«Ազգային վերածնունդ» կուսակցության կոչը հարկային համաներում անցկացնելու վերաբերյալ

«Ազգային վերածնունդ» կուսակցության կոչը հարկային համաներում անցկացնելու վերաբերյալ

«Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում արցախյան գործարարների հետ և կատարում գործարար դաշտի ուսումնասիրություններ: 2000-ական թվականների երկրորդ կեսին ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող «դրամի լողացող կուրսի» քաղաքականության պատճառով բազմաթիվ վարկառուներ, ովքեր վարկը վերցրել էին արտարժույթով, հայտնվեցին պարտքերի լրացուցիչ բեռի տակ:



 



Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված տնտեսական ակտիվության նվազումը ծանր ազդեցություն ունեցավ նաև արցախյան տնտեսվարողների վրա: Այժմ, այս տնտեսվարողներից շատերը ստիպված են ժամանակ ծախսել դատարաններում, որտեղ բանկերը և Արցախի ԿԱ հարկային պետական ծառայությունը «հաղթանակներ» են տոնում՝ առգրավելով պարտապանների գույքը և միջոցները: Ձեռնարկությունների բազմաթիվ բանկային հաշիվներ մնում են կալանավորված հարկայինի կողմից:



 



Այս միտումը զգալիորեն վնասելու է գործարար աշխարհին, հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որի շատ ներկայացուցիչներ հայտնվել են և հայտնվելու են ոչնչացման հեռանկարի առջև: Այս միտումից խուսափելու և տնտեսվարողներին աջակցելու նպատակով «Ազգային վերածնունդ» կուսակցությունն Արցախի կառավարությանը կոչ է անում իրականացնել հարկային համաներում, ներել առկա հարկային տույժերն ու տուգանքները և չվճարած հարկերի համար ողջամիտ ժամանակահատվածով մարման ժամանակացույց մշակել:



 



ԱՎԿ գործադիր մարմին



Ստեփանակերտ



13 փետրվարի 2014թ.