Ո՞ւր է այն քեռին, որ կարողանա ազդել մորաքույր Հասմիկի վրա

Ո՞ւր է այն քեռին, որ կարողանա ազդել մորաքույր Հասմիկի վրա

Ուզում եմ, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը սա իմանա.



 



Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք



Թափառական աշուղին,



Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,



Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։



 



Մենք ամենքըս հյուր ենք կյանքում



Մեր ծնընդյան փուչ օրից,



Հերթով գալիս, անց ենք կենում



Էս անցավոր աշխարհից։



 



Անց են կենում սեր ու խընդում,



Գեղեցկություն, գանձ ու գահ,



Մահը մերն է, մենք մահինը,



Մարդու գործն է միշտ անմահ։



 



Գործն է անմահ, լա՛վ իմացեք,



Որ խոսվում է դարեդար,



Երնե՜կ նըրան, որ իր գործով



Կապրի անվերջ, անդադար։



 



Չարն էլ է միշտ ապրում անմեռ,



Անե՜ծք նըրա չար գործքին,



Որդիդ լինի, թե հերն ու մեր,



Թե մուրազով սիրած կին։



 



Ես լավության խոսքն եմ ասում,



Որ ժըպտում է մեր սըրտին.



Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,



Լավ արարքը, լավ մարդին։



 



Սա ես չեմ ասում, սա Հովհաննես Թումանյանն է ասում, տիկին Պողոսյան:



 



Մենք հայտնի ստեղծագործությունից այս հատվածը մեջբերեցինք, որպեսզի մեր մշակույթի նախարարը իմանա վերջապես՝ այնպես չէ, որ վատ գործերն անցնում են ու լավն է միայն հիշվում: Ստալինն էլ լավ գործեր քիչ չի արել, եկեք մոռանանք վատը: Կստացվի՞:



 



Մի խոսքով՝ Դուք ձեր տեղում չեք, հարգելի տիկին Պողոսյան, Դուք պատուհաս եք հայ մշակույթի գլխին: Լրագրության բոլոր ժանրերով գրել ենք արդեն այս մասին: Չի ազդում…



 



Մշակույթի նախարարը գտնում է, որ քանի դեռ Միկոյանի արձանը չկա, այդ հարցը (արձան դնել-չդնելու) իրեն ուղղելը սխալ է: Այսինքն ուզում է ասել՝ ինքը ի՞նչ կապ կարող է ունենալ Միկոյան երևույթի հետ, քանի դեռ վերջինիս արձանը որպես մշակույթի նմուշ չի հայտնվել Երևանում: Զավեշտն այն չէ, որ Տիկին Հասմիկն այդպես է պատկերացնում իր աշխատանքը, մենք դրան սովորել ենք, այլ այն, որ այս ցնդաբանություն-առաջարկը եկել է Երևանի քաղաքապետարանի ոչ ավել, ոչ պակաս՝ մշակույթի և կրթության հանձնաժողովի կողմից (կա նաև այդպիսի բան), որը, եթե ուղղահայաց կերպով չի էլ ենթարկվում, ապա առնվազն հանձնառու է մշակույթի նախարարության հետ որոշ հարցեր համադրել:



 



Մեր բազմաշերտ ու բազմամյա մշակույթին ամենահպանցիկ հայացք նետելու դեպքում էլ կնկատենք, որ մեր գործիչներից շատերն այսօր հուշարձան կամ իրենց անունով մի փողոց անգամ չունեն: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ նրանք օրինաչափորեն պետք է դուրս մնան ՀՀ մշակույթի նախարարության ու նախարարի իմացության սահմաններից: Տիկին Պողոսյանի ինտերվյուից դա է դուրս գալիս, ինչը, բնականաբար ճիշտ չէ:



 



Նա նաև առաջարկում է սուսուփուս քննարկել այսպիսի հարցերը՝ ուրիշները չիմանան: Հայ միջին կնոջ գաղափարաբանություն է սա: Իրեն թվում է, որ եթե ինքը նոր է իմանում Միկոյանի «չարաճճիությունների» մասին, ապա ուրիշները նույնիսկ գաղափար չունեն, թե ով է Միկոյանը և, հնարավոր է, մեր աղմուկից իմանան: Բայց չէ՞ որ Միկոյանի մութ գործերի մասին մենք իմացել ենք բացառապես Կրեմլի արխիվներից և հիմա, երբ որոշում ենք կայացրել ստալինյան դահճի արձան կանգնեցնել, դրանով արդեն այդ ուրիշներին ենք վրաներս ծիծաղեցնում:



 



Տիկին Պողոսյանի՝ ստորև ներկայացվող փոքրիկ հարցազրույցն իսկ բավական է, որպեսզի ԱԺ ներկայացվելիք ՀՀ կառավարության ծրագիրը առնվազն մշակույթի գծով մերժվի և մի կողմ նետվի, որովհետև Հայաստանում ոչ մշակութային քաղաքականություն կա, ոչ էլ մշակույթի համար պատասխանատու նախարարություն ու նախարար:



 



Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանի այդ բարձրագոչ հանձնաժողովին (մշակույթի և կրթության), ապա դրա կազմում հայտնված կիսմտավորականներին պետք է կցել Երևանի մաքրությամբ զբաղվող առաջավոր բրիգադներից մեկին: Զուտ աշխատանքային պրակտիկայի նկատառումներով: Այլսպես պարապսարապությունից նրանց գլուխներում միայն սևեռուն մտքեր են ծագում:



 



Էդիկ Անդրեասյան