Հայաստանի ու Վրաստանի վարչապետները ամփոփել են հանդիպման արդյունքները

Հայաստանի ու Վրաստանի վարչապետները ամփոփել են հանդիպման արդյունքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ:



ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, կրթությանը, մշակույթին առնչվող մի շարք հարցեր:



Հատուկ ընդգծվել է հայ-վրացական միջկառավարական հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, շահագրգիռ քննարկումներ են ընթացել, մանրամասն քննարկվել է սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես Բագրատաշեն-Սադախլո անցակետի հետ կապված հարցեր:



«Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարսում տեղի ունեցած սողանքը վերացնելու հարցերը: Բանակցությունները ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ ու կառուցողական մթնոլորտում»,-ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:



Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համատեղ հայտարարության ժամանակ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ ջերմ ընդունելության համար և նշել, որ հանդիպման ընթացքում համաձայնության են եկել այն հարցում, որ էլ ավելի պետք է խորացնել Վրաստանի ու Հայաստանի միջև գոյություն ունեցող սերտ համագործակցությունը, և տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում:



«Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում առևտրաշրջանառությունը 42%-ով ավելացրել ենք. այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունները զարգանում են, ինչը կշարունակենք: Շատ կարևոր է, որ մեր երկրների միջև ոչ միայն բարձր մակարդակով հանդիպումներ ընթանան, այլ նաև գերատեսչությունների միջև: Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ, ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա, և համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ կանենք, որպեսզի խորացնենք այս ուղղությամբ համագործակցությունը»,- ասել է Վրաստանի վարչապետը:



Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ, որը կկոչվի «Բարեկամության կամուրջ»:



Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նաև երեկ Վերին Լարսում արձանագրված սողանքին և դրա հետևանքներին: «Արդեն երկրորդ անգամ է արձանագրվել սողանք. մենք պատրաստակամություն հայտնեցինք, որ երկու-երեք օրում կվերականգնենք գազի մատակարարումը»,- ասել է Ղարիբաշվիլին:



Նշենք, որ լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չընձեռվեց:



Ասենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:



Հայաստանի և Վրաստանի վարչապետները ողջունել են երկու երկրների կառավարությունների անդամներին և ուղևորվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:



Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այնուհետև Իրակլի Ղարիբաշվիլին եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում:



Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։