Անկախության օրը՝ ներսում

Անկախության օրը՝ ներսում

Անկախության օրը կարդալու բան շատ կա: Հիմնականում փառաբանումներ, շնորհավորանքներ, ինքնանկարներ, անցած օրերի լայն համայնապատկեր:
Անկախությունը դիտարկվում է որպես հիշողություն՝ կենսագրություն վերանորոգված հին աշխարհի, ազատագրման պատմություն, որտեղ յուրաքանչյուր ոք պատմության հերոսն է՝ պատմության նոր կերպագրությունը:



Այն, ինչը ներսում է ծնվում ու գնում է դեպի ներս, առանձնակի հմայք ունի: Էսսեներով, ակնարկներով, ուղեգրություններով սղված անկախության պատմությունը վերընթերցվում է հաճելիորեն, որովհետեւ տեսնում ես անկախության մանկությունը, մոտենում նրան: Քեզ թվում է՝ երկարաժամկետ լռությունից լսվում է սպասված խոսքը: Հովհաննես Թումանյանն իր հոդվածներից մեկում գրում է.



«Բավական էր:
Հայաստանը պետք է խոսի վերջապես:
Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլեւ էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով եւ ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար»:



Ներսում 23-ամյա Անկախությունը խոսքով եւ փառավորվում է, եւ գնահատվում է, եւ արժեւորվում է, եւ սահմանվում: Դրսում՝ փողոցներում, հրապարակներում ու պուրակներում, հասկանալի աշնանային մթնոլորտում անտրամադիր, բայց բարձր տրամադրություն ապահովող եղանակ է: Պարացնողները պարացնում են, երգողները՝ երգում, ինչպես միշտ՝ անզգայացնող կրկնությամբ: Եվ ներսն ու դուրսն այդպես էլ չեն հանդիպում: Իսկ երբ հանդիպեն, գուցե Հայաստանը խոսի վերջապես: Եվ այն, ինչ գրվում է ներսում, գուցե բեմից իջեցնի ապաշնորհ պարացնողների ու երգողների ձայնը: