Մի անգամ Հասմիկ Պողոսյանի աշխատասենյակում

Մի անգամ Հասմիկ Պողոսյանի աշխատասենյակում

-Տիկին Հասմիկ, այստեղ ինչ-որ գյուղացիներ են եկել և պահանջում են, որ իրենց ընդունեք,- հևիհև զեկուցեց քարտուղարուհին՝ ներխուժելով մշակույթի նախարարի աշխատասենյակ:



 



-Զարմանալի աղջիկ ես, Պայծառ, ասա որ զբաղբած եմ, չգիտե՞ս ինչ ասել, ասա՝ վատ է զգում նախարարուհին, մոտը մարդիկ կան, ասա՝ ճաշում է, մի բան հորինիր:



 



-Չեմ կարող տիկին Հասմիկ… Դուք միայն նրանց հագուկապը տեսնեք, ոնց որ հնդիկներ լինեն կամ հռոմեացի սենատորներ, թանգարանային նմուշների են նման, բայց հայերեն են խոսում և շատ բարձր…



 



-Այստեղ ամենաբարձրը ես եմ խոսում Պայծառ:



 



-Այո, տիկին Հասմիկ, բայց նրանց աչքերը փայլում են ու շատ զայրացած են երևում… Եթե կարող եք՝ բան հասկացրեք նրանց:



 



-Երևի ցուցաարներ են: Չէին կարո՞ղ ներքևից պահանջել, որ ես իջնեմ իրենց մոտ:



 



-Չէ, տիկին Հասմիկ: Նրանք մեր օրենքներից բան չեն հասկանում: Երբ պահակը ներս չի թողել, նրա վիզն այնպես են ոլորել, որ ԱԻՆ-ից երեք մարտական հաշվարկ ենք կանչել: Հիմա հրավիրե՞մ…



 



-Հրավիրիր, ինչ անեմ,- ասաց տիկին Հասմիկն ու բարձրացավ բազկաթոռից, որ շրջազգեստը կարգի բերի:



Մինչև Պայծառը հյուրերին կբերեր, նախարարուհին հասցրեց նայել պատից կախված Սերժ Սարգսյանի նկարին ու խաչ հանել:



 



Քիչ անց գյուղացիների խումբը տիկին Հասմիկի աշխատասենյակում էր: Դա խառը՝ տղամարդկանցից ու կանանցից բաղկացած մի խումբ էր, իրոք տարօրինակ հագուկապով:



 



Տիկին Հասմիկը չէր կարողանում կտրվել կանանց գեղեցկությունից՝ սլացիկ, բարեկազմ, ուղիղ ու համաչափ ոտքերով, հերարձակ գլուխները ընդգծուն հպարտությամբ հետ գցած… երբ նրանք, հետաքրքրված, քայլեցին դեպի ճոխ վարագույրը, Տիկին Հասմիկը նկատեց, թե որքան վեհություն կար նրանց քայլվածքում և որքան պարզ էր նրանց շքեղ մարմիններն իր անթիվ ծալքերով թաքցնող կիսաթափանց սալին…



 



-Վայ Պայծառ, Պայծառ,- անցավ տիկին Հասմիկի մտքով, համա թե գյուղացի են…



 



-Դու ո՞վ ես՝ որոտաց այցելուներից ամենատարեցը՝ մի ալեխառն տղամարդ, որ ամենաահարկուն ու փառահեղն էր:



 



Տիկին Հասմիկը վեր թռավ: Նա այնքան էր տարվել կանանցով, ովքեր իր վարագույրներն էին ուսումնասիրում, որ մոռացել էր մյուսների գոյության մասին: Նրա առջև մի խումբ անշալվար տղամարդիկ էին կանգնած, սանդալներով և սպիտակ մետաքսյա ծածկոցներով, որնք ուսերից հասնում էին մինչև կոճերը:



 



-Ինչպիսի կատարելություն…



 



Տիկին Հասմիկի բերանը բաց էր մնացել: Նա երբեք այսպիսի այցելուներ չէր ունեցել:



 



-Դա քո քո՞ւրմն է,- դարձյալ որոտաց փառահեղ տղամարդը՝ ցույց տալով Սերժ Սարգսյանի նկարը…



 



-Այո, այո… դե ոնց ասեմ, մեր առաջնորդն է, մեր նախագահը, մեր բոլոր խնդրանքներն իրեն ենք հայտնում, ինքն է կարգավորում ամեն բան…



 



-Օ~, ամենակարող Արամազդ, ես քեզ ի՞նչ էի ասում: Այս հողեղեն մահկանացուները դադարել են մեզ երկրպագել ու իրենց համար նոր աստվածներ են հորինել…



 



-Այո, արևափայլ Միհր, դու ինձ չես խաբել և ես աչքովս եմ տեսնում դա:



 



-Խաղաղվիր, ամենակարող Արամազդ,- խոսակցությանը միջամտեց մի բարետես և, ինչպես նկատեց տիկին Հասմիկը, ում բերանը դեռ չէր փակվել, բավականին կիրթ երիտասարդը,- մենք եկել ենք հարցը խաղաղությամբ լուծելու:



 



- Աստղիկ, դու իրո՞ք հավանեցիր այս գործվածքը, ծանր չէ՞…



 



-Մայր Անահիտ, իրոք գեղեցիկ է, Նանե, համամիտ չե՞ս… ես պատկերացնում եմ, թե սրանք ինչ հրաշալի խորհրդավորություն կպարգևեն իմ ննջարանին…



 



-Աստղիկ, քո ուշքումիտքը սերն ու ննջարաններն են,- ասաց Նանեն ու կանայք ճռվողեցին…



 



Տիկին Հասմիկի բերանն ավելի մեծ բացվեց…



 



Տղամարդկանցից մեկը, որ հրաշեկ մազեր ուներ, անզգույշ դիպավ պահարանին, որի դարակից չինական արձանիկն ընկավ ու կոտրվեց… Տղամարդը վշտացավ, բարձրացրեց արձանիկի կտորներն ու միացրեց իրար… դա վիշապի արձանիկ էր… Տղամարդիկ քահ-քահ ծիծաղեցին…



 



-Ոչինչ, ոչինչ, ես դրանցից շատ ունեմ,- ինքնաբերաբար ասաց տիկին Հասմիկը:



 



-Վահագն, վիշապները քեզնից պրծում չունեն,- կատակեց Տիրը:



 



-Ես չգիտեմ, մեզ կհրավիրե՞ն նստել,- չգիտես ում հարցրեց մի տղամարդ, որի անունը, ինչպես հետո պարզվեց՝ Վանատուր էր:



 



-Վայ, կներեք, այս ամենը այնքան անսպասելի էր, համեցեք, համեցեք նստեք,- ասաց Տիկին Հասմիկն ու գործնական քայլերով անցավ գրասեղանի հետևը:



 



-Ալո, Պայծառ, սուրճ ու թխվածք բեր: Դուք սուրճը դա՞ռն եք խմում:



 



Տղամարդիկ նայեցին իրար…



 



-Մենք շոկոլադ ենք ուզում, տաք շոկոլադ, եթե կարելի է,- խոսեց Անահիտը:



 



-Իսկ մենք՝ անապակ գինի: Կա՞:



 



-Պայծառ, ալո, Պայծառ, ուրեմն երեք հատ տաք շոկոլադ ես բերում և մի…



 



-Տակառ…



 



-Եվ մի տակառ անապակ գինի… ես ի՞նչ իմանամ որտեղից, զանգիր գինու գործարան:



 



Հեռախոսը դնելուց հետո Տիկին հասմիկը տեղվորվեց բազկաթոռին.



 



-Կասե՞ք, վերջապես, ինչ հարցով եք եկել, ո՞վ եք դուք, որտե՞ղ եք հայերեն սոորել:



 



Կանայք փռթկացին, Արամազդը տեղից վեր կացավ.



 



-Անհույս է,- գոռաց:



 



Տիրը դարձյալ նրան հանգստացրեց:



 



-Նստեք ձեր տեղը, քաղաքացի, դուք նախարարի աշխատասենյակում եք և ոչ թե փողոցում: Կարգին բան ասեք՝ հասկանամ,- բորբոքվեց տիկին Հասմիկը: Ասացեք, վերջապես, ի՞նչ հարցով եք եկել կամ գնացեք ձեր եկած ճամփով:



 



-Հանգստացիր, ով մահկանացու,- խոսեց տղամարդկանցից ամենամռայլը, որ մինչ այդ որևէ բառ չէր ասել,- Մենք Գառնո տաճարի հարցով ենք եկել: Լսել ենք՝ այնտեղ սրճարան եք ուզում կառուցել, ճի՞շտ է:



 



-Դուք ո՞վ եք, ինչո՞ւ պիտի ես ձեզ ատչոտ տամ, թե ինչ եմ ուզում կառուցել մեր Գառնո տաճարի մոտ: Չլինի՞ ցուցարար-բան եք, որ զգեստափոխվել, եկել եք այստեղ:



 



-Տիր, «ատչոտն» ի՞նչ է, դու կիմանաս,- հետաքրքրվեց Վահագնը, որ դեռ խաղում էր վիշապի կտորներով:



 



-Դուք ինձ ձե՞ռք եք առնում,- բղավեց տիկին Հասմիկը:



 



-Ամենևին, մենք իրոք չգիտենք, թե ինչ է «ատչոտը»,- միամիտ մարդու տոնով ասաց Վահագնը:



 



Այդ պահին ներս մտավ Պայծառը՝ սկուտեղի վրա երեք հատ տաք շոկոլադ բռնեծ և սայլակով գինին հետևից քարշ տալով: Սկսեց սեղան գցել:



 



Մռայլ տղամարդը պայծառացավ: Տեսնելով այդ՝ Աստղիկը կատակեց՝ աչքերը փայլեցնելով.



 



-Սպանդարամետ, ես միշտ ուզեցել եմ քեզ հարցնել՝ ինչո՞ւ է գինին քեզ այդպես ուրախացնում: Չէ՞ որ գինին սիրո խմիչք է, իսկ քո հաստատությունում բոլորը մեռյալ են ու սեր չկա…



 



- Լռիր, անպատկառ աղջիկ,- սաստեց Անահիտը:



 



Նանեն ժպտաց ու ոչինչ չասաց:



 



Վանատուրը դիմեց տիկին Հասմիկին.



 



-Դուք անչափ հյուրասեր եք: Միացեք մեզ, միացեք անապակ գինի ըմպենք:



 



Բաժակները լցրեցին: Խոսքը թողեցին Արամազդին:



 



-Քեզ եմ դիմում ով մահկանացու, որ մնացյալ մահկանացուների միջից ընտրվել ես, որ պահես, պահպանես այս ժողովրդի հոգևոր և մշակութային գանձերը: Արդ ուրեմն լսիր և մյուս մահկանացուներին փոխանցիր խոսքս, որ սաստիկ բարկացած եմ ու հողին կհավասարեցնեմ նրանց բոլոր սրճարաններն ու լափին տալու տեղերը, որոնցով նրանք ծածկել են այս հողի ամեն մի թիզը: Կոչ ուղղիր բոլորին, որ հանկարծ չփորձեն Գառնո տաճարի շուրջը կեղտոտել: Նաև քո քրմին զանգիր և պատմիր եղելությունը: Կասես՝ Արամազդն էր եկել: Էսքան բան:



 



Խմեցին:



 



Գինու վրայից մի կտոր անուշեղեն ուտելով՝ տիկին Հասմիկը, արդեն փափկած, հետաքրքրվեց.



 



-Որ հարցնի Արամազդն ով է, ի՞նչ ասեմ:



 



-Խաղաղվիր, ով կին, նա չի հարցնի,- Տիկին Հասմիկին հանգստացրեց Տիրը և Վահագնին գլխով նշան արեց՝ լից:



 



Էդիկ Անդրեասյան