Խորովածանոցը խանգարում է երեվանում բացել Շիրազի տուն-թանգարան

Խորովածանոցը խանգարում է երեվանում բացել Շիրազի տուն-թանգարան

- Ապրիլի 27-ին լրացավ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակը, եւ հենց այդ օրն էլ մեկնարկեց շիրազյան տարին։ Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում, պետական մակարդակով նշվելո՞ւ է, ի վերջո, 100-ամյակի առիթով բանաստեղծը կունենա՞ ակադեմիական հրատարակություն։



 



- Շիրազյան տարին սկսվեց հենց ապրիլի 27-ին՝ Գյումրիում բանաստեղծի տուն-թանգարանից, հաջորդ օրը մեծ միջոցառում տեղի ունեցավ Կոմիտասի անվան պանթեոնում, ուր ամփոփված է Շիրազի աճյունը։ Պետական հոբելյանական հանձնաժողովը միջոցառումների ծրագիր է կազմել, բայց մի քիչ մտավախություն ունեմ, սովորաբար նախատեսում են, բայց նորմալ իրականացնողներ չկան, վստահ չեմ, թե ինչ մակարդակով կներկայացվի, մինչեւ չլինի՝ որեւէ բան ասել չեմ կարող։ Իսկ մշակույթի նախարարության ծրագրերում նախատեսված է Շիրազի լիակատար երկերի ժողովածու հրատարակել, հավանաբար, ծննդյան 100-ամյակի առիթով կիրականացվի այդ հրատարակությունը։ 



 



- Հայտնի է, որ Հովհաննես Շիրազի կենդանության օրոք նրա մի շարք ստեղծագործություններ չեն հրատարակվել, արգելված էին։ Այժմ կա՞ն անտիպներ, ի՞նչ վիճակում են, եւ ի՞նչ է սպասվում։



 



- Շիրազի կենդանության օրոք Սփյուռքում էին հրատարակվում նրա մի շարք ստեղծագործություններ, այն էլ դրանց որոշ մասեր, ասենք՝ հատվածներ «Հայոց դանթեականը» պոեմից, «Անի» պոեմից կամ «Էլեգիաները», իսկ ամբողջական որեւէ տեղ չեն հրատարակվել հատկապես ծավալուն պոեմները։ Հայաստանի անկախության շրջանում «Անի» պոեմը հրատարակվեց, որը գրվել է 1950-1951 թվականներին, հիմա տպագրության է պատրաստվում «Թոնդրակեցիները» պոեմը, որն այժմ խմբագրվում է եւ մի երկու ամսվա ընթացքում լույս կտեսնի, Գյումրիի քաղաքապետարանն է հովանավորում։ Այսպես մեծ ու փոքր բազում պոեմներ կան, բանաստեղծություններ կան, որոնք անտիպ են, երբեմն թերթում եմ արխիվը եւ ապշում, թե որքան ստեղծագործություններ կան, որոնք, բնականաբար, պետք է լույս տեսնեն։



 



- Այժմ Հովհաննես Շիրազի գրական ժառանգությունը, արխիվը որտե՞ղ է պահվում։ Սովորաբար հանձնում են Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին։ Պետական հոգածությամբ որեւէ ապահով վայրո՞ւմ է, թե՞ տանը։



 



- Դեռեւս տանն է, մեզ մոտ, այս վերջին 20-25 տարում եղել են հետաքրքրվողներ՝ հենց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, հիմա էլ կա հետաքրքրություն, 100-ամյակի միջոցառումների ծրագրում ընդգրկված է, որ մի մասը հանձնել գրականության եւ արվեստի թանգարանին, մի մասն էլ՝ Մատենադարանին, սկսած դեռ 1930-ականներից՝ ինչ-որ պահպանվել է ձեռագրերից, երեւի մի քանի հազար էջ կլինի։ Օրինակ, «Թոնդրակեցիները» պոեմը երեք տարբերակ ունի, եւ այդպես ամեն պոեմը մի երեք տարբերակով մշակել է, պարզապես մեղվի աշխատանք է կատարել։ Ձեռագրերն իմի բերելու գործով զբաղվում է շիրազագետ Սամվել Մուրադյանը, ով բոլորից լավ գիտի Շիրազի գրականությունը, քանի որ տարիներ շարունակ անմիջապես կողքին է եղել եւ հրաշալի հիշողություն ունի, նաեւ լավ գրականագետ է։ Կարծում եմ, այս տարի ձեռագրերի հարցն էլ պետք է լուծվի, որովհետեւ դրանք ազգային արժեք են եւ պետք է պահ տրվեն ապահով վայրում։ Հակառակ դեպքում դրանց ոչնչանալու վտանգը միշտ կա, նշեմ, որ 1990-ականների կեսերին երկու անգամ թալանվեց Շիրազի աշխատասենյակը։ Մենք դիմեցինք ոստիկանություն, բայց որեւէ բան չհայտնաբերվեց։ Միշտ էլ վտանգը կա եւ հրդեհի, եւ ջրի, եւ գողի, ցավոք, այդպես է։



 



- Իսկ պարզե՞լ եք՝ այդ թալանի հետեւանքով ձեռագրեր անհետացե՞լ են, եւ ի՞նչ արժեքավոր իրեր են գողացվել։



 



- Շիրազի մահվանից հետո կազմվեց հանձնաժողով Վարդգես Պետրոսյանի գլխավորությամբ, բայց Խորհրդային Միության փլուզումից հետո այդ գործը կիսատ մնաց։ Թղթապանակները համարակալված, մատյանված չէին, եւ մենք չգիտենք, թե ինչ են տարել, կամ ինչը չկա։ Այն երեւացող առարկաները՝ հուշանվերներ, արժեքավոր իրեր, տարել են, բայց մենք չգիտենք՝ դրանց հետ արդյո՞ք ձեռագրեր տարել են, թե՞ ոչ։



 



- Գյումրիում գործում է Շիրազի տուն-թանգարանը, բայց Երեւանում, որտեղ բանաստեղծն ապրել եւ ստեղծագործել է շուրջ կես դար, չունի տուն-թանգարան։ Նաեւ այդ հաստատությունում կարող էր խնամքով պահվել այն ամենը, որն ուղեկցել է բանաստեղծին իր ողջ կյանքի ընթացքում։ Չի՞ նախատեսվում ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքում բացել տուն-թանգարան։



 



- Մենք մշակույթի նախարարին ներկայացրել էինք ծրագիր, որտեղ կա կետ, որ Հովհաննես Շիրազի տունը, որտեղ նա ապրել է 50 տարի, վերածել տուն-թանգարանի. տունը մենք տրամադրում ենք։ Բայց, նախարարի խոսքով, դեռեւս ժամանակը չի, այն առումով, որ համապատասխան ֆինանսներ չկան, որովհետեւ թանգարան, մշակութային կենտրոն դարձնելու համար միայն բնակարանը բավական չէ, անհրաժեշտ է նաեւ ներքեւի հարկը, որը խորովածանոց է։ Այդ խնդիրը դեռեւս վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր ուզում լուծել, բանակցություններ տարվեցին այդ խորովածանոցի տիրոջ հետ, բայց ընդհանուր հայտարարի չեկան, գիտենք, որ Մաշտոցի պողոտայի վրա խորովածանոց՝ նշանակում է մեծ եկամուտ ունենալ, եւ պետբյուջեն չունի փոխհատուցելու այդքան հնարավորություն, եւ թողեցինք որպես ապագայում լուծելու խնդիր։ Իսկ Գյումրիի տուն-թանգարանը գործում է, համեմատաբար լավ վիճակում է, միայն տանիքի խնդիր կա, կաթում է, որի վերանորոգումն այս տարվա միջոցառումների շարքում է ներառված։ Թանգարանը տարեկան ունենում է 8-9 հազար այցելու, որը ոչ միայն Գյումրիի, անգամ Երեւանի համար է զգալի թիվ։ Այդ թանգարանը դեռեւս 1983 թվականին՝ իր ողջ ժամանակ են տվել հայրիկին։    



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ