Շնորհավորանքի խոսք նախարար Հասմիկ Պողոսյանին

Շնորհավորանքի խոսք նախարար Հասմիկ Պողոսյանին

Հարգելի տիկին Պողոսյան



 



Չենք զարմանում, որ Դուք եք շարունակելու ղեկավարել Հայաստանի մշակույթի ոլորտը: Պաշտոնավարության անցած տարիների Ձեր գործունեության «ապոֆեոզը», իհարկե, Մաշտոցի պողոտայի Փակ շուկան էր: Շատ տանջվեցիք, նույնիսկ խոստացաք. «Հարցը կլուծվի այնպես, ոնց որ ես կասեմ»: Խոստումը ռիսկային էր: Անհրաժեշտ էր վերծանել: Վերծանեց Ձեր իսկ վերանշանակումը. փոխելով նախադասության դեմքը` միտքը բացահայտվեց. «Հարցը կլուծվի այնպես, ոնց որ ինձ կասեն»: Ասվեց եւ արվեց. քանդվեց 18 հոյակերտ կամարների կեսը, տեղում էտաժերկա կառուցվեց` ճարտարապետական կոթողը հոշոտվեց: Գուցե սա էլ էր կանխատեսել Մեծն Հովհ. Թումանյանը, երբ գրեց.



 



Աստված պահի քո որդին,



Ո՞նց էր համը իմ ձագի…



 



Հարգարժան տիկին նախարար, անսպառ է Ձեր ներուժը: Ձեր «ապոֆեոզն» այնքան արհեստավարժ էր, որ այդ փորձառությամբ, այդ ոլորտում Դուք անփոխարինելի եք եւ նմանատիպ «հարցեր» լուծելու համար` անգնահատելի: Այս օրերին, օրը ցերեկով, ի տարբերություն Փակ շուկայի, քանդեցին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հեղինակած Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի ոչ վթարային եռահարկ շենքը՝ Կորյունի փողոցի սկզբնամասում: Ցավն այն է, որ քանդեցին շենքի ամենաարժեքավոր մասը` ողջ ճակատային պատը: Երեւանի պատմական հիշողության մի ինքնատիպ էջ էլ վերացավ:



Դպրոցի շենքը կառուցվել է անցած դարի 30-ականներին: Մեծ հայրենականի տարիներին զինվորական հոսպիտալ էր: Հետո դպրոց դարձավ: Դպրոցը փակվել էր մեկ տարի առաջ. հայտնի պատճառներով, աշակերտների անհրաժեշտ քանակ չէր հավաքվում: Շենքը տրամադրվեց ՀԱՊԿ ապագա ակադեմիային: Նոր շենքը պետք է կառուցվեր պայմանով, որ պահպանվի ճակատային ինքնատիպ տեսքով պատը: Մենք, այդ դպրոցի նախկին աշակերտներս, սրտի կսկիծով տեսանք, որ պատի հետքն իսկ չկա: Դրա տեղը մի մեծ պաստառ է, վրան գրված. «Պահպանելով հինը՝ կառուցենք նորը», «Ավելի բարեկարգ Երեւան»: Այդ դպրոցում են սովորել պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: Նրա՞նք էլ են խուլ, համր, կույր… Վերջերս հայաստանյան հեռուստատեսությամբ իր մասին պատմում էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը` լոնդոնաբնակ, BBC-ի վերլուծաբան կրտսեր Մարկ Գրիգորյանը: Գոնե նա տեղյա՞կ է իր պապի ժառանգության ճակատագրից… Ո՞ւմ թույլտվությամբ, քաղաքաշինական ո՞ր խորհրդում քննարկվեց, հաստատվեց վերոնշյալ պատմական Երեւանի ամենացայտուն սակավաթիվ կառույցներից հերթականը:



Գուցե Դուք, տիկին նախարար, որոշել եք Ձեր վերանշանակումը նշանավորել «ապոֆեոզ-նախերգանքով»…



 



Մարտին եւ



Արամայիս



ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ



Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցի նախկին



աշակերտներ, ճարտարագետ-նախագծողներ