Այս կառավարությանը մի տրամաբանական առաջարկ կարելի է անել` հեռացեք

Այս կառավարությանը մի տրամաբանական առաջարկ կարելի է անել` հեռացեք

Կուտակային կենսաթոշակի մասին օրենքին  թեեւ դեմ են Հայաստանի  ողջ ժողովուրդն ու քաղաքական ուժերը, սակայն ակտիվ մասնակցություն, համախմբվածություն կոնկրետ խնդրի շուրջ չկա: Շատերը համարում են, որ դա լուծում չէ, եւ պետք է համախմբվել համակարգային փոփոխության նպատակի շուրջ: Շատերն իրենց գրասենյակներից են հետեւում այս պայքարին, քչերը՝  Ազատության հրապարակում պարզապես ներկա գտնվելով: Շաբաթ օրը Ազատության հրապարակ այցելածների թվում էր  վերածնված Հայոց համազգային շարժման ղեկավար Արարատ Զուրաբյանը: Նա վերջին միտինգավորների վերջին շարքերում ժողովրդի հետ զրույցի էր բռնվել, իսկ հարթակում իր նախկին գաղափարակիցներն էին` հին ՀՀՇ-ից սերված ու Հայ ազգային կոնգրեսի կազմում թեւեր առածները` Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ: Հարթակի վրա գտնվողներն ու ժողովրդի շարքերում գտնվող ՀՀՇ-ականներն ընդամենը մի քանի տարի առաջ  հարյուր հազարավոր քաղաքացիների առաջնորդում էին դեպի հեղափոխություն, բայց այնպես ստացվեց, որ Մարտի 1-ից հետո ամեն ինչ փոխվեց՝ նախ, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը պառակտվեց, ապա ՀԱԿ-ը, ռեժիմի անբաժան մաս կազմող ԲՀԿ-ի հետ դաշնակցելով, սկսեց փորձել «ազատվել» նույն ռեժիմից։ Նոր դաշինքը չհանդուրժողների մեջ էր Արարատ Զուրաբյանը՝ իր մի քանի գաղափարակիցներով, որոնք որոշեցին վերակենդանացնել ՀՀՇ-ն: Եվ ստացվեց այսպիսի պատկեր. արդեն 2014 թվականի հունվարի 18-ին  մարտի 1 տեսածների բանակի մի գունդը, ԲՀԿ-ին թեւանցուկ արած, հարթակում էր, մյուսը`հրապարակի վերջում` հասարակ քաղաքացիների կարգավիճակում, որտեղ նույնիսկ լսելի չէին հարթակից հնչող ելույթները: Որքա՞ն ժամանակ է նոր ՀՀՇ-ն ունկնդրի կարգավիճակում մնալու, ի՞նչն է խանգարում հրապարակային գործել ու ակտիվանալ ընդդեմ իշխանության: Այս հարցերն ուղղեցինք Արարատ Զուրաբյանին: Ընդգծենք, որ կուտակայինի «կնքահայր» վարչապետն Արարատ Զուրաբյանի մտերիմներից է:



 



- Պարոն Զուրաբյան, ՀՀՇ-ի վերստեղծումն ավելի շռնդալից էր, քան գործունեությունը: Ի՞նչն է Ձեզ խանգարում ակտիվ լինել:






- Ի տաբերություն շատերի, մենք Հայաստանում շատ ենք տեսել, որ մարդիկ  շատ բարձր ձայն են հանում, բայց այդ ձայնը դատարկ տեղից է գալիս: Մենք սկսել ենք մեր գործունեությունը, կարծում եմ՝ կարճ ժամանակ հետո կուսակցությունը կսկսի լիարժեք գործել:



 



- Ինչ-որ կարեւոր բանի՞ եք սպասում կամ գուցե խնդիրնե՞ր ունեք…






- Ոչ մի կարեւոր բանի չենք սպասում, խնդիր չունենք, ամեն ինչ նորմալ է, հիմա կուսակցության շինարարությամբ ենք զբաղվում: Հավաքում ենք մեր մարդկանց, սկսում ենք շրջաններում ձեւավորել մեր բջիջները: Մի խոսքով, աշխատանք անում ենք, կարծում եմ` շտապելու բան չկա: Եթե ինչ-որ պրոցեսներ լինեն, մենք մեր մասնակցությունը կունենանք:



 



- Պրոցեսներ չկա՞ն։ Այս պահին մարդիկ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ  բողոքի ակցիաներ, հանրահավաքներ են անում, էլ չասած ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները:    Դրանք բավարար չե՞ն։






- Ինչպես տեսնում եք` հրապարակում մասնակցում եմ այս հանրահավաքին:



 



- Ինչո՞ւ հարթակում չեք, ձեր կուսակցությունն այդ խնդրի վերաբերյալ ասելիք չունի՞:






- Ասելիք շատ ունենք, կարող ենք առաջարկություններ անել: Գիտեք ինչ, ցանկացած պրոցես կազմակերպում են մարդիկ, կազմակերպություններ, հիմա, փառք աստծո, գտնվել են մարդիկ, որոնք որ կենսաթոշակայինի հետ կապված ակցիա են կազմակերպել, ես գտնում եմ, որ առողջ մտածելակերպ ունեցող մարդիկ պետք է մասնակից լինեն գործընթացին: Նրանք են կազմակերպել, մենք էլ, որպես քաղաքացիներ, մասնակից պիտի լինենք: Ինչ վերաբերում է  պրոցեսներին, կարծում եմ, որ առջեւում է, բոլորի գործողություններն էլ երեւալու են, այդ թվում՝ մերը:



 



- Դուք, որպես քաղաքական ուժ, օրինակ, այս խնդրի կապակցությամբ որեւէ առաջարկ ներկայացնելո՞ւ եք կառավարությանը:






- Ես գտնում եմ, որ այս կառավարությանը, այս իշխանություններին մի տրամաբանական առաջարկ կարող ես անել` հեռացեք:  Եվ այդ մարդիկ մի ճիշտ բան կանեն՝ թողնեն ու հեռանան:  Իրենք անելիք չունեն, այս երկիրը դարձրել են չքավորության, ստրկության երկիր:



 



- Մինչեւ գալիք ընտրություններ չե՞ք կարծում, որ թեկուզ այդ  տրամաբանական առաջարկի շուրջ պիտի համախմբվեն նույն պահանջն ունեցող քաղաքական գործիչները:






- Ես Ձեզ պարզ մի բան ասեմ՝ Ազատության հարթակում այս տարիների ընթացքում ինչ կոչ, պահանջ ասես՝ հնչել է, ինչ ասելիք ասես՝ ասվել է, միեւնույն է, երեւի թե չի հասունացել այն պահը, որ հասարակությունն ամբողջությամբ մոբիլիզացվի, ու այս խնդիրը լուծվի: Կոչ հնչեցնելը եւ այլն, պետք է ռեալ մոտենալ, գտնել այն պահը, որ ամենանպատակահարմարը կլինի, ու ճիշտը կլինի, որ այդ պահին կոնկրետ գործ արվի, թե չէ կոչեր հա էլ կհնչեցվեն:



 



- Օրեցօր ավելացող սոցիալական խնդիրները չե՞ն հասունացրել Ձեր նշած պահը: 






- Քաղաքական ուժերը բաղկացած են հասարակությունից, օրինակ, կոչ եմ անում մեր հասարակությանը` ըստ իր քաղաքական հայացքների ու մոտեցումների, մաս դառնալ քաղաքական ուժերին, որպեսզի այդ քաղաքական ուժերը հզոր լինեն ու կարողանան իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացնել, որովհետեւ այլ ձեւ չկա: Եթե լրատվամիջոցներին լրագրողներ են պետք, ապա քաղաքական գործիչներին՝ մարդիկ, ովքեր կմասնակցեն  գործընթացներին եւ իրենց ավանդը կունենան:



- Հայաստանում ընդդիմադիր դաշտն ի՞նչ վիճակում է,  պարոն Զուրաբյան:






- Ինչպես ասաց Արամ Սարգսյանը` պղտոր ջրերը դեռ չեն անցել, կհոսեն-կանցնեն, ու ամեն ինչ լավ կլինի:



 



- Պղտոր ջրերին գումարվեցին քոչարյանական  հարձակումները: Այդ մասի՞ն ինչ կասեք:






- Ես դա կգնահատեմ որպես կեղտոտ ջրերի ամենաբուռն գործընթաց: Գլուխն իր պոչին է քննադատում, պոչը` գլխին: Մի ներիշխանական բան կա, որ, իշխանության մեջ չլինելով, նրա բաղկացուցիչ մասն է: Հիմա մարդիկ իրար հետ կռվում են, թող կռվեն, հասարակությունն էստեղ անելիք չունի, ուղղակի մի բան ցավալի կլինի, որ հասարակության մի մասն այդ խայծը կուլ տա ու հավատա, որ Սերժիկից ազատվելու համար կարելի է գնալ դեպի Ռոբիկը, դա կլինի մարդկանց հիմարությունը, որովհետեւ երկուսն էլ նույնն են: Ռոբերտ Քոչարյանի պրոյեկտը դեռեւս վաղուց այն էր, որ ձեւավորեին մի քաղաքական ուժ, որ մինչեւ ընդդիմությունը մի բլոկ պակետ կլիներ, որը որ էսօր գործում է: Այդ ուժերն օտարված են այս հասարակությունից, չեն ապրում այս հասարակության կյանքով:



- Մինչեւ հաջորդ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ որեւէ փոփոխություն, բեկում ակնկալո՞ւմ եք  իշխանական, քաղաքական դաշտում:






- Ամեն օր: Մեր տիպի երկրում ամեն օր կարելի է ինչ-որ փոփոխություն սպասել: Ես օպտիմիստ եմ եւ մտածում եմ` ինչ-որ պահի ինչ-որ բան կփոխվի, բայց բեկման առումով ինձ համար որեւէ տեսանելի բան չկա:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]