Գասպադին Պուտին, մի թաղվել ա մնացել, դրանից էլ մեզ մի զրկի…

Գասպադին Պուտին, մի թաղվել ա մնացել, դրանից էլ մեզ մի զրկի…

Մեկ էլ գրադի տարիներին էին այդպես: Երևանցիները չեն իմանա, բայց սահմանամերձ ու գնդակոծվող տարածքի մարդիկ լավ կիմանան ու հիշեն, որ գնդակոծությունը երբեմն այնքան ուժգին ու հաճախակի էր լինում, որ մարդիկ իրենց մեռելին օրերով վախենում էին տնից հանել: Հիմա Պուտինն ա՞րկ է, գրա՞դ է, ռու՞մբ է, որ գյումրեցին վախենա մեռելին տնից հանի:






Թագավոր է, եկել, եկել է, ո՞նց կարելի է մեռելատիրոջը ասել՝ Պուտինը, որ գնա, հետո կթաղեք: Պատերազմի ժամանակ մենք էլ էինք այդպես ասում՝ հրետակոծությունը որ վերջանա, թաղումը կանենք: Հիշում եմ, մի օր հարևան մի մեծահասակ պառավ օրենք էր խախտել ու թունդ հրետակոծության ժամանակ մեռել: Գնացի, որ ցավակցեմ: Մտա - տեսա՝ պառավը «մենակ, իրա համար հանգիստ, սեղանի վրա մեկնված է»: Առավոտ շուտ էր՝ ասացի բարի լույս տատի: Ձեն չհանեց՝ հա՜ էլի մեռած է: Որ մեռած չլիներ, հենա տեղաշորում պառկած կլիներ:






Աջուձախ նայեցի, կենդանի շունչ չկար, դուռը կրնկի վրա բաց էր, որ ով ուզում է, գա ու պառավին հրաժեշտ տա: Էդ պահին «նենց մի գրադի զալպ խփեց», որ պառավը սեղանի վրա տեղադրված «չյոռնի արկղի մեջ» ժաժ եկավ, նորից ասացի՝ բարի լույս տատի: Էլի ձեն չհանեց՝ հա՜ էլի մեռած է: Թաքով աթոռ քաշեցի ու նստեցի՝ է՜, տատի դու էլ մեռնելու ժամանակ էիր գտել: Մեկ էլ հարսը ինչ որ ծակից դուրս եկավ ու ասաց. «Ախչի, տու հո բայղուշ չես, ըռվետվա ծեքին քոնըդ տարալ չի՞, բա վեր ասկոլկի փայ ըլնեիր »:






Իմացա, որ ողջ ընտանիքով ապաստարանում են, մարդն էլ վախից «ցռան ինգալ ա»: Նստեցի, հարսը պառավի ընկերակցությամբ ինձ կոֆե տվեց /պառավը չուզեց՝ հա՜ էլի մեռած է/, հետո բախտս նայեց ու ասաց՝ դե ես իջնում եմ ապաստարան, դու տատիի հետ կարաս մնաս, մենակ վախում ա: Իմացա, որ գիշերով են տատիին վերցնելու: Որ մութն ընկավ, Քաջ Նազարի պես ես էլ դուրս եկա՝ քյարվան կտրելու: «Ցռան ինգած տղան» դագաղի ծերից բռնել ու ականջը ձայնի էր՝ հանկարծ չգնդակոծեն: Շատ չէինք, մի քանի հոգով էինք, ոնց որ ակցիաների ժամանակ: Հենա հա՜ հասել էինք գերեզմանատուն, երբ գրադը խփեց: Որ խփեց, դագաղը շրխկացնելով գցեցին գետնին ու փախան: Էլի մնացինք ես ու պառավը: Մտքովս անցավ՝ սրանք էս պառավի հետ ինձ էլ են հորով-մորով անելու, ձեն տվի՝ մեռելը վնասվել ա, եկեք, տարեք:






Մեքենայի մեջ էին պատսպարվել, գլուխները հանեցին ու եկան ափալ-թափալ պառավին հողաքարախառն արին, մի հատ մտքներով չանցավ, որ պառավը մենակ վախում ա: Հետո էլ «ցռան տղան»՝ արխային եմ, մաման ապահով տեղում ա, խորը ու հանգիստ շունչ քաշեց ու մեքենայի մեջ երեխու քնով քնեց: Ես էլ հա՜ մտածում և ուզում էի այդ «ցռանին» արթնացնեի ու ասեի՝ ա՜յ տղա, մեռելը ամեն տեղ էլ ապահով է, մեռնելուց հետո ո՞վ կարա խախտի նրա հավիտենական ապահովությունը: Ուզում էի, բայց մեկ էլ խղճում էի՝ թող հանգիստ ու անգիտակ ապահով մրափի: Հիմա գանք Պուտինին: Գասպադին Պուտին, մի թաղվել ա մնացել, դրանից էլ մեզ մի կտրի…






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ