24 ժամ մինչև հեղաշրջո՞ւմ

24 ժամ մինչև հեղաշրջո՞ւմ

Երեկ Ուկրաինայի պատմության երեւի ամենանշանավոր օրվա 95-րդ տարեդարձն էր: 1919թ. հունվարի 22-ին ազդարարվել է միացյալ եւ անկախ ուկրաինական պետության հիմնադրման մասին` թերեւս պատմության մեջ առաջին անգամ: Եվ ահա, ճակատագրի հեգնանքով հենց երեկ, այդքան նվիրական մի օր Ուկրաինայի համար, դիմակայությունը եվրաինտեգրում պահանջող ժողովրդի եւ գործող իշխանությունների միջեւ հասավ այնպիսի լարվածության, որ եղան զոհեր:



 



Որեւէ մեկն անզգուշության զոհ չէ: Մի զոհը՝ Սերգեյ Նիկոյանը, ում մահվան մասին երեկ հաղորդեցին հայաստանյան լրատվամիջոցները, մահացել էր դիպուկահարի կրակոցներից: Մյուս զոհի` Ալեքսեյ Ժիզնեւսկու մարմնում ատրճանակի փամփուշտներ էին հայտնաբերվել. այդ երիտասարդը եղել է Բելառուսից: Երրորդ զոհին՝ Յուրի Վերբիցկուն, ոստիկանները Եվրամայդանի առաջնորդներից մեկի` Իգոր Լուցենկոյի հետ առեւանգել էին հիվանդանոցից. Լուցենկոյին ծեծի էին ենթարկել եւ թողել անտառում՝ Կիեւից 30 կմ հեռավորությամբ, իսկ Յուրի Վերբիցկու դին խոշտանգման հետքերով գտնվել էր Կիեւի մերձակա գյուղերից մեկում:



 



Իշխանություններն այնպիսի վայրենություն ի ցույց դրեցին, որ դրանից հետո չի զարմացնում «Բերկուտի» հատուկջոկատայինների վրա ցուցարարների կողմից վառվող մոլոտովյան նռնակներ շպրտելու երեւույթը: Երեկ Կիեւի Հրուշեւսկի պողոտան մարտադաշտի էր վերածվել, որտեղ ցուցարարները, անվադողեր այրելով, ծխի մեջ էին կորցրել ամբողջ փողոցը «Բերկուտի»՝ համար անհնար դարձնելով առաջխաղացումը, անգամ նշանառությունը:



Կիեւում կատարվածից ցնցված էին բոլորն աշխարհի չորս կողմերում, անգամ Դավոսի համաժողովը երեկ մեկնարկել է Կիեւի զոհերի համար լռության րոպեով: Սակայն ցնցումները, համերաշխության խոսքերը, անգամ կարեկցանքի արտասուքները քիչ բան արժեն ուկրաինացիների համար: Այն, ինչ նրանք, կյանքի եւ մահվան օղակի մեջ սեղմված, երեկ աղաղակում եւ պահանջում էին Եվրոպայից ու քաղաքակիրթ աշխարհից` Յանուկովիչի քրեաօլիգարխիկ «ընտանիքի» դեմ պատժամիջոցներն են: Դրանց մասին խոսվում էր դեռ Սուրբ Ծննդյան եւ ամանորյա տոներից առաջ: Թե ինչու մինչ երեկ այդ պատժամիջոցները չէին գործադրվել, անհասկանալի է, բայց երեկվա դեպքերից հետո կարծես սայլը տեղից շարժվեց: Երեկ ԵՄ-ից հայտարարեցին, որ ուկրաինացի օլիգարխների եւ նրանց կապակցված անձանց ու կառույցների հաշվեհամարները Եվրոպայում սկսում են ստուգվել, որին հաջորդող քայլը դրանց սառեցումն է: Եվ գործընթացը կարծես սկսվեց ոչ թե Ռեգիոնների կուսակցության կնքահայր Ռինատ Ախմետովի, այլ ԱԽ քարտուղար Անդրեյ Կլյուեւի հաշվեհամարների ստուգում-սառեցումից: Կլյուեւն ընդամենը մեկ օր առաջ նախագահ Յանուկովիչի հրամանով նշանակվել էր Քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար:



Երեկ նույն Կլյուեւը, նաեւ նախագահ Յանուկովիչը եւ երկրի ՆԳ նախարարը երեք ժամ տեւողությամբ հանդիպում ունեցան Վերխովնի Ռադայի ընդդիմադիր առաջնորդների`  Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի եւ Օլեգ Տյագնիբոկի հետ: Ըստ Յանուկովիչի մամլո ծառայության, դա հանդիպումների շարքում առաջին ռաունդն է եղել: Ըստ ընդդիմության` Յանուկովիչն իր հրաժարականի պահանջներն անարձագանք է թողել, փոխարենը պատրաստակամ է եղել քննարկելու կառավարությունն արձակելու հարցը, նաեւ հունվարի 16-ին ձեռքով քվեարկված «դրակոնյան» օրենսդրական փոփոխությունները չեղյալ հայտարարելու հարցը:



 



Մինչդեռ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինայի միասնության եւ ազատության տոնի 95-րդ տարեդարձն ավարտվել է պառակտման եւ երկրում գրեթե երկիշխանության հաստատման քայլերով: Վերխովնի Ռադայի ընդդիմադիր եւ անկախ բոլոր պատգամավորները երեկ երեկոյան հավաքվեցին Եվրամայդանում: Նրանց գումարած ժողովն անվանվեց Ժողովրդական Ռադա: Այս մարմինը հայտարարեց երկրի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու մասին, ժողովրդին եւ տեղական ռադաների ընդդիմադիր անդամներին կոչ արեց ձեւավորելու տեղական ժողովրդական ռադաներ եւ  ստեղծել ինքնապաշտպանության ջոկատներ: Եվրամայդանի Ժողովրդական Ռադան Յանուկովիչին 24 ժամ ժամանակ է տվել կողմնորոշվելու համար: Կամ դադարեցվում է արյունահեղությունը, սպանությունների մեղավորները կանգնում են արդարադատության առաջ, եւ պաշտպանվում է Եվրամայդանի յուրաքանչյուր ցուցարարի եւ Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: Կամ մնում է երկրորդ ճանապարհը… «Եթե դիմահար փամփուշտ, ուրեմն դիմահար փամփուշտ, դա գոնե կլինի ազնիվ, արդարացի եւ համարձակ: Ես կայացրել եմ իմ որոշումը: Յանուկովիչը 24 ժամ ունի իր որոշումը կայացնելու»,- Եվրամայդանում հայտարարել է Յացենյուկը` եզրափակելով երեկվա անհնարինորեն ծանր ու երկար իրադարձությունների շղթան: «24 ժամից մենք կանցնենք հարձակման»,- հավելել է Կլիչկոն:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]