Այնպիսի մարդկանց են մարտական մեդալներ տալիս, որ իմ մեռած ընկերներն են անգամ ինձ բողոքում

Այնպիսի մարդկանց են մարտական մեդալներ տալիս,  որ իմ մեռած ընկերներն են անգամ ինձ բողոքում

Փետրվարյան 10-րդ հոբելյանական համագումարին ընդառաջ՝ ԵԿՄ-ում խառն են: Համագումարի նախապատրաստական աշխատանքներ են տարվում, մարզային կառույցներում անցկացվում են ժողովներ, ընտրվում են համագումարի պատվիրակներ: Հունվարի 14-ին նիստ է հրավիրվել, hամագումարի նախապատրաստման համար աշխատանքային  կազմկոմիտե է ստեղծվել, ինչպես նաեւ աշխատանքային հանձնաժողովներ: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այժմ առավել քան երբեւէ, մարտական է տրամադրված եւ պատվի հարց է համարում  տարատեսակ խոսակցություններից հետո իր վերընտրվելը: Այստեղ կարծում են, որ նա միաձայն կվերընտրվի այդ պաշտոնում, ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում Մանվել Գրիգորյանի անունից բացի դեռեւս ուրիշ անուն անգամ բարձրաձայն չի քննարկվում: Եվ դա հասկանալի է. չնայած դժգոհություններին, այստեղ մնացածները հիմնականում կամ «Երկրապահի» կարգավիճակից որոշակի օգնություն ստացողներն են, որոնք ճարահատյալ հետ չեն վերադարձնում «Երկրապահի» իրենց գրքույկները, կամ էլ  գեներալ Մանվելի հետ նույն նավում գտնվողները: Որովհետեւ առավել սկզբունքայինների համար համաժողովրդական շարժումը դարձավ վճռական:



Բոլորն են հիշում, թե ինչպես գեներալ Մանվել Գրիգորյանը մի քանի ժամով հայտարարվեց ընդդիմություն եւ ապա հետ քաշվեց՝ զգալով  իր բիզնեսին ու կարգավիճակին սպառնացող վտանգները: Միեւնույն է՝ նա կորցրեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, բայց պահպանեց ու հետո վերականգնեց իր կարգավիճակը:



Սակայն շատերն ստիպված եղան լքել կառույցը՝ Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան եւ այլք, կամ էլ, իրենց աջը քաշած, մոռացության մատնեցին դրա գոյությունը:  ԵԿՄ կանոնակարգի համաձայն, վարչությունն է ներկայացնում  նախագահի թեկնածություններ, հետեւաբար, ամեն բան առավել քան կանխատեսելի է: Վազգեն Սարգսյանի գնդակահարվելուց հետո, ինչպես գիտեք, երկրապահները նրան ընտրեցին հավերժ նախագահ։ Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանը դարձավ ԵԿՄ նախագահ։ Սակայն Վազգեն Սարգսյանի ժամանակների ԵԿՄ-ից ու նրա վարչության կազմից այսօր գրեթե ոչինչ չի մնացել, բացառությամբ մեկ-երկու անունների՝ Արա Կետիկյան, Ղուկաս Ուլիխանյան, վերջինը Վազգեն Սարգսյանի ժամանակ ՊՆ բուժվարչության պետն էր, ներկայում՝ առողջապահության նախարարի խորհրդական: Իսկ այսօրվա վարչության կազմում հիմնականում տեղ են գտել պատերազմի դաշտն անգամ չտեսած մարդիկ, որոնց թվում՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ական, ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, իշխանության մեջ գտնվող բազում անձինք:



«Արաբո» ջոկատի հրամանատար, ֆորմալ առումով ԵԿՄ-ական, բայց կառույցի գործերին չխառնվող եւ ԵԿՄ-ին հատկացվող որեւէ օգնությունից չօգտվող Մանվել Եղիազարյանը նույնպես կարծում է, որ ԵԿՄ-ում այսօր հավաքվել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն կռվի հետ, «բայց դարձել են ԵԿՄ անդամ, ԵԿՄ անունից են խոսում, դա ինձ վիրավորում է եւ նեղսրտում, բայց մենք չենք արտահայտվում, որովհետեւ ոչինչ չենք կարող անել, ամեն տեղ է նույնը, միայն «Երկրապահը» չէ, ամեն տեղ է այդպես՝ լինեն կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական կառույցներ: Այնպիսի մարդկանց են մարտական մեդալներ շնորհում, որոնք կռվի դաշտը չեն տեսել, իսկ «Երկրապահն» էլ չի ասում՝ եղբայր, դուք ո՞ւմ եք պարգեւատրում, ինչո՞ւ: Խոսքս քաղաքապետերի, թաղապետերի, ԱԺ նախագահի մասին է: Ուղղակի այնքան շատ են շները, որ չեմ կարող բոլորի անունը տալ, մեկի անունը տամ, մյուսն էլ դուրս կմնա: Մենք հայերով այնքան ենք աղավաղել մեր ազգային պատկերը, որ ես արդեն ամաչում եմ այդ մասին խոսել՝ Անդրանիկի, Մարտական առաջին աստիճանի խաչով են պարգեւատրում մարդկանց, որ իմ մեռած ընկերներն են անգամ բողոքում ինձ, դրա համար ԵԿՄ-ի մասին խոսելն այլեւս անիմաստ է, որովհետեւ այս համակարգի մի մասն էլ ԵԿՄ-ն է: Եթե գոմի մեջ կան կապված ցռան կովեր, եւ գոմը կեղտի մեջ կորած է, խոսել դռնակի մասին կամ դրա միջի առվակի մասին, որտեղով կեղտաջուրն է գնում, անիմաստ է: Մեր տունը դարձել է կեղտոտող կովերի ախոռ»:



 



- Ինչո՞ւ ԵԿՄ-ն դարձավ այդպիսին:






- Ես չեմ վախենում եւ պետք է ասեմ, որ այն ժամանակ էլ (նկատի ունի Վազգեն Սարգսյանի), երբ ԵԿՄ-ն թամբի վրա էր, այնտեղ խցկվել էին շատերը, որոնք կռվի հետ ոչ մի կապ չունեին: Ես իմ խոսքերով ոչ մեկին չեմ ուզում ինչ-որ բան հիշեցնեմ, հասկացնեմ, պարզապես ամբողջ կյանքս ապրել եմ ճիշտ եւ չեմ կարող սուտ բան խոսել: Թեպետ այն ժամանակ «Երկրապահին» բավական տեղ էին տալիս: Մարդիկ, կառույցներ կային՝ վախենում էին,  որովհետեւ ԵԿՄ գլուխ կար, կամային շատ տղաներ այնտեղ աշխատում էին, Վազգեն Սարգսյանի շնորհից այդ կառույցը հարգում էին, դրա հետ հաշվի նստում,  հարգանք ու կշիռ ուներ կառույցը:



 



- Միայն Վազգեն Սարգսյանի անձո՞վ էր պայմանավորված ԵԿՄ հեղինակությունը, թե՞ վերջին տարիներին կառույցը պարզապես կցվեց իշխանություններին:






- ԵԿՄ-ն քաղաքականության մեջ է եղել դեռ Վազգեն Սարգսյանի օրոք, նա իշխանության էր, եւ հզոր էր կառույցը, նույնն էլ կուսակցությունների մոտ է, երբ թամբի վրա են, ուժեղ են, երբ կողքը՝ առավել թույլ: ԵԿՄ-ն ոչ ռազմավարական, ոչ էլ հայրենասիրական կառույց հանդես չի եկել, այլ այն ժամանակ էլ որպես քաղաքական կառույց է եղել: Հայաստանում չկա որեւէ բան, որ կապ չունենա քաղաքականության հետ, հենց պետությունը ձեռքը որեւէ կառույցի գլխից վերցրեց, այն կարելի է պատառ-պատառ անել:



 



- Բայց չէ՞ որ գեներալ Մանվելն էլ մեծ ազդեցություն ունի եւ իշխանությունների շարքերում է:






- Գիտեք, ազդեցությունն իշխանությունն է, Վարդանիկն էլ երկրապահ չէ (Վարդան Ղուկասյանը), բայց տեսաք իշխանությունը նրան ինչ դարձրեց՝ քացով խփում էր, հարվածում, ջարդում, իհարկե, ըստ մամուլի եմ ասում: Իհարկե, Մանվել Գրիգորյանը Վարդան Ղուկասյան չէ, բայց, այո,  իշխանություն ունի:



Ինչի՞ եք կարծում, որ անփոխարինելի մարդիկ կան, չկան այդպիսիք, եւ կան մարդիկ, որոնք շատ ավելի լավ կղեկավարեին ԵԿՄ-ն, քան նախորդները, պարզապես նրանք իշխանության մեջ չեն եւ զրկված են այդ հնարավորությունից: Բայց եթե դուք կարծում եք, որ նախկինում ԵԿՄ-ն հրեշտակային կառույց է եղել, ես Ձեզ հետ համաձայն չեմ: Ինչո՞ւ հեռացան «Երկրապահի» տղաները, ինչո՞ւ: «Երկրապահը» չկարողացավ ազգային ոգին պահել, տղաների ոգին պահել, որ չփշրվի թագավորների սմբակների տակ, այ, դա հենց նրանց մեղքն է, դա իմ մեղքը չի, ես իշխանություն չեմ ունեցել, ես գործունեություն չեմ ծավալել:



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]