Ռուս արվեստագետները Պուտինի թիկունքի՞ն

Ռուս արվեստագետները Պուտինի թիկունքի՞ն

Երեկ արվեստի ու մշակույթի բազմաթիվ ռուսաստանցի գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինայում եւ Ղրիմում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը.



 



«Այս օրերին, երբ որոշվում է Ղրիմի եւ մեր հայրենակիցների ճակատագիրը, Ռուսաստանի մշակույթի գործիչները  չեն կարող սառը սրտով անտարբեր դիտորդներ լինել: Մեր ընդհանուր պատմությունն ու արմատները, մեր մշակույթը եւ նրա հոգեւոր ակունքները, մեր ֆունդամենտալ արժեքները եւ լեզուն մեզ ընդմիշտ միավորել են: Մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդների եւ մշակույթների ընդհանրությունն ունենա ամուր ապագա: Ահա թե ինչու ենք մենք հաստատապես հայտարարում, որ աջակցում ենք ՌԴ նախագահի Ուկրաինայի եւ Ղրիմի հանդեպ դիրքորոշումը»:



 



Մի քանի շաբաթ առաջ նույնիսկ ընդդիմադիր թեւից էին բուռն արձագանքում՝ ողջունելով Վլադիմիր Վլադիմիրովիչին: Մասնավորապես նացիոնալ բոլշեւիկ, գրող Էդուարդ Լիմոնովը պատրաստ էր զենք ու զրահ վերցնել ու դուրս քշել իր հայրենիքի հողերը զավթել ցանկացողներին: Արվեստի գործիչների մեջ են Նադեժդա Բաբկինան, Յուրի Բաշմետը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Սերգեյ Բեզռուկովը, Միխայիլ Բոյարսկին, Օլեգ Գազմանովը, Բորիս Գրաչեւսկին, Լեւ Լեշչենկոն, Պավել Լունգինը, Վլադիմիր Սպիվակովը, Օլեգ Տաբակովը, Գենադի Խազանովը, Զուրաբ Ծերեթելին, Կարեն Շահնազարովը եւ էլի հայտնի անուններ: Բայց ավելի ուշ, օրինակ, հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.



 



«Ոնց եմ ուզում խոսել մենակ արվեստից… կարդալ բանաստեղծություններ… բեմադրել ներկայացումներ… բոլորի հետ ապրել խաղաղությամբ ու համերաշխությամբ… Ինչպես հայտնի սերիալի կերպարներից մեկն էր ասում՝ ես չեմ պատրաստվում զենքի վաճառքով զբաղվել, ես պացիֆիստ եմ… բայց ցավալիորեն քաղաքականությունը հակառակն է թելադրում… Ինձ որպես դերասանի սիրում են եւ Արեւելյան, եւ Արեւմտյան Ուկրաինայում… Ես մի իրավիճակում եմ գտնվում, որը նման է ամուսնալուծության… Ո՞ւմ հետ ես ուզում ապրել՝ հայրիկի՞, թե՞ մայրիկի… ՁԵԶ ՀԵՏ…



 



Չէ՞, այդպես չի՞ կարելի… Պիտի ընտրե՞լ…



 



Իսկ ես չեմ էլ ուզում ընտրել… Ես պացիֆիստ եմ…»:



 



Հետո, ավելի ուշ հայտնի է դառնում, որ «Ղրիմի օկուպացիային աջակցություն հայտնելու պատճառով» Թբիլիսիում պլանավորված Սերգեյ Բեզռուկովի թատրոնի ներկայացումը չեղյալ է համարվել, որի մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի պալատը: Հաղորդագրության մեջ նշվում է.



 



«Այսօր տարածված ՌԴ արտիստների նամակի առնչությամբ, որոնք աջակցում են նախագահ Վլադիմիր Պուտինին հարեւան Ուկրաինայի տարածքի օկուպացիայի հարցում, Վրաստանի մշակույթի պալատը որոշում է կայացրել չեղյալ համարել Թբիլիսիում մայիսին պլանավորված Սերգեյ Բեզռուկովի թատրոնի շրջագայությունները: Մենք եւս մեկ անգամ ցանկանում ենք հայտարարել Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ մեր բարեկամ ուկրաինացի հերոս ժողովրդին աջակցության մասին»:



 



Ռուսական izvestia.ru կայքում տեղադրված վերոնշյալ նամակի տակ գրառում է արված այն մասին, որ դաշնակահար, ժողովրդական արտիստ Յուրի Ռոզումը ֆեյսբուքյան իր էջում եւս գրել է, թե ընդհանրապես տեղյակ չէ նման նամակ-ուղերձի մասին. «Առաջին անգամ եմ տեսնում այս նամակը: Ինձ ոչ ոք չի էլ հարցրել` համաձայն եմ, թե ոչ»:



 



Այսպիսով, Ռուսաստանի մշակութային գործիչների մի ստվար զանգված ընդունում եւ ընկալում է նախագահ Պուտինի դիրքորոշումը, կանգնում նրա թիկունքին, որը գուցե ապագայում նրա գործունեությանն ավելի արվեստային բնույթ հաղորդի:



 



Արամ ՊԱՉՅԱՆ