ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք...

ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն զանգելիս զգուշացեք, որ սխալ հարցեր չտաք...

Այսօր առավոտյան 010-37-02-63 հեռախոսահամարով զանգահարեցի ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու համար, թե արդյոք այլ մարզում գրանցված քաղաքացին կարող է ելքի վիզան երակարացնել նշյալ գլխամասային հաստատությունում:



Վերցրեց մեկը (ըստ երևույթին` պահակային ոստիկանը) և պատասխանեց` այո: Մեծ քաղաքավարությամբ խնդրեցի ասել, թե կարող եք ինձ հուշել, թե քաղաքացին որ սենյակ պետք է մոտենա, քանի որ վերջինս տարիքով է և ծանոթ չէ շենքին: «Իյա~, կարողա ես պետք է հելնեմ հարցնեմ, թող մտնի շենք` ճշտի», ոստիկանին կամ ծառայողին ոչ հարիր, «քուչում պպզողի» ոճով պատասխանեցին ինձ ու դրեցին լսափողը:



Տպավորությունն այնպիսին էր, թե անծանոթ մեկը մտել է թաղը և այտեղի «լավ տղուն» ուղարկում է ծխախոտի: Անձնագրային և Վիզանորի վարչության այդ աշխատակից-ոստիկանը, եթե անգամ իրեն չէր վերաբերում հարցը (հապա էլ ում, եթե ինձ սփյուռից տվել են այդ համարը և ես իրավունք ունեմ ամեն հարցով զանգահարելու այդ հեռախոսահամարով), կարող էր դպրոց գնացած և ընտանիքում դաստիարակություն տեսած մարդուն հատուկ ձևով պատասխանել, ասելով. «Կներեք, դա իմ գործառույթների մեջ չի մտնում, դա Դուք պետք է մոտենաք, ճշտեք»:






Այս ծառայակիցն անգամ չվախեցավ, որ կարող է հանկարծ «վերևներից» մեկը դիմեր և ստուգեր իրեն: Մի պարզ, հասարակ բան, որը փչացրեց քաղաքացու տրամադրությունը ողջ օրը: Մենք բարձր ենք գնահատում Ոստիկանապետ Վ. Գասպարյանի իրականացրած բարեփոխումները, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ոստիկանության աշխատակիցների վստահությունը քաղաքացիների շրջանում, և սա այն դեպքն է, երբ «մի քոսոտ ոչխար գցում է ամբողջ հոտի անունը»: Այս պարագայում դժվար է ասել, թե ով է մեղավոր այս աշխատակցի նման խոսելաձևի համար` ընտանիքը, թե ոստիկանությունը, սակայն փաստ է, որ յուրաքանչյուր ոստիկան ինքնին հանդիսանում է համակարգի դեմքն ու դիմագիծը:






Վ. ՍԱՐԳՍՅԱՆ