2014-ը աշխույժ ձիու տարի է լինելու

2014-ը աշխույժ ձիու տարի է լինելու

Բաղնիք



 



ՀՀԿ գրասենյակում այսօր բաղնիք է: ՀՀԿ ԳՄ անդամներին ներքին հրահանգ է իջեցվել նիստին ներկայանալ սեփական օճառով, քիսայով, չեչաքարով ու մյուս պարագաներով: Իսկ նրանք, ում սապոնը բան չի անում, պետք է ներկայանան ավտոմատ լվացքի փոշիով: Կարճ ասած` Սերժ Սարգսյանի սեուլյան կարճատև արձակուրդը ոմանց պատճառով հարամվել է: Չնայած համառ լուրերին, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների և նրա գրասենյակի հայտարարությունների պատճառով վարչապետական կռուգի համար կարգին լոգանք է լինելու, մեր ՀՀԿ-ական աղբյուրը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը քաջալերանքի կարժանացնի առանձին աչալուրջ ՙմոսկաների՚:



 



Իմաստուն ժողովուրդ ենք



 



Երբ տիրոջդ ասում ես վասալ, դու ընկալվում ես` վասալի վասալ: Սիրուն չի:



 



Սահմանամերձ



 



Երեկ գիշեր Panika.am կայքը լուր էր տարածել, որ Տավուշի մարզի Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վրա թուրքերը կրակ են թափում, ինչի հետևանքով այդ գյուղերի բնակչությանը տարհանել ու լցրել են հատուկ շինություններ (երևի ռմբապաստարաններ):



Այս կապակցությամբ` Ներքին Կարմիրաղբյուրից Երևանում ուսանող մի աղջիկ իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՙԺողովուրդ ջան, հանգստացեք, այդ ձայները մեր տնից են գալիս: Նոր խոսեցի հետները: Հերս ասում է` մերդ չէր ուզում ուշ ժամի ինձ սուրճ տալ, տարհանել եմ խոհանոց:



 



Գայլերը մտել են Երևան



 



Ինչպես հայտնում են ԱԱԾ ոչ պաշտոնական աղբյուրները, գորշ գույնի գայլերի հարձակում է նկատվել Երևանի և հարակից քաղաքների վրա: Քաղցած գիշատիչներն իրենց ճանապարհին հոշոտել են ինչ պատահի: Զգալի վնաս է հասցվել հատկապես կաթողիկոսի և վարչապետի տնտեսություններին: Գայլերը ոչնչացրել են հիշյալ քաղաքացիների անվտանգության նպատակով պահվող հորթերի ողջ գլխաքանակը:



 



 



 



Էդիկ Անդրեասյան