Հայաստանը՝ բառի մեջ

Հայաստանը՝ բառի մեջ

Երեկ Երեւանի Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Հայաստան» բանաստեղծական ժողովածուի անթոլոգիա-շնորհանդեսը: Ժողովածուն ամփոփում է հայ դասական եւ ժամանակակից բանաստեղծների Հայաստանին նվիրված բանաստեղծություններից նմուշներ՝ սկսած Ղեւոնդ Ալիշանից մինչեւ Հուսիկ Արա:



Ժողովածուն տպագրվել է պետական պատվերով, այն կազմել են գրող, հրապարակախոս, մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը եւ գեղագետ, արվեստաբան Լեւոն Լաճիկյանը «Փորձել ենք կազմել մի ժողովածու, որտեղ հավաքված կլինի անցյալ եւ ներկա բանաստեղծների խոսքը Հայաստանի մասին: Ժողովածուն շատ ամբողջական չէ, բայց կարծում եմ, որ լավագույնն է ընտրված, եւ արժե մտածել հետագայում լրացնելու մասին: Աշխատել ենք ամբողջական ներկայացնել եւ անցյալի, եւ Սփյուռքի, եւ այսօր Հայաստանի հողի վրա ստեղծագործող բանաստեղծներին: Եվ այսօրվա միջոցառումն էլ ցույց տվեց, որ այս ժողովածուն կազմելը ճիշտ էր, քանի որ դրա կարիքը կա: Ինչը հատկապես զգացվեց բեմից ասմունքող աշակերտների ապրումներից: Զգացումներ կան, որ բառային ձեւակերպում չունեն, այսօր հենց այդ զգացումն էր Հայաստանով լցված դահլիճում, թեպետ բառերով էր կերտված այդ Հայաստանը»,- ասում է Սեյրանուհի Գեղամյանը:



Իսկապես դպրոցականները՝ տարբեր դասարաններից, անկեղծ ու ազնիվ ապրումով արտասանում էին Հայաստանին նվիրված տարբեր բանաստեղծություններ՝ զգալով իրենց բաժին հայրենիքը: Իսկ դահլիճում մեծից փոքր բուռն արձագանքում էին, երբ հատկապես էկրանից հնչում էր Հայաստանին նվիրված երգ ու երաժշտություն, եւ դրանք ուղեկցվում էին տեսարժան վայրերով ու ազատամարտը ներկայացնող տեսարաններով: Զարմանում ես, եթե այդքան բուռն սեր կա Հայաստանի նկատմամբ, եւ այդքան սուր են արձագանքում՝ կարեւորելով երկիրը, էլ ինչո՞ւ են արտագաղթում: Շշմելու ժողովուրդ ենք:



«Սեյրանուհին ասաց, որ պետպատվերի շրջանակներում մի գիրք դուրս է մնացել, եւ փոխարենը պետք է «Հայաստան» ժողովածուն տպագրենք: Սեղմ ժամկետում ենք հավաքել ու կազմել, շատ դժվար էր, կարող եմ քննադատաբար ասել, որ ինձ շատ չի գոհացնում, բայց իր տեսակի մեջ հայրենասիրական խտացված արտահայտություն եղավ: Եվ հիմա նոր գաղափար է առաջացել իմ մեջ, որ ավելի լայնացնեմ ու ամբողջացնեմ գիրքը՝ ընդգրկելով մեր միջնադարյան բանաստեղծներին նաեւ: Առաջաբանն արդեն պատրաստ է, հուսամ, որ առաջիկայում կունենանք համալրված ու ամբողջական տեսքով «Հայաստան» ժողովածու»,- հույս է հայտնում Լեւոն Լաճիկյանը:



Հուսանք, որ այսուհետ Հայաստանը, ինչպես բառերի մեջ ենք սիրում, այնպես էլ կսիրենք ու կապրենք իրականում:



Ֆելիքս
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ