Զավեշտը, ծիծաղը եվ մահը

Զավեշտը, ծիծաղը եվ մահը

«Զավեշտը վերադարձ է դեպի աննշանություն: Այն ավելի ցածրին խոնարհվող փոխաբերություն է»,- ասում է Ռոլան Բարտը: Զավեշտին բախվելիս (զավեշտ՝ այսինքն, «հրաշագեղ եռյակ»՝ Ս. Սարգսյան, Գ. Սահակյան, Հ. Աբրահամյան) արդարեւ տեսողության ու լսողության խաբկանք դժվար թե ունենանք: Սրա մասին նույնիսկ google.com-ը գիտի:



Անունները փնտրում ես, փնտրում ու մարդաբանորեն ներկայիս մարդկանց հետ առնչություն չունեցող օրգանակերպ բաներ ես տեսնում: Սկզբում վախենալի է, ապա սարսափելի, զզվելի, ամենավերջում՝ զավեշտալի, որից հետո սկսվում է ծիծաղը: Հայտնի է, որ երկար, կրքոտ ծիծաղը կարող է մահվան հանգեցնել: Ասում են՝ դարեր առաջ փիլիսոփաներից մի քանիսն այդօրինակ ինքնասպան են եղել՝ ընտրել են ծիծաղի առարկան ու ծիծաղից մեռնելով, հրաժարվել կյանքից: Ծիծաղը ստեղծված իրավիճակի եւ դրա գլխավոր համահեղինակների ուղղությամբ կրակահերթի ուժգնություն ունի: Նրանց վրա ծիծաղում են նույնիսկ երեխաներն ու տարեցները, շներն ու կատուները, կակտուսներն ու ցիտրուսները:



Հանդիպում ես մարդկանց, հիշում այս եռյակին, ու ծիծաղը պատրաստ է: Խոսվում է նրանց վարած «քաղաքականության», թողած արտահայտությունների, հակիրճ առարկությունների, մտածողության, երեւակայածին տենչերի ու մյուս բաների մասին, եւ ծիծաղը պատրաստ է: Ամեն դեպքում, ծիծաղը պատրաստ է, քանզի այն զավեշտալիության առաջին պատմական շրջափուլն է: Բայց այս ծիծաղը, ղժժալը, բացվելը, այս ամենը որտեղի՞ց է հնչում, ո՞րն է դրա բնուղին՝ անզորությունը, խեղճությունը, ցավը, հիասթափությունը, ատելությունը, զայրույթը, նողկանքը, սրտխառնոցը:



Ընտրության հնարավորություն կա: Մենք կարող ենք ընտրել որեւէ մեկն ու շարունակաբար ծիծաղել: «Հրաշագեղ եռյակն» անկենդան, տափակ բետոնե պատի է նման: Խոսքը եւ, ուրեմն, զավեշտալիորեն մեր կողմից նետված ծիծաղը հակադարձվում է, փոշիանում չսահմանված տարածության մեջ:



Տեւական ծիծաղը կաթված է կանխագուշակում: Բետոնե տափակ պատը ծնկի կգա միայն մուրճի ծանր հարվածներից՝ առանց ծիծաղի:



Արամ ՊԱՉՅԱՆ