ԲՈՀ-ը նոր նախագահ և տեղակալ ունի

ԲՈՀ-ը նոր նախագահ և տեղակալ ունի

Դեկտեմբերի 3-ին կայացած մրցույթի արդյունքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԲՈՀ նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանը, ով Արտյուշա Ղուկասյանի հեռացվելուց հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր:



 



Արզումանյանն արդեն հասցրել է նաեւ տեղակալ նշանակել՝ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանին, ով 2008-2010թթ. աշխատել է Գիտության պետական կոմիտեում:



 



Ի դեպ, Ատոմ Մխիթարյանի կինը՝ Աստղիկ Ավետիսյանն էլ վերջերս նշանակվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մամուլի խոսնակ: Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի ներսում տիրող մթնոլորտին եւ ատենախոսությունների հաստատման գործընթացին, որից այնքան դժգոհություններ կան մեզանում, ապա, ԲՈՀ-ի աշխատակիցների կարծիքով, որոշ տեղաշարժեր արդեն կան: Մասնավորապես, ասում են՝ մեծ թիվ են կազմել մերժումները:



 



ԲՈՀ-ի ինտերնետային կայքում տեղադրված ցանկից պարզվում է, որ, հուլիսից սկսած, ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդներ են վերադարձվել տարբեր ոլորտներին վերաբերող 36 աշխատանքներ: Դրանց մեջ ամենաշատը տնտեսագիտության թեմաներն են՝ թվով 11 աշխատանք: Մեր տեղեկություններով, դրանց մեծ մասը մեր հարեւան Իրանից ժամանած «գիտնականների» աշխատանքներն են, ովքեր էժան գնով դիսերտացիա եւ գիտական կոչում ձեռք բերելու ճանապարհն են գտել: Ի դեպ, տնտեսագիտության մասնագիտական խորհուրդները երկուսն են: Մեկի նախագահը Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Յուրի Սուվարյանն է, քարտուղարը՝ Ա. Ասլանյանը, մյուսինը՝ նախագահ Գ. Ղարիբյանը, քարտուղարը՝ Ա. Առաքելյանը: