` ես հիվանդ չեմ, հիվանդը դուք եք, ճաշիս մեջ բան եք գցում, որ գժվեմ: Բայց, որ խմում էր, չեք պատկերացնի ինչեր էր անում, էդ պատմելու չի: Ամենամեղմը` մի անգամ գազի վրա եռացող ճաշը վերցրել ա ու մեր վրա շպրտել: Տունն էլ կծախեի, մենակ թե բուժվեր, ընտանիքս չքայքայվեր, բայց չէր ուզում գնար բուժման, միլիցայությանն էի խնդրել օգնեն, ասել են, որ տենց օրենք չունեն, որ ստիպողաբար ուղարկենք բուժման»:






Տիկին Սիրանույշն ասում է, որ ամուսնու կողմից բռնությունից հետո կապտուկներով դիմել է դատական բժկի, ոստիկաններին խնդրել է պատասխանատվության ենթարկել, բայց վերջիններս ասել են` «Կալանավորելու հիմքեր չկան, 50-100 հազար դրամ տուգանք է հասնում, կարա՞ք մուծեք, որ գործ հարուցենք»: Տիկին Սիրանույշն էլ ասում է՝ «Ինձ որտեղի՞ց էդքան փող, որ համ չէինք ազատվելու դրանից, համ էլ պարտք հավաքեմ ու տուգանք մուծեմ»: Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ տարիներով դիմացել բռնություններին մեր այս հարցին Սիրանույշը մի փոքր խեղճացած ասում է՝ «Ախր ո՞ւր թողնեի գնայի, ինչքան կարայի բարեկամների տանը ապրեի, փող էլ չունեի, որ վարձով ապրեինք: Համ էլ հույս ունեի, որ կուղղվի: Բացի էդ, ուր էլ գնում էինք` գտնում էր»: Ներկայումս Լեւոն Աղաբեկյանը կալանավորված է:






Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Նարեկ Օսյանը մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ Լեւոն Աղաբեկյանի գործը մեկ շաբաթից կուղարկվի դատարան, նրան մեղադրանք է առաջադրվել «Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով: Մեր այն դիտարկմանը, որ Սիրանույշ Աղաբեյանը մի քանի անգամ դիմել է ոստիկանություն` ամուսնու կողմից ծեծվելու առիթով, բայց ոստիկանությունը որեւէ անգամ գործ չի հարուցել, պարոն Օսյանն ասաց. «Կան դեպքեր, երբ բողոքում են, հետո գալիս են ասում` մենք հաշտվել ենք, չենք ուզում քրեական պատասխանատվության ենթարկվի, այս պարագայում քրեական գործ չի հարուցվում: Չգտեմ իրենք ինչի մասին են խոսում, բայց մենք իրավունք չունենք մարդուն ազատությունից զրկենք, եթե մարդը ալկոհոլ է օգտագործում»:






Մեր այն դիտարկմանը, որ հարբած ժամանակ կնոջը ծեծի է ենթարկել, այդ առիթով են բողոքել, պարոն Օսյանն ասաց` «Եթե ինքը բողոքի, ասի` ես ուզում եմ քրեական պատասխանատվության ենթարկվի, գործ կհարուցվեր»: Այս ընատանիքը բռնություններից փրկվելու, տիկին Սիրանույշն էլ տառապանքներից ազատվելու եւ առավել եւս Լեւոն Աղաբեկյանն էլ դատապարտվելուց խուսափելու հնարավորություն ունեին, եթե ոստիկանությունը ժամանակին գործ հարուցեր ու այն դատարան ուղարկեր: Եւ գուցե դատավորը որոշում կայացներ Աղաբեկյանին ուղարկել հարկադիր բուժման: Դեպքերի այս ընաթացքը հնարավոր է համարում ՀՀ գլխավոր նարկոլոգ եւ նորկոկլինիկայի ղեկավար Պետրոս Սմերջյանը: Նա մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ եթե հակահասարակական արարքի պատճառը, դատարանը որոշի, որ կապված է անձի հիվանդության հետ, այս դեպքում՝ ալկոհոլիզմի, օրենքը թույլ է տալիս ուղարկել հարկադիր բուժման. «Գուցե դատավորը պատիժ նշանակեր, դրա հետ մեկտեղ նաեւ հարդկադիր բուժում, գուցե միայն բուժում, կամ՝ միայն պատիժ:






Ամեն ինչ կախված է առանձին դեպքից: Ոլորտը հստակ կարգավորված է: Բայց նաեւ շատ է լինում, որ կանայք միայն բանավոր են բողոքում, գրավոր, որը հիմք է, չեն բողոքում»: Արդյոք շատ են դեպքերը, երբ դատարանի որոշմամբ անձին հարկադիր բուժման են ուղարկում, պարոն Սեմրջյանը վստահեցնում է՝ «Տարեկան ընդամենը 7-8 նման  դեպք է լինում»: Չնայած, դատարանը կորոշի, թե Լեւոն Աղաբեկյանն, այսպես ասած` քանի տարով կդատապարտվի, որքան ժամանակ կալանավորված կմնա, բայց տիկին Սիրանույշի ու նրա երեխաների վախը չի անցնում ու քանի մոտենան Աղաբեկյանի կալանքից ազատվելու օրերը, ընտանիքի անդամները ահ ու սարսափի մեջ են լինելու: «Նա մեկ ա, դուրս էլ գա, ինձ էլի հետապնդելու ա, քանի անգամ ա ասել` դու իմ աչքի առաջ չպիտի ապրես, սպանելու եմ: Չգիտեմ, թե ուր փախնեմ: Չեմ պատկերացնում, ինչ եմ անելու: Նրանից պրծում չկա»: Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/:






Նելլի Բաբայան



Հետաքննող լրագրող ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ