Միջազգային փառատոն՝ կիսադատարկ դահլիճներում

Միջազգային փառատոն՝ կիսադատարկ դահլիճներում

Ապրիլի 25-29-ը Երեւանում անցկացվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ ամենամյա փառատոնը, որի շրջանակներում այս տարի ցուցադրվեց 17 ներկայացում՝ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Ռուսաստանից, Հայաստանից: Միակ ուրախալի բանն այն էր, որ փառատոնի շրջանակներում իսկապես կային լավ ներկայացումներ թե հայկական եւ թե, առավել եւս, դրսի ներկայացումների մեջ։ Ի դեպ, մուտքն ազատ էր, եւ նորմալ գովազդի, կազմակերպչական աշխատանքների եւ տեղեկատվության պայմաններում կարելի էր այդ ներկայացումները հասանելի դարձնել եթե ոչ թատերասեր, ապա գոնե լայն մասսաներին։    



 



Մի բան տխուր էր հաստատապես. 12-րդ անգամ անցկացվող միջազգային փառատոնը պետք է որ արդեն իր կայուն հանդիսատեսն ունենար քաղաքամայր Երեւանում, փառատոնին պետք է սպասեր թատերասեր հասարակության մի ողջ բազմություն, հենց միայն Թատերական ինստիտուտի ուսանողները՝ ապագա դերասանները, թատերագետները, բեմադրիչները, բայց փառատոնի գրեթե բոլոր օրերին էլ, անգամ բացման ու փակման օրերին, դահլիճը կիսադատարկ էր։ Իսկ եթե հաշվի առնենք, որ  դա Տիկնիկային թատրոնի փոքրիկ դահլիճն էր (ամենաշատը 100-150 տեղանոց), ապա միանշանակ կարելի է ասել, որ սրահում  խայտառակ կերպով կիսադատարկ էր։ Այդ կիսադատարկ դահլիճում հանդիսատեսի շարքերում կարելի էր տեսնել հենց իրենց՝ փառատոնի մասնակիցներին, նրանց մտերիմներին, կազմակերպիչներին եւ հատուկենտ թատերական գործիչների։ Ինչո՞ւ հատուկենտ, որովհետեւ հանդիսատեսի շարքերում չկար որեւիցե թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան, անգամ փառատոնի հիմնադիր, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը փառատոնի բացումից րոպեներ առաջ մի հատ «ծիկ» արեց դահլիճում ու հեռացավ։ Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին (իր սուղ բառապաշարի ճիգերով) մնում էր միայն օտարերկրյա մի քանի հյուրերի առաջ բազմաքանակ հանդիսատեսի իլյուզիա ստեղծել ու ողջունել դահլիճում հայտնված միակ «կիսապաշտոնյա» անձին՝ Բելլա Քոչարյանին։ Ու եթե փակմանը մշակույթի նախարարությունից գոնե ինչ-որ մեկն ինչ-որ մի վարչությունից ներկա էր, ապա 12- ամյա միջազգային փառատոնի բացումը մշակույթի նախարարությունից ոչ ոք չէր պատվել։ Իսկ դա այն դեպքում, որ փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, այսինքն՝ նախարարությունն աջակցում, հովանավորում է մի բան եւ անգամ չի էլ ուզում գնալ-տեսնել, թե ինչի համար է փող տալիս։ Այդ դեպքում ո՞ւր է նայում ընդհանրապես մշակույթի նախարարությունը, եւ, ի վերջո, ուր էր Հասմիկ Պողոսյանը, այդպես էլ մնաց անհայտ։ Փաստորեն, մշակույթի նախարարն իր բազմազբաղ առօրյայից անգամ 10 րոպե ժամանակ չի գտել ներկա գտնվելու ու գոնե անգամ մի կարճ ողջույնի ուղերձ հղելու փառատոնին: Այդ դեպքում գուցե ընդհանրապես պետք չէ հովանավորել նմանատիպ փառատոններն ու պատրանք ստեղծել, թե, ահա, տեսեք, ինչպես ենք նպաստում մշակույթի զարգացմանը, դրա փոխարեն կարելի է բավարարվել արդեն իսկ որդեգրած՝ պատմական հուշարձանների տարածքները սրճարանների վերածելու քաղաքականությամբ։



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]