Նիմֆոմանիակներով պոռնոյին սպասելիս

Նիմֆոմանիակներով պոռնոյին սպասելիս

Ցինիզմ - ցինիկների ուսմունքը: 2. փխբ. Լկտի արհամարհական վերաբերմունք բոլորի կողմից ընդունված բարոյական նորմերի, պարկեշտության ու քաղաքավարության կանոնների նկատմամբ, անպատկառություն: 3. Անպատկառ արարք, վարքագիծ: 4. Անպատկառ խոսք, ցինիկ խոսք: գ. 1. (հնց.) Շնականություն: 2. Անամոթություն:



 



Դե, եթե որոշում ենք ցինիզմ, ուրեմն գրողի ծոցը գնացեք՝ Սինեմա սթար, Լարս Ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» արգելելու ձեր անմիտ որոշմամբ հանդերձ, որովհետեւ մենք այն ազատ կարող ենք վայելել տանը, բազմոցին փռված՝ տաք թեյով ու սուրճով պարզապես միանալով  համացանցին, ընդամենը մեկ րոպեում: Բայց կիրակի օրը դիտումն ավելի հետաքրքիր եղավ, նախ որովհետեւ Uptown ակումբում էր, հավես մթնոլորտ, լիքը սիրուն երիտասարդներ ու հետաքրքիր մարդիկ, եւ էկրանն էլ հեչ պակասը չէր Սինեմա սթարի «զգուշավոր, ընտանեկան» էկրանից: «Նիմֆոմանուհու» կամ «Հեշտամոլի» թրեյլերները, նրա շուրջ ծավալված պոռնոալիքը, թե դա պոռնոդրամա է, այլասերություն է, պղծություն, հակաընտանեկան, հակաէսթետիկական ֆիլմ է, որի նպատակն էպոտաժն է, կոմերցիան եւ նմանատիպ այլ բաները, հատուկ տրամադրությամբ էին պարուրել մեզ, ինչ-որ հոգեկան տվայտանքների մեջ էինք: Ֆիլմից առաջ նույնիսկ երկու շիշ գարեջուր էինք խմել ու էլի խմում էինք, որովհետեւ՝  դե, իրադարձություն էր, հեղինակային ֆիլմի ամենատաղանդավոր դեմքերից մեկի ամենասկանդալային, ամենապոռնո ֆիլմի երկար սպասված պրեմիերան:



 



Հետո սաղ երեւանյան նիմֆոմանիակներով շունչներս պահեցինք, երբ «Ռամշթայն» խմբի պողպատի պես ձիգ երաժշտությամբ մեկնարկվեց «դարի» ֆիլմը: Առաջին րոպեները անմեղությամբ, հաջորդ րոպեների մեջ եւս առանձնահատուկ, պոռնոյի մոտալուտ գալուստը կանխորոշող որեւէ առկայծում չարձանագրվեց: Իսկ մենք բնավ էլ խաբվելու համար չէինք հավաքվել ու բնավ էլ չէինք ուզում մանթոյից մեռնել: Մենք՝ նիմֆոմանիակներս, գիշեր-ցերեկ, հացուջրից կտրված, մի քանի կիլո քաշ գցած, էկել վեր էինք ընկել էս չորուկ աթոռներին՝ վայելելու հեղինակային ֆիլմում ծփող պոռնոտեսարանների հրավառությունը, բայց արի ու տես՝ Լարսիկը ոչ մի տեղ էլ չէր շտապում ու պոռնոտեսարաններ մատուցելու փոխարեն չափից դուրս դրամատիկ մարդկային ողբերգության ներքին, գրեթե միշտ չբարձրաձայնվող խնդիր էր առաջ քաշում, տեղ-տեղ այնքան զգայուն ու ազդեցիկ, որ արտասվելու ձայներ էին լսվում:



 



Ֆիլմը շարունակվում է: Լարս Ֆոն Թրիերը շարունակում է ասել ու ասել, որ սեր չկա, միայն մարմնի սուբստանցիան է, բայց, չէ. հանկարծ արթնանում է չեղած սերը, զգայարանները, որոնք գրեթե գործազուրկ էին մարմնի մեջ, որ կինը, դե, չարության մարմնացումն է, բայց ֆալոսն ի զորու չէ մեղմելու այդ կործանարար ընթացքը: Հետո ինչ-որ թրթիռների մեջ նկատվում է Աստծո մուտքը, նաեւ արվեստի պատմության էվոլյուցիոն շրջափուլերը, որոնք սահմանվում են սեքսուալությամբ եւ այլն, եւ այլն….



 



 Բայց մենք պոռնոյին էինք սպասում ու սպասման անհուսությունից արդեն խելքներս կորցրել էինք, իսկ պոռնոն չկար ու չկար, եւ մենք արդեն կռահում էինք, որ հերթական անգամ կուլ ենք տվել մեդիաների կամ հենց իր՝ Լարսի հերթական խայծը, կերել ենք կտերը, որ անշահախնդրորեն շաղ էին տալիս համարյա բոլոր հայկական ու մնացած երկրների կայքերով մեկ: Ու մեզ համար ամենավիրավորականը, գոտկատեղից ներքեւ ուղղված հարվածը դա ֆիլմի ընթացքում երկու-երեք տեղ ջիջիլ գցելու ռեժիսորի «ցինիզմն» էր, որի բացատրությամբ էլ սկսեցի իմ այս ողբերգական հոդվածը: Որովհետեւ երկու տեղ հանկարծ երեւացին ինչ-որ բաց բաներ, բայց էնքան սակավ, որ չէինք էլ հասցնում նույնիսկ գուշակել, թե իրականում հենց նոր ինչ էր մեր տեսածը: Եվ ահա, տարաբախտներով ափիբերան մնացինք: Պոռնո չկար: Պոռնոն, որպես անհաս մի բան, մնաց անկատար երազանք, տեսիլք, անգոյություն: Եվ մենք դառնաղի խմեցինք վերջին շիշ գարեջուրը ու ելանք տեղներիցս թեւաթափ եղած ուրուների պես ու ձգվեցինք դեպի ակումբի մութ դուռը: Եվ մենք լքում էինք ակումբը՝ մեր մտքերի մեջ քրֆելով Լարսին, որն անգթորեն խաբեց մեզ, խլեց սրբազան պոռնոն, եւ աշխատում էինք մի քիչ կոկիկ ձեւակերպել դրա բացակայությունը, որն այսպես էր ստացվում.



 



Լկտի, արհամարհական վերաբերմունք բոլորի կողմից ընդունված բարոյական նորմերի, պարկեշտության ու քաղաքավարության կանոնների նկատմամբ, անպատկառություն:



 



Արամ ՊԱՉՅԱՆ