Էլեկտրաէներգիայի թանկացումը շատ վատ է, բայց ավելի վատ բաներ կան

Էլեկտրաէներգիայի թանկացումը շատ վատ է, բայց ավելի վատ բաներ կան

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո մի քանի ամիս անթիրախ եւ անգործ մնացած քառյակը կրկին թեժ աշնան խոստումներ է շռայլում: Էլեկտրաէներգիայի թանկացման կետն ավելացնելով իրենց նախկին 12 պահանջներին, քառյակը դրանց կատարման համար ժամանակ է տվել՝ մինչեւ սեպտեմբերի 30: Այդ ժամանակ կքննեն կառավարության արած գործերը: Ուշագրավ է, որ մինչեւ աշուն հետաձգվեց նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:



 



Ի՞նչ է լինելու Հայաստանում հոկտեմբերին, եւ ի՞նչ կապ կա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նոր ժամկետի ու ներքաղաքական թեժ աշնան սպասումների միջեւ: Հատկապես եթե նկատի առնենք, որ քառյակի գործողություններն արդեն մի անգամ ներդաշնակվել են Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, որի արդյունքում Հայաստանում տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: Այս աշնանը իշխանափոխության խոստում է տրվում, բայց միայն երկուսի՝ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» կողմից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ի տարբերություն գործընկերների, այդ մասին դեռ չեն հայտարարում:



 



Նրանք սպասում են «աշխարհաքաղաքական շրջադարձային զարգացումներին», ինչի մասին երեկ մեզ հետ զրույցում խոստովանեց ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նույնպես չի մտահոգվում «գնացքը բաց թողնելուց»: «Պատեհ պահը պետք է գա»,- ասում է նա եւ կատակում. «Է, որ ասեմ որն է լինելու պատեհ պահն ու երբ է լինելու, էլ ի՞նչ պատեհ»: «Կոնկրետ ի՞նչ «վտանգավոր» գործընթացներ են զարգանում, որոնց հանգուցալուծումը կարող է իշխանության համար լուրջ սպառնալիք դառնալ» մեր հարցին ԲՀԿ-ական պատգամավորը կրկին անորոշ պատասխան է տալիս. «Վտանգավոր՝ ոչ մի բան, բայց տեսնում եմ, որ Հայաստանը լուրջ մրցակցային դիրք պետք է ունենա, իր տեղն ամրապնդի, ընդլայնի, մրցակցությանը կարողանա արժանագույնս մասնակցի»: Մեր հարցապնդումներից հետո նա փոքր-ինչ բացեց «խաղաթղթերը», որ պայքարը ոչ թե աշնանն է լինելու, այլ պայքարի ձեւն է տարբեր լինելու. «Կարող ա դու ամռանը ծրագրեր, առաջարկներ մշակես, ավելի մասնագիտական համալսարաններում աշխատես, աշնանը խորհրդարանում աշխատես կամ, ասենք թե, հանրահավաքներ անես: Վերջը, ջերմաստիճանն էլ է, չէ՞, տարբեր, ամռանն ուրիշ է, աշնանը՝ ուրիշ»: Այսինքն՝ ամռանը շոգ է եւ թեժացնել հնարավո՞ր չէ։ «Ես ամառ, ձմեռ թե աշուն՝ չեմ տարբերում թեժի կամ ոչ թեժի իմաստով, եթե կա ցանկություն, կան խնդիրներ, դրանց շուրջ աշխատում ենք, հիմա դա աշուն է, թե ձմեռ, մեզ համար որեւէ նշանակություն չունի»,- հայտարարեց ԲՀԿ-ականը:



 



«Կապրենք՝ կտեսնենք». աշնանն սպասվող «հեղափոխական» իրադարձությունների մասին լիակատար անտեղյակության մեջ էր ՀԱԿ անդամ Վահագն Հայոցյանը. «Կոնկրետ չեմ կարող ասել ինչ վտանգավոր զարգացում, բայց իշխանությունների բռնած քաղաքականությունը դրան է տանում՝ սկսած Եվրասիական միությանն անդամակցելու քայլերից, վերջացրած Եվրամիություն, անորոշություն է: Նախագահը չգիտի ինչ անի, ոնց անի, այսինքն, ես այսօր գնահատեմ այն, ինչ իրե՞նք չեն հասկանում: Կապրենք՝ կտեսնենք, էլի»:



Պայքարը հետաձգելու նպատակահարմարության եւ այլոց մեղադրանքներին ի պատասխան, Հայոցյանը ցնցող մեկնաբանություն ունի. «Ճիշտն ասած՝ էլեկտրաէներգիայի թանկացման նման հազարավոր բաներ կան, ընենց որ, էլեկտրաէներգիայի թանկացումը շատ վատ է, բայց ավելի վատ բաներ էլ կան»: Օրինակ ի՞նչ։ «Սպասեք՝ կտեսնեք, էլի, կկուտակվի գուցե, էլ ավելի վատ բան կլինի, որ փորձենք իրար հետ կապել»: Ինչո՞վ կավարտվի «թեժ աշունը», ո՞ւմ հրաժարականով։ «Մեր նպատակն իշխանափոխությունն է: Մյուսներն էլ կամաց-կամաց կգան դրան, երբ տեսնենք, որ 12 կետերը չեն կատարվում, բա էլ ի՞նչ պետք է անենք»: 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]