Պարտավոր ենք վերացնել երկրի շրջափակումը

Պարտավոր ենք վերացնել երկրի շրջափակումը

Թեեւ այսօր ամենաշատը խոսվում է Մաքսային Միությանը Հայաստանի միացումից հետո ձեւավորված նոր իրողությունների մասին, բայց շատ էլ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այդ վերլուծությունները հիմնականում միակողմանի են եւ ոչ ամբողջական: Իրենց կողմ եւ դեմ տեսակետները հիմնավորելու համար քաղաքական գործիչներն ու փորձագիտական շրջանակները, որպես կանոն, հիմնական շեշտադրումները կատարում են երկրի ժողովրդավարացման կամ էլ զուտ տնտեսական առումներով այդ միությանը Հայաստանի մաս կազմելու նպատակահարմարության հանգամանքների վրա:



 



Ամենեւին չանտեսելով վերը նշված հանգամանքների կարեւորությունը, չենք կարող չխոսել ներկայում նոր ձեւավորվող տարածաշրջանային ռազմաքաղաքական իրողություններում առկա, մեր հայրենիքի ապաշրջափակման իրական հնարավորությունների մասին: Ընդ որում, ի տարբերություն նախկին ժամանակների, երբ ձեւավորված իրողությունները մեզ ստիպում էին, որ մենք մեր երկրի ապաշրջափակումը հիմնականում պայմանավորեինք վրաց-աբխազական հակամարտության կարգավորմամբ, ապա այսօր, ձեւավորված այս նոր հանգամանքներում, բացառված չէ, որ մենք մեզ պարտադրված շրջափակումը ճեղքելու այլ հնարավորություններ եւս ունենանք: Եվ, անկախ այն բանից, որ այդ դեպքում մեր երկիրը կարող է նոր դժվարություններ հաղթահարելու պարտադրանքի առջեւ կանգնել, միեւնույն է, մենք ստիպված ենք լինելու այդ քայլին դիմել, քանի որ արդեն քսանից ավելի տարի է, ինչ համոզվում ենք, որ մեզ համար, ցավոք սրտի, հասանելի բոլոր միջոցներն օգտագործելով՝ մեր երկիրն ապաշրջափակելուց բացի, այլ հնարավորություններ թողնված չեն: Այնպես որ, տարածաշրջանը, որտեղ Աստծո կամքով տեղադրված է մեր հայրենիքը, մեզ ստիպում է «պատերազմի եւ խաղաղության» մասին այլ պատկերացումներ ունենալ: Մենք, վերջապես, պետք է կարողանանք հասկանալ, որ այս արեւի տակ գոյության մեր իրավունքը նվաճելու համար պարտավոր ենք «կամ կռվել, կամ պատրաստվել կռվի»:



 



Ստեղծված այսպիսի պայմաններում մեզ համար «ընդունելի խաղաղության» հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի: Դրա համար, նախեւառաջ, անհրաժեշտ է, որ հայաստանաղարաբաղյան սահմաններից մինչեւ Ռուսաստանի Դաշնության սահմանն ընկած եւ ներկայում ադրբեջանական կայսրության կողմից բռնազավթված տարածքները զբաղեցվեն հայկական զինված ուժերի կողմից: Այս առումով չնայած ասածս կարող է խիստ հավակնոտ թվալ, միեւնույն է, մենք ստիպված ենք լինելու ոչ միայն նման նախաձեռնությամբ հանդես գալ, այլ նաեւ հավատալ դրա հաջող ավարտին, մանավանդ, որ փոխված ներկա հանգամանքներում այդ հավատն այնքան էլ հիմնազուրկ չի թվում:



Հարցն այն է, որ տարածաշրջանում հիմնական դերակատարություն ունեցող Ռուսաստանը, ձեռնամուխ լինելով Եվրասիական միություն ստեղծելու հսկայածավալ ծրագրի իրականացմանը, չէր կարող հաշվի չառնել, որ ամբողջականության եւ արդյունավետության տեսակետից Հայաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը կարող է լրջորեն վտանգել Եվրասիական Միությանը: Այս առումով Եվրասիական Միությունը, որն իրավամբ կարելի է հետխորհրդային շրջանի ռուսական ամենամեծ աշխարհաքաղաքական նախաձեռնությունը համարել, մտածված չի եղել այնպես, որ կարողանար համատեղվել ընդհատվածության եւ ոչ ամբողջականության հետ: Ճիշտ հակառակը, այն հենց սկզբից էլ նախատեսված է եղել որպես հյուսիսից հարավ ձգվող ռազմաքաղաքական եւ տնտեսական մեկ միասնական տարածք, եւ այս տեսակետից ռուսական ռազմաքաղաքական ընտրանին, որն անշուշտ ռուսական կայսրապետական ավանդույթների կրողն ու շարունակողն է, Ռուսաստանի համար այսքան կարեւոր միության կենսագործունեության ոչ ամբողջական ու ընդհատվող տարբերակ, ուղղակի չէր կարող նախատեսել: Եվ հենց վերը նշված այս հանգամանքը հաշվի առնելով է, որ մենք այսօր կարողանում ենք պնդել, որ այդ ընդհանուր սահմանը ոչ միայն մեզ համար «կյանքի ճանապարհ» է լինելու, այլ նաեւ Ռուսաստանի համար դեպի Իրան եւ արաբական աշխարհ տանող պատուհան: Իսկ այն, որ Ռուսաստանը կարողանում է իր ուղիների համար պայքարել եւ պայքարել բոլոր միջոցներով, կասկածից վեր է: Կասկածից վեր է նաեւ այն հանգամանքը, որ հայկական կողմի վերը նշված նախաձեռնությունն ամբողջությամբ տեղավորվում է «բոլոր միջոցներով իր ուղիների համար պայքարելու» ռուսական տրամաբանության մեջ:



 



Հայաստանի Հանրապետության նմանատիպ նախաձեռնությունը չի կարող անտարբեր թողնել նաեւ իրանական ռազմաքաղաքական ազդեցիկ շրջանակներին: Հարցն այն է, որ այստեղ՝ Իրանում, լավ են հասկանում, որ Հայաստանի այդպիսի ձեռնարկի հաջող ավարտն Իրանին կարող է նախ ապահովել Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար անհրաժեշտ ցամաքային անխափան ճանապարհով եւ ապա՝ թուրք-ադրբեջանական ծայրահեղացված նկրտումների ու տարածքային հավակնությունների դեմ մղվող նրա պայքարում ընձեռել մանեւրելու լուրջ հնարավորություններ: Իսկ, ինչպես մեզ է թվում, վերը նշված հանգամանքներն արդեն իսկ բավական են, որպեսզի Իրանին թույլ տան դիվանագիտորեն աջակցելու հայկական կողմի վերը նշված նախաձեռնությանը:



 



Վստահաբար, Հայաստանի Հանրապետության նման նախաձեռնությունն աջակիցների բավականին լայն շրջանակներ կունենա, նաեւ «Արեւմուտք» ընդհանրական ձեւակերպումն ունեցող աշխարհաքաղաքական միավորի ռազմաքաղաքական եւ տնտեսական ուղղությունները ձեւակերպող ու կանոնակարգող շրջանակներում, մանավանդ, որ այստեղ եւս մեծանում են կովկասյան տարածաշրջանում «խաղաղություն եւ կայունություն» հաստատելու այն ուղղության կողմնակիցների շրջանակները, որոնք համարում են, որ այս տարածաշրջանում ընթացող զարգացումները կառավարելիության եւ կանխատեսելիության շրջանակներում պահելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լիցքաթափել ազգամիջյան հարաբերությունները:



Այս տարածաշրջանում, որտեղ բնիկ ժողովուրդներն ու էթնիկ միավորներն իրենց հայրենիքը պաշտպանել եւ շենացրել են հազարամյակներով, իրականում կանխատեսելի եւ կայուն ռազմաքաղաքական իրողություն ձեւավորելու համար անհրաժեշտ է ազգամիջյան եւ միջպետական հարաբերություններում պատմական արդարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքներով նոր սահմաններ գծել: Այս առումով եւս հայկական կողմի վերը նշված նախաձեռնությունը «առավել արդար Հարավային Կովկաս» կերտելու ճանապարհի առաջին քայլը կարող է լինել:



 Հարցն այն է, որ նման նախաձեռնության հաջող ավարտի դեպքում, նախ, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կստանա հակակշռելու տարածաշրջանում տրանզիտային միակ երկիրը լինելու Վրաստանի մենաշնորհին, եւ, ապա, այդ ձեռնարկի շնորհիվ իրենց անկախ պետականությունը կերտելու իրական հնարավորություններ կստանան Ադրբեջանի կողմից բռնազավթված եւ այդ կայսրության կազմում հայտնված բնիկ ժողովուրդները: Վերը նշված հանգամանքը, ինչպես նաեւ Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու ընձեռած առավելություններից հավասարաչափ օգտվելու հնարավորություններն էլ հետագայում կարող են ապահովել «համակովկասյան համաձայնության եւ համագործակցության» քաղաքական եւ տնտեսական հիմքերը:



 



 Վերջում ավելացնեմ, որ վերը նշված բոլոր հանգամանքները ընդամենը կարող են ապահովել մեր հաղթանակն ամրապնդելու համար անհրաժեշտ նպաստավոր պայմաններ, իսկ այդ հաղթանակն ամբողջացնելը, այս պատերազմը հաղթանակով ավարտելն արդեն մեր խնդիրն ու մեր պարտքն են լինելու: Իսկ մենք կկարողանանք այն իր տրամաբանական ավարտին հասցնել, եթե հասկանանք, որ մեր երկրի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրները բավականին մեծ չափաբաժնով արտաքին ծագման խնդիրներ են: Թե հասարակության կոռումպացվածությունը, թե տնտեսության օլիգարխացվածությունը եւ թե ժողովրդավարական գործընթացների տեղապտույտն ու դրանց իմիտացիոն բնույթը (այսպես կարելի է երկար թվարկել) խնդիրներ են, որոնք, ոչ փոքր չափաբաժնով, պայմանավորված են երկրի շրջափակվածության հանգամանքով, «պետության համար վտանգավոր խաղաղությունից» կառչած մնալու մեր սովորությամբ: Իսկ դրանք պետություն կործանող խնդիրներ, երկիրը կորցնողի սովորություններ են: Այնպես որ, պարոնայք, մենք վերջապես պետք է կարողանանք ընդունել, որ խաղաղությունն ամենեւին էլ մարաթոնի վերջը չէ, այլ դրա մի հատվածը, ակնթարթն ու պահը միայն, իսկ ամբողջական մարաթոնն այս ազգի, Երկրի ու Պետականության հարատեւումը, ընդլայնումն ու հզորացումն է, եւ այս առումով մենք այսօր հիմնական շեշտը ոչ թե «հեւիհեւ խաղաղության հասնելու», այլ այս Ազգի հարատեւման, Երկրի ընդլայնման եւ Պետականության հզորացման հանգամանքների վրա պետք է դնենք: 



 



Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ