Ապե, բա էս ի՞նչ շուխուռ է…

Ապե, բա էս ի՞նչ շուխուռ է…

Ազգայնական հարցերը ամենանուրբն եմ համարում և այդ նուրբ հարցերից մեկի մասին եմ ուզում խոսել: Մամուլում ինչ մասին ուզում եք խոսեք, ում շորերն ուզում եք հանեք, հագցրեք, բայց մի մեծ ստոպ դրեք՝ երբ պատերազմական հաղորդագրություն եք տարածում: Աղբյուրը կարևոր չի, բայց անընդհատ նույն հաղորդագրությանն եմ հանդիպում. « Ադրբեջանական կողմը մոտ 1 ժամ առաջ կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ. գյուղացիներին  տարհանել են իրենց տներից եւ այժմ նրանք գտնվում են  հատուկ կացարաններում»: Գրողը պատկերացնու՞մ է, թե տարհանել բառը ինչ խուճապ ու անհանգստություն կարող է առաջացնել մարդկանց շրջանում, ախր դա   գեղարվեստական ստեղծագործություն չի, որ ոնց ուզես՝ ծաղկացնես: Կրակոցներ դիրքերի, գյուղի ուղղությամբ միշտ էլ եղել են, էդ հանկարծ մի ի՜նչ պատահեց, որ այդ կրակոցները մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին: Արմենի դեպքից հետո մարդիկ ավելի խոցելի են դարձել, սահմանամեձ դիրքերում ծառայողների ծնողները պրկված վիճակում են հայտնվել, նրանց թվում է, թե ամեն րոպե նույնը կարող է տեղի ունենալ իրենց տղաների հետ: …Ու հանկարծ այս տեղեկատվությունը: Մարդկանց տարհանում են: Հենց նոր լսում  էի հենց այդ դիրքերում գտնվող մի զինվորի հետ հարցազրույց ու մտածում՝ էս ի՞նչ օրի ենք հասել, որ զինվորն է հանգստացնում՝ ապե, պյան չկա, կրակոցներ են եղել, հիմա չկա: Նորից են հարցնում՝ ապե, բա էս ի՞նչ շուխուռ է: Խեղճ զինվոր՝ սահմանը պահի՞, թե բացատրություն տա, որ ոչ մի տարհանում էլ չի եղել: ՀՀ ՊՆ-ն այս հարցով մտածելու տեղ չունի՞, թե՞ լրագրողներով կարող ենք մեր մտածածն ու պատկերացրածը մամուլին հանձնել: Այն լրագրողներն էլ, ովքեր պատերազմական ծխի հոտն անգամ չեն առել, կարող են խոտի այրվելու հոտն առնել ու ասել՝ փախե՜ք թուրքը գալիս է:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ