Հանրահավաքի գաղափարը, միտքը, ուժը վատնեցինք տարիների ընթացքում

Հանրահավաքի գաղափարը, միտքը, ուժը վատնեցինք տարիների ընթացքում

Ընդամենը մի քանի օր է մնացել հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի կողմից կազմակերպվող համապետական հանրահավաքին, որին, անկախ քաղաքական հայացքներից, սպասում են շատերը:



Դերասան Երվանդ Մանարյանի համար դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, որովհետեւ. «Շատ երկար եղավ ընդմիջումը, եթե ժողովուրդն իսկապես ոտքի կանգնելու է՝ կլինի, եթե չէ՝ որեւէ որոշում կամ կանխատեսում չի կարող օգնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է ժողովուրդը տրամադրված: Հանրահավաքները որոշումների հետեւանք լինել չեն կարող, դրանք սովորաբար անարդյունավետ են, երբեմն նույնիսկ՝ ձախողված: Հանրահավաքն այն ժամանակ է արդյունավետ, երբ ժողովուրդն իրոք որոշում է ոտքի կանգնել եւ իր հարցերը թելադրել: Ցավոք սրտի, մենք սովորել ենք մեր հարցերը լուծել բացակայության միջոցով: Երկրից հեռանում ենք եւ կարծում ենք, որ շատ կարեւոր քայլ կատարեցինք, սա շատ տխուր իրողություն է, որ տարիների ընթացքում որդեգրեցինք: Ցավոք, տարիների հետ դժվար է ակնկալել, որ ժողովուրդը մի անգամ ոտքի կկանգնի եւ իր հարցերը կթելադրի: Այս տարիների ընթացքում ամեն անգամ կիսատ-պռատ քայլեր արվեցին, ոտքի կանգնեցինք, դուրս եկանք փողոցները, քայլեցինք-քայլեցինք եւ հետո այդ հանրահավաքի գաղափարը, միտքը, ուժը մենք վատնեցինք տարիների ընթացքում»:
Դերասանի կարծիքով, անշուշտ, ինչ-որ մի բան փոխվելու է, բայց այն մեծ հանրահավաքը, որ ենթադրվում է, կստացվի թե չէ՝ դժվար է ասել. «Այս կարգի հանրահավաքները լավ են նրանով, երբ արմատական բան են փոխում, թե չէ ամեն անգամ էլ մի բան փոխվում է, մի քիչ իշխանությունն է մատը կծում, մի քիչ ժողովուրդն է սովորում ինչպես վերաբերվել, բայց դա այն չէ»:
Հանրահավաքների դեպքում ամեն անգամ քննարկվում է նաեւ դրանց մարդաշատ լինելու հարցը, ինչը, Մանարյանի դիտարկմամբ, մի քիչ անորոշ հասկացողություն է. «Մարդաշատ, նայած թե քաղաքում քանի հոգի է մնացել, եթե 10 հոգուց 8-ը գալիս է՝ մարդաշատ է, իսկ եթե 10 հազարից գալիս է ընդամենը 2 հազարը, արդեն մարդաշատ չի: Այնպես որ, դա լայն հասկացություն է, դժվար է որոշակի բան ասել, հուսանք, որ մարդաշատ կլինի: Հուսանք, որ քաղաքական գործիչները որոշել են եւ այս մի հանրահավաքով իրոք հարց են լուծելու, ու ժողովուրդն էլ կատարվելու այդ զգացողությունն ունենա, այ, այդ ժամանակ կարելի է հուսալ»:



Երաժիշտ Արտավազդ Բայաթյանը չի գնալու հանրահավաքի եւ կարծում է, որ դա թատրոն է, որին մասնակից չի ուզում լինել. «Ես մարզերում շատ եմ լինում ու կարող եմ ասել, որ նախեւառաջ մենք մարզերը պետք է վերակենդանացման ենթարկենք, թե չէ մեռած մարդուն հանես-տանես հանրահավաք, դա ծիծաղելի է: Եթե ինչ-որ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում մարզերում, ապա ես շատ տեղեր եմ գնացել ու գիտեմ, թե ինչ է կատարվում, տեսել եմ մարդկանց անհուսալի, նողկալի վիճակը, նախեւառաջ պետք է մարդկանց մի հատ բուժել, հետո նոր ասել՝ արի ոտքի կանգնի: Թե չէ այսպես, չգիտեմ՝ մեռածների հանրահավաքն ո՞ւմ է պետք, այդպես ամեն տեղ էլ կարող են հանրահավաք անեն իրենց պաշտոնների համար: Ես, ճիշտն ասած, այդքան չեմ էլ ընկալում այդ կոալիցիան, որ ստեղծվել է, որովհետեւ, ինչքան հասկանում եմ, բոլորն էլ իշխանամետ են այնտեղ, ու չեմ հասկանում, թե ինչ ստից ներկայացումներ են անում: Ես չեմ հավատում, որովհետեւ իրենք հավատալու անգամ ոչ մի պատրվակ չեն տվել»:
Ինչ վերաբերում է մարզային հանրահավաքներին, ապա, ըստ Բայաթյանի, մարզերի բնակչությունը կտրուկ նվազել է. «Կարելի է ասել՝ ամեն 2-րդ մարդն արդեն մարզում չի, նույնիսկ տեղեր կան, որ ավելի շատ, տեղեր էլ, որ ընդհանրապես գյուղով դատարկ են: Ես չգիտեմ՝ այդ հանրահավաքներն ինչ են տալիս, եւ ում հետ ենք հանրահավաք անում, երբ երիտասարդ մասը դուրսն է: 



Այդտեղ գալիս են մարդիկ, ովքեր արդեն թոշակի են անցել, ու փոխանակ այդ մարդիկ իրենց վերջին տարիների հանգիստը վայելեն, իրենց ասում են՝ եկեք հանրահավաքի: Բայց գնա հանրահավաքի, ինչի՞ համար, որ ինչ-որ մեկը պաշտոն գրավի ու նույն բա՞նն անի»:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, Բայաթյանը նշեց, որ դրանք բարեփոխումներ են, որոնք ուղղված են այն մարդկանց շահերն սպասարկելուն, ովքեր իշխում են. «Բոլոր օրենքներն ընդունվում են, որ իրենց իշխանությունը, փողերը, ունեցվածքն ավելի հարուստ ու հավերժական դառնան, բայց ես ուզում եմ ասել, որ այս աշխարհում հավերժական ոչինչ չկա, այդքան ժամանակ ծախսելու տեղը կարելի էր շատ օգտակար գործ անել: Իսկ թե ինչ հարցեր են քննարկվում ու ինչ հերթականությամբ, դա էլ եմ հասկանում. ինչ փող դրսից տրվում է, այդ հարցերն էլ քննարկվում են: Արմատական փոփոխություն ես բացարձակ չեմ սպասում»: 



Թե ինչ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից, երաժիշտը դժվարանում է ասել. «Ես հասկանում եմ, որ մենք բոլոր հարցերում փակուղի ենք մտել, այդքանը պարզ երեւում է եւ ակնհայտ է, իսկ ելքը չգիտեմ… կամ մեզ հերթական անգամ մատաղ կանեն գերտերությունները, կամ էլ Աստված կիջնի, մեր ձեռքը կբռնի ու կփորձի պահել, որ մենք վերջնականապես չվերանանք մեր ձեռքով: Ֆրանսիացիները մի լավ ասացվածք ունեն՝ մատնիչը կլինի մեզանից, ու միշտ այդպես է եղել, պատմությունն անընդհատ կրկնվել է ու այդպես էլ կգնա: 3 հոգի գնում են հանրահավաքի, 3-ից 2-ը մատնում են այդ մեկին, եւ այդպես շարունակվում է»: