Սերժ Սարգսյանի գաղտնի աղոթքը

Սերժ Սարգսյանի գաղտնի աղոթքը

Հավատացնում եմ՝ մարգարեական խոսքեր են. «Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ի՞նձ մեղադրեք»։ Ամեն ինչ կա սրա մեջ՝ աղոթք, հպարտություն, ցողունային բջիջ, մանկության իրականացած երազներ, աշխարհազգացողություն։ Վերջապես մի խելոք բան լսեցի այդ մարդու շուրթերից։ Մեկ-երկու փոքրիկ անհարմարություններ կան այդ ձեւակերպման մեջ, որոնք մատնում են հեղինակի անփորձությունը սեփական երազներն արեւի տակ փռելիս։



 



Նախ, բողոքավորների հետ շփվելիս Սերժ Սարգսյանը չի մոռանում, որ ինքը նախագահ չէ, չի հաշտվում այդ մտքի հետ, որ չի ընտրվել։ Այլապես կիմանար, որ փորձության մեջ հայտնվածը Գաբրիել Հրեշտակապետին չի դիմում, այլ՝ ուղղակի Աստծուն։ Երկրորդ. ինքը տեղյակ չէ, թե ինչ է ասում Սահմանադրությունը նախագահի մասին՝ «ապահովում է օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանությունների բնականոն գործունեությունը»։ Իսկ էդ մարդիկ հաստատ այլմոլորակայիններից չեն բողոքել։ Բողոքավորները եկել են նրան ասելու, որ Սահմանադրության էդ կետը գիտեն, ընկեր Սերժ Սարգսյան, մի բան արա էդ կետի տառին ու ոգուն համապատասխան։ Երրորդ. ինքը, փաստորեն, չգիտի, որ վիճակը երկրում վատ է։ Որովհետեւ, եթե իմանար, նրա առաջին միտքն ինքնապաշտպանությունը չէր լինի։ Մյուս կողմից այս ինքնապաշտպանությունն առաջին կետի շրջանակներում է։ Երբ մարդիկ բողոքում են, ինքը բողոքի մեջ փնտրում է այն թույլ օղակը, որից կառչելով՝ կարող է գետնով տալ բողոքավորին։ Այդ թույլ օղակն այն է, որ ինքը նախագահ չէ, երկրորդ, որ ինքը, բոլոր դեպքերում, ամեն ինչ է, եւ բողոքավորներն իրենց խնդիրներով չպետք է ստվերեն իր ամեն ինչ լինելը։ Այդ առումով բնավ պատահական չէ ցողունային բջիջների փոխպատվաստումը։ Մարդը կարգին ինքնավստահություն է ձեռք բերել։



 



Սակայն բոլոր այս փաստարկները ոչինչ են չորրորդ կետի առաջ։ Փաստ է, որ մարդիկ Սերժ Սարգսյանի կորտեժը կանգնեցրել են, որպեսզի բողոքեն բազմաթիվ անօրինականություններից։ Պարզ է, որ դրանցից ոչ մեկը Սերժ Սարգսյանն անձամբ չի արել, դրանք արել են այս կամ այն նախարարության կամ գերատեսչության, կամ դատական ատյանի ներկայացուցիչները։ Բողոքողները կարող էին գնալ ու «Հաղթանակ» կամրջից ցած նետվել։ Բայց՝ ոչ։ Նրանք որոշել են ապրել, քանի դեռ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Նրանք ուզում են կյանքի օրոք հասկանալ, թե «ինչի՞ է աշխարհն էսքան ծուռ»։ Իսկ ահա թե ինչն է իրականությունը, եւ ինչ է նշանակել Սերժ Սարգսյանի «եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ի՞նձ մեղադրեք»-ը։ Այդ մարդը գիտի, թե ինչ տականքների է նշանակել պետական կառավարման ապարատում, գիտի, որ գործողության իմաստով քարտ բլանշն ամենամեծ ստորությունը չէ, ամենամեծ ստորությունը հենց գործողությունն է։ Ինքը ԿԳԲ-շնիկ է, գիտի, որ մեն մենակ ոչինչ չի կարող անել նույնիսկ Հայաստանի պես փոքրիկ եւ գրեթե անմարդաբնակ երկրի դեմ։ Գլխավորը խամաճիկների բանակն է։



Դովլաթովն ասում էր, չէ՞, հասկացանք, որ Ստալինը հրեշ է, բայց ովքե՞ր էին գրում 4 միլիոն մատնագրերը։ Ցանկացած «ԿԳԲ-շնիկ» ինքնամատուցվող հրեշ է (այս դեպքում խոսքը ոչ թե ԱԱԾ աշխատակցի մասին է, այլ խորհրդային ԿԳԲ-շնիկի մենթալիտետով գոյատեւողի, որպիսին կա եւ ԱԱԾ-ում, եւ նախարարություններում՝ հանձին սփյուռքի, սոցապ, արդարադատության նախարարների, ԱԱԾ պետի, որը քաղաքացուն ոչխար է ասում, հանձին վարչապետի, որի ժպիտը դեմքից անպակաս է օֆշորային սկանդալից ու «գազի գին» կոչվող աննախադեպ հանցագործությունից հետո)։ Սերժ Սարգսյանն իր ոտը եկած քաղաքացիներին ասում է՝ գնացեք ու քարկոծեք նրանց, ումից փող եք վերցրել քվեարկելու համար, ում ստորություններն արդեն ոչ այնքան գիտակցված են, որքան մեխանիկական, քանի որ այլեւս իրենց հաշիվ չեն տալիս, որ արածները ստորություն է, եւ հաճույք էլ չեն ստանում դրանցից։



 



Այնպես որ, ըստ իս, Սերժ Սարգսյանն իսկապես իմաստալից մուննաթ է եկել դժգոհ քաղաքացիների վրա, միակ իմաստալից բանը երեւի քաղաքական գործչի իր կենսագրության մեջ։ Նա պատմել է մեր ամբողջ կառավարման համակարգի պատմությունը։ Նա, կարելի է ասել, իր գաղտնի աղոթքն է ձեւակերպել։ Եվ բնավ ոչ ավազի վրա։



 



Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ