Բարձրացրու ջրի վրայով քայլող իշխանին

Բարձրացրու ջրի վրայով քայլող իշխանին

Ինչքան մոտ են, համարյա ազգակիցներ ու տարեկիցներ են հիասթափությունն ու հավատը, որոնք զինվորի նման փոխարինում եմ միմյանց խաղի ամենածանր, գրեթե անելանելի իրավիճակի մեջ նեցուկ լինելով՝ գտնում երկխոսության ուղիներ: Եվ նրանք` այդ հուսահատությունն ու հավատը, իրար համար էլ ապրում են մեկը մյուսին արժեւորելու անհաս երազանքներով: Վարդան Մամիկոնյանի սրբացումն ու Վասակ Սյունու նկատմամբ պղծասիրության հյութերը, որ խելագարված գետի նման ողողում են ամբոխի միտքն ու սիրտը: Դպրոցներից սկիզբ առնող կասկածելի դավաճանների եւ կասկածելի մարտիրոսների դատավարությունը, որ կառուցում է հասարակական-քաղաքական ողնաշարը: Եվ ահա, սրբացման ու պղծասիրության այդ օձաքաղցր գետը շշնջում է.
«Հավատա, սիրիր, բարձրացրու այս ջրի վրայով քայլող իշխանին, քանզի նա է սուրբ ընտրյալը, ասինքն նա է անկումը, նա է պիղծը: Եվ թույլ տուր, որ քեզ իր ետեւից տանի մինչեւ խորը անդունդի շուրթը»:



Հիասթափությունն ու հավատը (ոչ սերն ու ատելությունը), արդեն քանի տասնամյակ է, որ սրանք անվերապահորեն առաջնորդում են, քայքայում, կազմաքանդում մտքի իսկական շարժմանը: Պաշտելու աստիճան սիրելով նորանկախ պետության ղեկավարներին` սրբացնելով նրանց, եւ ահա հետո, տարիների ընթացքում, ծանր փորձությունների շղթայի մեջ հիասթափության ցուցանքը` եւ զզվանքը, եւ հերյուրանքը, եւ նենգությունը, եւ դավադրությունը, եւ վերջինը` պղծության սահմանումը.
«Հավատա, սիրիր, բարձրացրու եւ պղծիր ջրի վրա անհարթ քայլող իշխանին»:
Իսկ հետո օրերը խախալամիտ ժամանակներին կպատկանեն, ամեն ինչ կփոխվի: Մոռացությունը դանդաղորեն իր տեղը կզավթի, կքաշի, կմաքրի պղծության խարանը` կպսակի լույսով ու կընծայի վերադարձի մի նոր ճանապարհ:



Պետության հիմնադիրներին, նրա պետության հիմնադրին, մեր առաջին նախագահին ցնծությամբ կդիմավորեն, կհավատան, որ կհիասթափվեն, կհիշեցնեն ինչ-որ եղելություններ, կկրկնեն` «Հավատա, սիրիր, բարձրացրու եւ պղծիր ջրի վրա «անհարթ» քայլող քո իշխանին»: Եվ ովքեր էին հավատացողներն ու հիասթափություն ապրողները:
Իսկ հետո կգա հտպիտների, գավառ-արքունական ծաղրածուների «հույս ներշնչող» ձայների զորագունդը` գեղամյանների, բաղդասարյանների, րաֆֆիների, սեթեւեթ դաշնակների ծաղկաբույլերով, եւ հիմա հերթը ծառուկյաններինն է, որոնք պղծության շեմից քայլերով առաջ են շարժվում դեպի կարեւորագույն առաքելությունը, որին գուցե հավատան, սիրեն, բարձրացնեն, որ կրկնեն հին պատմությունը` հիասթափության ու հավատի` բնաջնջող իսկական մտքի շարժումը:
Եվ ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում հիասթափվողներն ու հավատացողները: