Քաղաքային գայլերը՝ տափաստանում

Քաղաքային գայլերը՝ տափաստանում

«Տափաստանի գայլը հիսունին մոտ մարդ էր, որը մի քանի տարի առաջ երեւաց մորաքրոջս տանը եւ հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով մի սենյակ եւ կողքի նեղլիկ ննջախուցը, մի քանի օր անց նա վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով եւ ապրեց մեզ մոտ ինը, թե տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, եւ եթե չլիներ մեր ննջասենյակների հարեւանությունը, որի հետեւանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց, քանի որ այդ մարդը շփվող չէր, անմարդամոտությունն անսովոր չափի էր: Նման բան ես չեմ նկատել ոչ մեկի մոտ. նա, իրոք, ինչպես ինքն էր իրեն երբեմն անվանում, տափաստանի գայլ էր, օտար, վայրի, վեհերոտ, անգամ շատ վեհերոտ մի գոյություն այլ աշխարհի, որը տարբեր էր իմից: Թե որքան խոր մենակության մեջ էր նա թաղել ինքն իրեն սեփական հակումների ու ճակատագրի հետեւանքով եւ թե որքան գիտակցորեն էր նա ընկալում այդ մենակությունը՝ իբրեւ իր ճակատագիր, անշուշտ, իմացա միայն նրա թողած գրառումներից»:



 



Երեւանում Հեսսեի գայլերն ամեն քայլափոխի կարող են պոկել դեմքդ, կտրել ճանապարհդ, մեղադրել քեզ իրենց ծանր, անհույս լռությամբ: Գայլերի համար Երեւանը կարող է լավագույն տափաստաններից մեկը լինել ու կա:



 



Գերմանացի արձակագիր Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպի հերոս Հարի Հալլերը (Երեւան-2014, «Անտարես» հրատարակչություն, թարգմանությունը գերմաներենից, առաջաբանը եւ ծանոթագրությունները` Արա Առաքելյանի) չի կորցրել ոչ իր արդիականությունը, ոչ առօրեականությունը եւ ոչ էլ «սատանայական հմայքը»:
Անձնապաշտության հասնող արհամարհանք իր կյանքի ու շրջապատող աշխարհի հանդեպ: Ժամանակակից աշխարհը, որ իբր ունակ չէ հասկանալու «բարձր» արվեստի երկրպագուին, նրա հոգեկան խռովքի անսահմանությունը նրա մենակությունն ու օտարվածությունը, նրա անձնադրությունը:



 



«Ոգեղենությունը» կորցրած ժամանակակից, մեքենայացված աշխարհը, որ մերժում է քաղաքի փողոցներով քայլող իր «անզուգական հանճարին», օտարում, առանձնացնում է իր բնույթին անհամապատասխան մարմինն ու հոգին:



 



Բիթնիկների գլխավոր արձակագիր Ջեք Քերուակն իր «Բիգ-Սուր» վեպում, մեղմ ասած, ոչ այնքան բարեձայնությամբ է արտահայտվում Հեսսեի «Տափաստանի գայլի» մասին: Նրա կարծիքով, Հարի Հալլերը տաղտկալի, անհաջող, ինքնահռչակ կերպար է. մեկը, որի սահմանումը հրաշալիորեն տվել է Ֆյոդոր Դոստոեւսկին` դեռ մի դար առաջ:



 



Եթե ժամանակակից աշխարհն այլեւս զրկված է առարկայական թվալու միջոցներից, քաղաքային գայլերին մնում է ընդամենը մի քայլ` ճանապարհ դեպի տափաստան…. հակոտնյա ներամփոփում, վստահություն, որ սեփական մարմնի ու հոգու մեջ դեռ մնացել է պայքարի ու որոնման ցանկությունը: